«Նիկոլ Փաշինյանը հստակ վերադարձավ այն ձևաչափին, որ առանց Արցախի նա ոչինչ չունի խոսելու Ալիևի հետ, քանի որ ինքը չի ընտրվել Արցախի բնակչության կողմից»,- խոսելով Ն. Փաշինյանի՝ Գերմանիայում Արցախի հարցի շուրջ արված հայտարարությունների և Մերկելի՝ վարչապետի խիզախ քայլեր ձեռնարկելու որակումների մասին՝ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Ըստ նրա՝ Արցախի հարցի շուրջ բավականին լուրջ ձևափոխություններ եղան Նիկոլ Փաշինյանի մոտեցումներում և հայտարարություններում: Բանախոսը նկատեց, որ շատերը սկզբնական շրջանում անհանգստացած էին այն հարցով, թե, ի վերջո, ինչ է ուզում նոր իշխանությունը Արցախի հարցում. «Սա պայմանավորված էր նրանով, որ իշխանությունը փորձում էր հնարավորինս անտեղյակ պահել հասարակությանը այս հարցի շուրջ զարգացումներից: Մանավանդ երբ Փաշինյանի շրջապատում սկսեցին հայտնվել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարակիցները, կասկածներ եղան Արցախի հարցի շուրջ՝ հաշվի առնելով ՀՀ առաջին նախագահի հայտնի մոտեցումները, որոնք «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածից հետո չեն փոխվում»:
Պարոն Հակոբյանի կարծիքով՝ Փաշինյանը մի քանի անգամ Ալիևի հետ շփվելուց հետո, Մինսկի խմբի շրջանակներում 2 կողմերի արտգործնախարարների միջև հանդիպումներից հետ ի վերջո հասկացել է՝ ինչ են իրենից ակնկալում թե Ադրբեջանում, թե որոշ գերտերություններում. առանձնապես որևէ շանսեր չեն երևում:
«Վերջին մի քանի օրերին Գերմանիա մեկնելուց առաջ իր մոտեցումները այս թեմայի շուրջ կոշտացան: Հիմա ուղղակի Նիկոլ Փաշինյանը փորձեց վերադարձնել իր այն ստատուս քվոն, որ Հայաստանն է պատրաստ բանակցությունների և կարող է խոսել ինչ-որ փոխզիջումների մասին, եթե Ադրբեջանը ևս իր կողմից պատրաստ է փոխզիջման: Կարծում եմ՝ Մերկելը, խիզախություն ասելով, սրա մասին էր խոսում»,- նշեց Վ. Հակոբյանը:
Վերջինս նկատեց, նաև որ Արցախի բանակցային գործընթացում խոսել ինչ-որ վերջնական մոտեցման մասին անհեռանկարային է, իսկ Ն. Փաշինյանի դիրքորոշումը լինելու է այն, որ առանց Արցախի ինքը հարց չի կարող լուծել, առավել ևս, երբ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ Արցախը պատրաստ չէ որևէ տարածքային զիջումների:
Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ