Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդագիր է ներկայացրել Շիրակի մարզպետի պաշտոնակատար Վարդան Գրիգորյանին՝պահանջելով անհապաղ պաշտոնազրկել Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանին ու փոխտնօրեն Անահիտ Միսկարյանին։ Որպես հիմնավորում՝ դատախազը ներկայացրել է հարուցված քրեական գործի շրջանակում ձեռք բերված ապացույցները, համաձայն որոնց՝ վերջիններս, պաշտոնական լիազորությունները չարաշահելով, կատարել են պաշտոնական կեղծիք ու այդ գործում ներգրավել դպրոցի բազմաքանակ՝ թվով 25 աշխատակիցների։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը հաղորդագրություն էր տարածել՝ համաձայն որի՝ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Գյումրի քաղաքի թիվ 19 միջնակարգ դպրոցի համապատասխան փաստաթղթերում, աշակերտների ցուցակներում և դասամատյաններում՝ որպես տարբեր դասարանների աշակերտներ գրանցված են թվով 16 անձանց տվյալներ, որոնք, սակայն, դպրոց չեն հաճախում և չեն մասնակցում դասապրոցեսներին։
Դատախազը դպրոցի աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է, սակայն նկատի ունենալով այն հանգամանքը, որ «տնօրենի ու փոխտնօրենի հետագա պաշտոնավարումը կհեղինակազրկի հանրակրթության ոլորտը»՝ պահանջել է նրանց պաշտոնազրկել։
«Շիրակի մարզի դատախազության կողմից Գյումրու թիվ 19-րդ դպրոցում ՀՀ Քրեական օրենսգրքի 308 և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցված քրեական գործի քննության շրջանակներում ձեռք բերված տվյալները ապացուցել են նշված դպրոցի տնօրենի կողմից Քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածների հատկանիշներով հանցավոր արարքներ կատարելու փաստը։ Այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը և պաշտոնական կեղծիք կատարելը, ինչի կապակցության նշված դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել հիշյալ հանցագործությունները կատարելու համար։
Բացի այդ, հիմնավորվել է նաև, որ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելուն օժանդակել են նույն դպրոցի թվով 25 աշխատակիցներ։ Նրանցից երկուսի կողմից պաշտոնական փաստաթղթերում կատարվել են նաև ակնհայտ կեղծիքներ։
Հաշվի առնելով, որ ինչպես դպրոցի տնօրենը, այնպես էլ թվով 25 աշխատակիցներ զղջացել են իրենց կատարած արարքի համար, ընդունել են իրենց մեղքը, նախկինում դատապարտված չեն եղել և առաջին անգամ են կատարել միջին ծանրության հանցավոր արարքներ, ավելին, տնօրենի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված նյութական վնասը՝ 200 հազար 700 դրամը, ինչպես նաև թվով այդչափ դպրոցի աշխատակիցներին դատը տալը նպատակահարմար չէր համարվի, հետևապես դատախազը, օգտվելով իր հայեցողական և տնօրինչական բացառիկ լիազորություններից, իր համաձայնությունն է հայտնել հանցավոր արարք կատարած նշված աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։
Այդ համատեքստում կարևորելով, որ նշված դպրոցի տնօրենի և փոխտնօրենի պաշտոնավարումն այլևս կլինի հիմնազուրկ և անարդարացի այն պարզ պատճառաբանությամբ, որ պաշտոնատար անձինք իրենց հանցավոր գործողությունները տևական ժամանակահատվածում կատարել են պաշտոնական դիրքի օգտագործմամբ, կոնկրետ հանցավոր գործողությունների ներգրավել են բազմաքանակ աշխատակիցների՝ հորդորների կամ այլ եղանակով, Շիրակի մարզի դատախազը, հաշվի առնելով, որ նրանց հետագա պաշտոնավարումը կհեղինակազրկի հանրակրթության ոլորտը, կխեղաթյուրի դպրոցի՝ որպես կրթօջախ հանդիսանալու հանրային ընկալումն ու բնույթը, միջնորդել է Շիրակի մարզպետի փոխարինողին անհապաղ լուծել այդ անձանց պաշտոններից ազատելու հարցը»,- մեզ փոխանցեցին դատախազության հանրային կապերի բաժնից։
Մեր տեղեկություններով, այս պահին մի շարք քրեական գործեր են քննվում՝ կապված դպրոցի տնօրենների կողմից տարաբնույթ չարաշահումներ, յուրացումներ կատարելու հետ, ինչպես նաև իրականացվում են ստուգումներ քրեական գործեր հարուցելու համար։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարեն Գաբրիելյանը լավ աշխատանքի իմիտացիա է անում:Իրական աշխատանք չկա…….