Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատված Ավետիք Էլոյանը պարզաբանել է իր պաշտոնանկությունը: Պարոն Էլոյանը հունվարի 31-ին կառավարության որոշմամբ ազատվեց զբաղեցված պաշտոնից, նրան այդ պաշտոնում էին նշանակել 2018-ի հունիսին:
«Մեդիամաքսի» հետ զրույցում պրն Էլոյանն ասել է, որ այդ պաշտոնում աշխատելու համար իրեն դիմել են, երբ ինքը բնակվում էր ԱՄՆ-ում: Ըստ նույն աղբյուրի, Էլոյանն ասել է՝ «… Ես երկու կարեւոր հարց էի հնչեցրել։ Առաջինը իմ լիակատար մասնագիտական անկախությունն էր, որը պահպանվել է ամբողջությամբ, ինչի համար շնորհակալ եմ կառավարությանը եւ հեղափոխության բերած փոփոխությունները: Երկրորդն այն էր, որ պետք է որոշակի պարբերականությամբ հնարավորություն ունենամ այցելել ԱՄՆ, քանի դեռ չեմ լուծել ընտանիքիս՝ Երեւան վերադառնալու հարցը։ ԱՄՆ-ում են մնացել կինս ու երեք երեխաներս։
Բացի դրանից՝ երբ ստացա Հայաստան տեղափոխվելու առաջարկը, ԱՄՆ-ում ընթացիկ 17 ճարտարապետական նախագիծ ունեի՝ տարբեր փուլերում, որոնք պետք է ավարտեի եւ հանձնեի պատվիրատուներին։ Այս հարցում իմ դիրքորոշումը միանշանակ էր եւ հստակ էր ներկայացված։ Եթե ինձ ասեին, որ դա հնարավոր չէ, ես պարզապես առաջարկը չէի ընդունի։ Կարեւորում եմ այս փաստի բարձրաձայնումը՝ եթե կառավարությունը փորձելու է ներգրավել սփյուռքի ներկայացուցիչներին, պետք է պատրաստ լինի, որ արտերկրում ծնված կամ երկար տարիներ ապրած մասնագետները կարող են ունենալ խնդիրներ, որոնք պետք է հաշվի առնել»։
Ապա, ինչպես պատմել է Էլոյանը, ԱՄՆ է մեկնել 2018-ի դեկտեմբերի 28-ին՝ գտնվելով արձակուրդում, որի հրամանը ստորագրել էր վարչապետը: Ինչ վերաբերում է այն լուրերին, ըստ որի, Էլոյանին աշխատանքից ազատել են, քանի որ չի ենթարկվել վարչապետի բանավոր հրահանգին՝ Ամանորի օրերին Հայաստանից չբացակայել, պարոն Էլոյանը պարզաբանել է՝ «…բանավոր հրահանգի մասին տեղեկացված չեմ եղել։ Այդ մասին ինձ տեղեկացրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ դեկտեմբերի 30-ին, հեռախոսով»։ Եվ երբ նա տեղեկացել էր Հայաստան վերադառնալու պահանջի մասին, որոշ հանգամանքներից ելնելով նրա վերադարձն անհնարին է եղել, ինչի մասին նամակով տեղեկացրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ բացատրելով վերադարձի հետ կապված դժվարությունները: Ընդ որում, նա խնդրել է իր նամակը փոխանցել վարչապետին։
Էլոյանը վստահեցրել է՝ իր աշխատանքից երբեւէ դժգոհություններ կառավարությունից չի լսել, իսկ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո վարչապետի հետ հանդիպում չի ունեցել, խոստացել են, բայց չեն կազմակերպել:
Քանի որ Էլոյանին աշխատանքի հրավիրելու պայմանների, այդ թվում պաշտոնավարման ընթացքում երբեմն ԱՄՆ մեկնելու մասին պայմանավորվածություն է եղել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, Aravot.am-ն այս առնչությամբ պարզաբանում խնդրեց Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանից. ինչո՞ւ հաշվի չի առնվել այդ հանգամանքը եւ ՀՀ վերադառնալու այդ պահի անհնարինությունը:
«Ավետիք Էլոյանին առաջարկվել է Տիգրան Ավինյանի՝ քաղաքաշինության եւ ներդրումների գծով խորհրդական աշխատել. սա ավելի քիչ ծանրաբեռնվածությամբ աշխատանք է»,-ասաց Հունանյանը: Ինչ վերաբերում է Ավինյանի հետ պայմանավորվածության խախտմանը, ապա Հունանյանն ասաց. «Ավելացնելու ոչինչ չունենք»:
Աշխատանքից իր ազատման մասին Էլոյանը նաեւ ասել էր՝ «…Հստակ պայմանավորվածություն ունեի, որ պետք է երբեմն մեկնեմ ԱՄՆ, եւ, բնականաբար, այլ կերպ կվարվեի, եթե արձակուրդի հրամանը ստորագրված չլիներ վարչապետի կողմից։
…Եթե սփյուռքից մասնագետներ հրավիրելու քաղաքականությունը շարունակական է լինելու, պետք է հաշվի առնել, որ շատերը իմ պես գալու են առանց ընտանիքի ու փորձելու են հարմարվել եւ իրենց տեղը գտնել հասարակության մեջ։ Կարծում եմ, որ պետք է ավելի տարբերակված մոտեցում ցուցաբերել այն մարդկանց նկատմամբ, որոնք միանգամից փոխում են իրենց տասնամյակների կենցաղը եւ գալիս են Հայաստան՝ առանց որեւէ նյութական շահի։ Նրանք պետք է զգան պետության աջակցությունը»:
Այսինքն՝ կառավարությունը մի կողմից նշում է, որ բարձրակարգ կադրերի խնդիր ունեն եւ ցածր աշխատավարձով պետական կառույցում շատերը չեն համաձայնվում աշխատել, մյուս կողմից դրսից հրավիրած կադրերին առանց լուրջ հիմքերի ազատում են աշխատանքից:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ