Այսօր Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստին հարցաքննվեց այն բուժքույրը, որը ՊՊԾ գնդում պատանդ էր եղել: Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրում են ՊՊԾ գնդին միանալու փորձ կատարելու համար: Նախորդ դատական նիստին որոշվեց բերման ենթարկել բուժքրոջը՝ Մալինա Մարգարյանին: Նա տուժող ճանաչվել, բայց չէր գալիս դատարան, որ ցուցմունք տար: Պարզվեց՝ դատարանից չի խուսափել, իրեն փնտրել են սխալ հասցեով:
Բուժքույրն ուշագրավ տեղեկություններ հայտնեց դատարանում: Նա դեպքերն այնպես նկարագրեց, կարծես ՊՊԾ գնդում ազատ են եղել, ոչ մի հսկողություն իրենց վրա չի եղել, իրենք էլ պատանդի կարգավիճակում չեն եղել:
Նախ, դատավոր Վարդան Գրիգորյանը հարցրեց՝ ձեզ ո՞վ է խնդրել, որ գնաք ՊՊԾ գունդ, դուք ի՞նչ վիճակում եք գտնվել: Մալինա Մարգարյանը պատմեց, որ հուլիսի 27-ին կանչ են ստացել, գնացել են. «Առավոտյան հենց առաջին կանչն է ստացվել, որ պետք է գնանք ու օգնություն ցույց տանք: Բժիշկը Խեչոյան Սալվադորն էր, բուժքույրը ես էի ու վարորդն էր: Երբ գնացինք, Նորայր Թեւանյանն էր բուժակը, այլ բրիգադ էլ կար: Մենք մեր պայուսակներով մտել ենք ներս, իրենք ներկայացրել են, որ օգնության կարիք կա, վիրավորներ էին այնտեղ: Իրենց վնասվածքները էդ օրվա չէր, մենք վիրակապ ենք արել, բժիշկներն առաջարկեցին հիվանդանոց գնալ, իրենք հրաժարվեցին: Մենք 4-րդ օրը դուրս եկանք էդտեղից»:
Մեղադրող դատախազը հարցրեց՝ զինված մարդիկ, զինված ոստիկաններ տեսե՞լ եք տարածքում՝ բուժքույրը պատասխանեց, որ չէ, զինված մարդիկ տեսել է հեռուստատեսությամբ միայն. «Սմբատը, Գեւորգը վնասվածքներ ունեին (նկատի ունի Սմբատ Բարսեղյանին ու Գեւորգ Իրիցյանին)՝ փորի շրջանն էր վնասվածքները, կոնքի շրջանն էր, կոնկրետ չեմ կարող նշել: Կարծեմ Սմբատինը փորի շրջանն էր, Գեւորգինը՝ ազդրի: Թե ինչ բնույթի վնասվածքներ էին, չեմ կարող նկարագրել, բժիշկները հետազոտեցին, վերքերն ախտահանում, վիրակապում էինք»:
Հարցին՝ ձեզ պահանջ ներկայացվե՞լ է, օրինակ, պահանջե՞լ են, որ առողջապահության նախարարը ժամանի գնդի տարածք: Բուժքույրը պատասխանեց. «Կոնկրետ մենք նման բան չենք լսել, որ նման պահանջ դնեն: Ես չեմ լսել»:
Նա ասաց, որ ուղղակի իրենց արգելել են գնդի տարածքից դուրս գալ, մինչեւ այլ բրիգադ կգար. «Իրենք ասեցին՝ դուք կգնաք այն ժամանակ, երբ փոխարինող կգա, Դավիթը՝ մեզնից ամենաերիտասարդը, հիստերիայի մեջ ընկավ, ասեց՝ չեմ ուզում մնամ ստեղ: Մխիթարն (Մխիթար Ավետիսյանին նկատի ունի) ասեց՝ Դավիթին թողեք, թող դուրս գա, եթե երեխեն տենց սթրես է ապրում, թողեք գնա ու թողեցին»:
Ավելին, ըստ Մալինա Մարգարյանի ցուցմունքի, իր անձնական բջջային հեռախոսն անգամ իր մոտից չեն վերցրել, չեն պահանջել, պարզապես կապ չի եղել, բայց այդ 4 օրերի ընթացքում, ինչ գտնվել է ՊՊԾ գնդի տարածքում, ընտանիքի անդամների հետ խոսել է իրենց հատուկ կապի միջոցով:
Թե ՊՊԾ գնդում ում եւ ի՞նչ բժշկական օգնություն են ցույց տվել՝ Մարգարյանն ասաց. «Մեզ դիմում էր «Հաց բերողը»՝ Արթուրը, ցավազրկող էր ուզում: Դուրս գալուց առաջ երկու հոգի տղաներից վիրավորվեցին, ազդրի շրջանում լուրջ վնասվածքներ ունեցան, ներսում պահելու բան չէին, արյունահոսում էին, եթե չեմ սխալվում, Արթուրն ու Արմենն էին, հասանք, վիրակապ կապեցինք, իրան նասիլկաներով ուղեկցեցին, տարան դուրս, շտապօգնության մեքենայով Սալվադորը տարավ, ուղեկցեց»:
Բուժքույրն ասաց, որ հեռախոսով այնտեղից շատ չի խոսել. «Հազարից մի անգամ տնեցիները զանգում էին, ասում էին՝ ո՞նց եք, ասում էի՝ նորմալ է, մեր համար էնտեղ վտանգավոր բան չկար, մեզ նեղացնող չկար, տղաները՝ քաղաքավարի, ես բուժկետից դուրս չէի գալիս, չէի առնչվում: Ես որ ասեմ նկատած լինեմ, որ իրանք խիստ ըտենց հետեւում են… արգելք չեն հանդիսացել, որ գիտեք ինչ, բուժկետից դուրս չգաք»: Հարցին՝ դուրս գալու պայմաններում հետեւո՞ւմ էին՝ պատասխանեց՝ «բացարձակ, չէին էլ սկի հետեւում»:
Հարցին՝ ո՞նց պատահեց, որ դուրս եկաք՝ բուժքույրը պատասխանեց. «Սպասում էինք հերթափոխ կգար, հույսով սպասում էինք, հետո որ չեղավ, վերջին օրը, ճիշտն ասած, շատ հանգիստ էր ամեն ինչ: Արթուրն էր էդ տարածքում՝ բուժկետի մոտակայքում, մեկ էլ Սեդրակն էր, Արթուրը վատ էր զգում, անձրեւոտ եղանակ էր, Արթուրին ցավազրկեցինք, իրենք էլ դուրս չեկան բուժկետից, էդտեղ մնացին: Մենք էլ Նորայրի հետ ասեցինք՝ ինչքա՞ն սպասենք, վեր կացանք Նորայրի հետ, դուրս եկանք, մի քիչ պտտվեցինք դուրսը, որոշեցինք ինքներս հեռանալ տարածքից, էդպես էլ հեռացանք, էդ պահին բացարձակ ոչ մեկը ոչ մոտեցավ, արգելք հանդիսացան, ասին՝ ո՞ւր եք գնում: Արթուր Սարգսյանը տեսավ, բան չասաց»:
Ուշագրավ է, որ բուժքրոջ՝ դատարանում տված այս ցուցմունքը էականորեն հակասում է նրա՝ ՀՔԾ-ում տված ցուցմունքին: Հակասություններին կանդրադառնանք հաջորդիվ: Նաեւ նշենք, որ բուժքույրը վստահեցրեց, որ Անդրիաս Ղուկասյանին չի ճանաչում, ՊՊԾ գնդում ընդհանրապես չի լսել, որ նա ուզում է «ամբոխի հետ» մտնել գնդի տարածք ու միանալ «Սասնա ծռերին»:
Որպես հիշեցում ներկայացնում ենք նաեւ 2016-ի հուլիսին նույն բուժքրոջ պատմածների վերաբերյալ ՀՀ ոստիկանության տեսանյութը: Ըստ այդմ՝ նա վկայել էր, թե իրեն թույլ չեն տվել ՊՊԾ գնդից դուրս գալ եւ մասնակցել աղջկա 30-ամյակի արարողությանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ