«Ամենագլխավոր խնդիրն այն է, որ տնտեսական առումով դեռ իրատեսական արդյունքներ չեն երևում, թեպետ իշխանափոխությունից հետո անցել է մոտ 8-9 ամիս»,- տնտեսական հեղափոխության մասին խոսելիս՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Վերջինիս կարծիքով՝ խնդիրն այն է, որ առայժմ թե բիզնես հասարակությունը, թե հանրությունը իրենց խնդիրներն ունեն և կառավարության տնտեսական հեղափոխության մեջ ուզում են տեսնել այդ խնդիրների լուծման բանալին: Բայց չեն տեսնում համակարգված մոտեցում, հստակ տեսլական, թե ի վերջո կառավարությունը այդ տնտեսական հեղափոխություն եզրույթի տակ ինչ է հասկանում:
«Ես ինքս ուզում եմ տեսնել, թե կառավարության ծրագիրը, որը մոտ օրերս պետք է ներկայացվի, ինչ է իրականում. համակարգված ծրագի՞ր է, թե՞ ուղղակի կարգախոսների փունջ, որն արդեն 8-9 ամիս է՝ մենք տեսնում ենք դիագրամների, լայվերի կամ Ազգային ժողովում ելույթների տեսքով: Բայց գործողությունների ալգորիթմ մենք չենք տեսնում, ու, ցավոք սրտի, սա ոչ միայն տնտեսական բլոկին է վերաբերում, այլ նաև կարծում եմ՝ գրեթե բոլոր համակարգերին: Մենք տեսնում ենք հանպատրաստից գործողություններ, որոնք շատ դեպքերում իրար հետ կապված չեն: Այսօր մի բան է ասվում, հետո մյուս պաշտոնյան մի բան է ասում և սովորաբար դա վերածվում է լուրջ բանավեճի թե հասարակության մեջ, թե սոցցանցերում, թե քաղաքական շրջանակներում: Ի վերջո, երբ ամեն ինչ հասնում է կիզակետին, հայտնվում է փրկիչը՝ Նիկոլ Փաշինյանը և իր ռեյտինգի հաշվին փորձում է լուծել այդ հարցը: Ն. Փաշինյանը հրշեջի նման է, ջուրը վերցրած հանգցնում է հերթական հրդեհը»,- նշեց բանախոսը:
Վ. Հակոբյանը հույս հայտնեց, որ մոտակա օրերին, երբ խորհրդարանում կներկայացվի կառավարության ծրագիրը, ինչ-որ հարցերի պատասխաններ կունենանք: Բանախոսի կարծիքով ամենակարևոր խնդիրն այն է, որ քայլերի հաջորդականությունը խառնված է. կառավարության ծրագիր է ներկայացվելու, բայց դեռ չկա կառուցվածքային փոփոխությունների մասին օրենքը. «հասկանալի է և ակնհայտ է, որ սկզբից պետք է լինեն կառուցվածքային փոփոխությունները, որպեսզի դրա տակ հասկանանք, թե ամեն նախարարություն ինչով է զբաղվելու: Սա հսկայական պատասխանատվություն է: Ինձ համար տարօրինակ է սա, որովհետև դրանից բխելու են նաև բյուջեի վերանայումները»:
Բանախոսը նկատեց նաև, որ եթե սկզբնական փուլում շատ քայլեր բացատրվում էին զուտ անփորձությամբ, ապա հիմա, երբ այսքան ամիս է անցել, զուտ անփորձությամբ դա բացատրելը չի անցնում:
Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ