Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք ազատ էինք, որտեղ ուզենայինք՝ կգնայինք». ՊՊԾ գնդի «պատանդ» բուժքրոջ ցուցմունքը՝ դատարանում

Փետրվար 05,2019 18:40

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստին, վերջապես, հարցաքննվեց այն բուժքույրը՝ Մալինա Մարգարյանը, որը ենթադրաբար պատանդ է եղել ՊՊԾ գնդում 4 օր շարունակ:

Նա դատարանում այնպես նկարագրեց, կարծես պատանդի կարգավիճակ չի ունեցել, ազատ են եղել, ընտանիքի անդամների հետ հատուկ կապի միջոցով խոսել է, հանգիստ սնվել է, իրեն հսկող չի եղել: Իսկ դա հակասում էր ՀՔԾ-ին տված իր ցուցմունքին:

Նախաքննական ցուցմունքում ասել էր, որ իրենց ՊՊԾ գնդում դիմավորել են զինված անձինք: Ասել էր, որ «այնտեղ պահանջել են հեռախոսները տալ իրենց, բժիշկ Դավիթ Տոնոյանի, Նորայրի ու Սալվադորի հեռախոսները վերցրեցին»: Ասել էր, որ զինված խմբի անդամները հսկել են իրենց՝ նշել, որ Վարուժան Ավետիսյանն է հաճախակի գնացել ու հսկել իրենց բուժկետում: Նա վստահեցրել էր, որ իրենց ՊՊԾ գնդի տարածքում պահել են հարկադրաբար՝ իրենց կամքին հակառակ. «Մենք որեւէ ցանկություն չենք ունեցել մնալ այնտեղ 4 օր, մենք նրանց անընդհատ խնդրում էինք բաց թողնել, նրանք ասում էին՝ փոխարինող գա, բաց կթողնենք, պահանջում էին,որ գա առողջապահության նախարարը»: Ըստ նախաքննական ցուցմունքի, բուժքույրն ասել էր, որ նույնիսկ սանհանգույցից օգտվելու ժամանակ «Սասնա ծռերի» հսկողության տակ են եղել, սնվել են զինված անձանց կողմից խաշված կարտոֆիլով, որը բերել էր, հավանաբար, Հաց բերողը, կամ ղեկավարության կողմից բժշկական պայուսակներով ուղարկված ուտելիքն են կերել: ՊՊԾ գնդից իրենց հեռանալը այնպես է նկարագրել, որ մեծ ռիսկի են դիմել, որովհետեւ չգիտեին, թե իրենց հետ ինչ կանեին զինված խմբի անդամները, փախուստ է նկարագրել: Մինչդեռ դատարանում ասաց, որ ինքն ու Նորայրը զբոսնելով իրենց համար դուրս են եկել, իրենց ոչ ոք չի հսկել:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված հանգամանքների այլ կերպ ներկայացնելը՝ նա պատասխանեց, որ երկու տարի է անցել, չի հիշում:

Դատավորը հարցրեց՝ կարելի՞ է եզրակացնել, որ դուք փախել եք գնդի տարածքից՝ նա պատասխանեց. «Չեմ իմանում, փախնե՞լ ա կոչվում դա»:

Նա ասաց, որ կրակոցների ձայներ է լսել, թե ո՞ր տարածքից, ասաց՝ «մոստի կողմից, աղմուկ-աղաղակ էր լսվում»: Հարցին՝ Անդրիաս Ղուկասյանի գործողություններից տուժե՞լ եք, նա պատասխանեց՝ բացարձակ, նա տեղյակ չէր անգամ, թե ինչում է մեղադրվում Անդրիաս Ղուկասյանը:

Դատավորը Վարդան Գրիգորյանը հարցրեց՝ ասացիք, որ զուգարանը գտնվում էր դրսում, ձեզ ուղեկցո՞ւմ էին զուգարան գնալիս՝ նա պատասխանեց, որ «բացարձակ, մենք ազատ էինք, որտեղ ուզենայինք՝ կգնայինք»:

Հարցին՝ ձեր բուժկետի մուտքի մոտ հերթապահություն իրականացրե՞լ են՝ նա պատասխանեց. «Ոչ թե բուժկետի մոտ, այլ տղաները պատերի տակով պտտվում էին, բայց մենք ուր գնում էին՝ ջրի գնայինք, ուր գնայինք, չեն ասել՝ ո՞ւր եք գնում, չի կարելի, մի գնացեք: Ես իրենցից չէի վախենում»: Դատավորը հարցրեց՝ դա ձեր անհատակա՞ն բանն է, թե՞ իրավիճակն էր այդպիսին՝ կինը պատասխանեց, որ իրավիճակն էր այդպիսին, տղաները այդպիսի «սիտուացիա չէին ստեղծել»:

Դատավորի դիտարկմանը, որ ըստ էության, ձեզ պահում էին այնտեղ, ձեր իրավունքները սահմանափակում էին, չէին թողնում դուրս գաք՝ բուժքույրն արձագանքեց. «էդ արդեն չեմ կարող մեկնաբանել»: Որքան էլ դատավորը հարցուփորձ արեց, թե ո՞նց էիք քնում, որտե՞ղ, ո՞նց էիք սնվում, զանգում ՍԱՍ-ից պատվիրո՞ւմ էիք, բուժքույրը պատասխանեց, որ իրենց ղեկավարությունը սնունդ իրենց ուղարկում էր ու դժգոհ չեն եղել նաեւ այդ հարցում. «Ահագին ուտելիք էին բերել, մեզ բավարարել է էդ ուտելիքը, ո՞վ ախորժակ ուներ ուտել»:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի տարածած տեսագրության մեջ, որտեղ բուժքույրը ՊՊԾ գնդից դուրս գալուց հետո պատասխանում է հարցերին, վստահեցնում է, որ շատ է խնդրել, որ գոնե իր աղջկա 30-ամյակին թույլ տան մասնակցի, չեն թողել ՊՊԾ գնդից դուրս գալ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728