«Վիեննայի համաձայնագիրը կամ մոտեցումը որևէ կապ չունի բուն բանակցային համատեքստի մեթոդաբանության հետ: Դա խզված բանակցությունների վերականգնման և հետագա բանակցությունների պատրաստմանն ուղղված բանակցություն է»,-«Հոդված 3» ակումբում «Արցախյան հակամարտության նոր շրջափուլ. խաղաղ գործընթացի ակտիվացման պատճառները» թեմայով քննարկմանը հայտարարեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
Նա հիշեցրեց՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն ընդունվել են այն ժամանակ, երբ Ադրբեջանը, մի կողմ նետելով ամեն ինչ, գնաց այդ խնդիրը միայն ռազմական ձևով լուծելուն. «Դրանից հետո Փաշինյան- Ալիև այս կամ այն հանդիպումը կամ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ հանդիպումը, ԱԳ նախարարների հանդիպումը տեղավորվում է Վիեննայի համաձայնության մեջ, քանի որ ես հավատում եմ, որ վարչապետ Փաշինյանի՝ Ալիևի հետ ցանկացած շփում ուղղված է այն մթնոլորտի ստեղծմանը, որը մի օր կբերի այն բարենպաստ պայմանները, որտեղ կողմերը կարող են ինչ-որ բանի մասին բանակցել»:
Ըստ Հովհաննես Իգիթյանի՝ Լեռնային Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի օրոք, այլ՝ նրա կամքով․ նա չէր վստահում իրենից հետո Արցախում մնացած թիմին՝ այդ թվում և՛ նախագահին, և՛ արտգործնախարարին։ Նա մտածում էր, որ Լեռնային Ղարաբաղի կողմն ինքն ավելի լավ և ճկուն կներկայացնի:
Անդրադառնալով հարցին, եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ տարածքներ խաղաղության դիմաց թեզն անընդունելի է, հետևաբար կարո՞ղ ենք ասել, որ Մադրիդյան սկզբունքներն այլևս սեղանին չեն, միջազգային հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը պատասխանեց. «Բնական է՝ այդ մոտեցումը ՀՀ-ի կամ Արցախի շահերից չի բխել ու չի կարող բխել: Շրջանառությունից դա պետք է դուրս գա, նույնիսկ եթե կա, բայց վստահ եմ, որ նման բանակցություններ, խոսակցություններ, քննարկումներ չկան»:
Նա նշեց՝ բանակցությունները վարվում են դեռևս միայն ԱԳ նախարարների մակարդակով, պետությունների ղեկավարների մակարդակով չէ. «Կլինեն՝ մադրիդյան սկզբունքները, չեն լինի, եթե նկատել եք, իշխանության որոշ ներկայացուցիչներ պարբերաբար փորձում են խուսափել այդ հարցից՝ արդյոք մադրիդյան սկզբունքները սեղանին կա՞ն, թե՞ ոչ: Սա բավականին հետաքրքիր հարց է, քանի որ ՀՀ-ում կա նոր իշխանություն. ադապտացման գործընթաց է: Առաջնագծում Զոհրաբ Մնացականյանն է: Հավանաբար բանակցային հանդիպում տեղի կունենա մոտ ապագայում: Նաև ուզում եմ ասել՝ բոլորիս համար ակնհայտ ու ցանկալի է՝ ավելի լավ է Զոհրաբը բանակցի, քան Դավիթը պատերազմի»:
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նոր բան չի տեսնում այն ամենում, ինչ ներկայումս բանակցային գործընթացում տեղի է ունենում. «Չեմ կարծում՝լուրջ կերպով նոր բան է տեղի ունենում: Բանակցային գործընթացի փակ ձևաչափը նորմալ է և միշտ էլ այդպես է եղել: Իսկ այն, որ նախկին պայմանավորվածությունները չեն կատարվում, դա նույնպես նորմալ է: Նոր չէ նաև այն, որ Արցախը պետք է լինի բանակցությունների մաս, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության: Ուղղակի այս հայտարարությունները միշտ ունենում են տարբեր հասցեատերեր:Մինսկի գործընթացը լրիվ մեռած էր. հիմա թվում է բանակցություններն ուզում են վերականգնել, ինչը բերում է առաջին դեմքերի հանդիպման»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ