Լճացման երկարատև շրջանից հետո Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները՝ ուղղված տասնամյակների վաղեմության հակամարտության լուծմանը, թվում է, վերսկսվում են: Բայց նոր խաղաղության բանակցությունների հեռանկարները հարց են առաջացրել. ի՞նչ տեսք կարող է ունենալ «խաղաղությունը», Eurasianet.org-ում գրում է պարբերականի՝ կովկասյան հարցերով խմբագիր Ջոշուա Կուչերան:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին վեց ամսում հանդիպել են երեք անգամ: Բոլոր հանդիպումները դասակարգվել են որպես «ոչ պաշտոնական»` այլ միջոցառումների շրջանակում, վերջերս՝ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում: Բայց այս բանակցությունները, արտգործնախարարների միջև ևս 4 այլ հանդիպումներին զուգահեռ, արդեն հանգեցրել են հստակ պայմանավորվածության, որի արդյունքում նվազել են երկու կողմերից շփման գծում հրադադարի խախտումները, բացի այդ, նկատվում է ամենադրական հռետորաբանությունը:
Համաձայն այդ հանդիպումների բովանդակությանը ծանոթ դիվանագետների, երկու առաջնորդներն արդեն սկսել են քննարկել հիմնարար հարցեր, որոնք պետք է լինեն Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղության ցանկացած գործարքի կենտրոնում:
Չնայած իրական խաղաղության գործարքի խոստումը շարունակում է մնալ հեռվում, վերջին զարգացումները ոգևորել են հակամարտության լուծման ջատագովներին, գրում է Կուչերան:
Դիվանագիտական բանակցությունները վերջին մի քանի տարում լճացած էին, բայց այն բանից հետո, երբ 2018թ. իշխանության եկավ Փաշինյանը՝ հեռացնելով Լեռնային Ղարաբաղի և նրա անվտանգության կառույցների հետ խորը կապեր ունեցող վարչակարգին, աճել է բանակցությունները տեղից շարժելու հեռանկարը:
Փաշինյանը Ալիևի հետ վերջին հանդիպումից հետո երդվեց, որ իր մոտեցումը Ադրբեջանի հետ բանակցություններին կտրուկ տարբերվում է նախորդ կառավարության մոտեցումից: «Մեր կառավարությունը Ղարաբաղի հարցում վարում է քաղաքականություն, որը նախկինում երբեք չի եղել,- ասել է նա հունվարի 30-ին տեղական լրատվամիջոցների հետ զրույցում:- Որևէ զուգահեռ անցկացնել և ընդհանրություն գտնել նախկինում վարված քաղաքականության հետ՝ մոլորություն է»:
Բայց կառավարությունը, համենայն դեպս մինչ այժմ, թվում է, հավատարիմ է դեռ 2000-ականներից աշխատանքային սեղանին դրված նույն շրջանակին, որը հայտնի է Մադրիդյան սկզբունքներ կամ «հիմնարար սկզբունքներ» անվանումով: Սա ենթադրում է Լեռնային Ղարաբաղին հարող տարածքների վերադարձ, հակամարտության հետևանքով տեղահանվածների վերադառնալու իրավունք, անվտանգության երաշխիքներ Լեռնային Ղարաբաղի բնակչության համար, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշում:
«Ակնհայտորեն, քանի որ հայկական կողմը միանգամայն այլ տեղից է գալիս նախորդ թիմի հետ համեմատությամբ, արդարացիորեն որոշակի ուսումնասիրություն է արվում՝ ստուգելու՝ որտեղ կարող են լինել նոր տարրեր, կամ ինչ տեսք կարող են ունենալ բանակցություններն այս նոր թիմի, նոր խաղացողների հետ,- Eurasianet-ի հետ զրույցում ասել է բանակցություններին ծանոթ արևմտյան դիվանագետներից մեկը:- Բայց ոչ մեկը դուրս չի եկել կամ չի մերժել այդ սկզբունքները, որոնք ի սկզբանե եղել են բանակցությունների հիմքում»:
«Հիմնարար սկզբունքները դեռ սեղանին են, քանի որ ոչ մեկը դրանք չի վերցրել,- ասել է դիվանագետը:- Ակնհայտորեն, ասելով, որ դրանք սեղանին են, կամ ասելով, որ դրանք ձևավորում են բանակցությունների հիմքը, այլ բան է, այլ բան է ասել, որ կողմերը պայմանավորվել են ցանկացած խելամիտ ճանապարհով իրականացնել դրանք կամ դրանք վերածել գործնական կետերի»:
Ցանկացած տեսակի փոխզիջում միանգամայն անընդունելի է երկու երկրների հասարակությունների համար, շարունակում է հոդվածագիրը: Մասնավորապես, հայերի շրջանում բանակցությունների վերսկսումն առաջ բերեց մտահոգություններ տարածքներ վերադարձնելու մասին: Հայկական առաջատար լոբբիստական խմբերից մեկը՝ Ամերիկայի հայ դատի հանձնախումբը, սկսեց արշավ Մադրիդյան սկզբունքների դեմ՝ դրանք քննադատելով որպես «հող թղթի համար»:
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց այդ քննադատությանը՝ խաղաղության ընդդիմախոսներին անվանելով «պարտվողականներ»:
Արևմտյան դիվանագետը նշել է, որ Մադրիդյան սկզբունքները քննադատողները հաճախ բաց են թողնում հիմնական կետը: «Հենց որ խոսում ես Մադրիդյան սկզբունքների մասին, նրանք [քննադատները] ասում են. «Օ՜, դա նշանակում է…» ու քեզ տալիս են մի բանաձև, որը շատ հեռու է քո ասածից»:
Փաշինյանն ասել է, որ ինքը չի ներքաշվի «տարածքներ խաղաղության դիմաց» բանակցություններում, որից հետո Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է բանակցությունների ոգին խաթարելու մեջ: Ղարաբաղի հարակից տարածքներից զորքերի դուրսբերումը «բանակցային գործընթացի անկյունաքարն է»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան:
«Հարց է առաջանում. արդյոք Փաշինյանի դիրքորոշումը կարելի՞ է դիտարկել որպես բանակցություններից հրաժարում»:
Փաշինյանն ավելի ուշ հստակեցրել է իր հայտարարությունը՝ ասելով, որ նկատի ուներ, թե միայն Հայաստանը չէ, որ պետք է զիջումների գնա: «Ինչու՞ ոչ մեկը չի հարցնում Ադրբեջանին՝ արդյոք նրանք պատրաստ են զիջումների,- ասել է նա:- Ահա թե ինչու եմ ես հրապարակավ բազմիցս հայտարարել, որ մենք չենք պատասխանի այս հարցին, մինչև որ Ադրբեջանը չպատասխանի»:
Հայաստանի ԱԳՆ-ն և Փաշինյանի՝ արտաքին քաղաքական հարցերով խորհրդականը հրաժարվել են մեկնաբանություն տալ Eurasianet-ին:
«Նրբերանգները շատ կարևոր են,- ասել է արևմտյան դիվանագետը:- Եթե դուք ասում եք՝ ես չեմ ընդունում «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը, հիմնարար սկզբունքները չեն նախատեսում, որ տարածքը կզիջվի՝ առանց փոխադարձ որևէ բան ստանալու: Իսկ երբ դու խաղաղությունը սահմանում ես որպես թշնամության բացակայություն, սցենարը, երբ դու զիջում ես տարածքներ և ստանում ես միայն չհարձակվելու խոստում, ևս լուծում չէ: Անհրաժեշտ է, որպեսզի լինի ինչ-որ բանի ճանաչում՝ կարգավիճակ, անվտանգություն և այլն: Եվ նորից, հենց այստեղ է գալիս զգայունությունը. տարածքներ խաղաղության դիմաց նույնը չէ, ինչ տարածքների փոխանակում՝ որպես առավել լայն համաձայնության մաս, որում հաշվի է առնվում կարգավիճակը և անվտանգության հարցերը»:
Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում ավելի մութ է, և նա ավելի քիչ է հանրայնորեն մեկնաբանել բանակցությունները, բացառությամբ Հայաստանի պաշտոնյաների հասցեին հնչեցրած պատասխանի: Ադրբեջանի ԱԳՆ-ն և նախագահի աշխատակազմը չեն համաձայնել մեկնաբանություն տալ Eurasianet-ին:
Ադրբեջանի պաշտոնյաները հաճախ են քննադատել բանակցությունների վերաբերյալ Փաշինյանի առանցքային հրապարակային պահանջները առ այն, որ անհրաժեշտ է ներկայիս երկկողմ բանակցություններն ընդլայնել և ներառել ԼՂ դե ֆակտո կառավարությանը: Ադրբեջանն էլ իր հերթին վերջերս առաջ քաշեց Ղարաբաղից տեղահանվածների իր համայնքին՝ որպես Ղարաբաղի հայերի հետ երկխոսողներ:
Ցանկացած պարագայում Հայաստանը կարծես թե հետ է քաշվում այդ պահանջի գործնական կատարումից, հաշվի անելով, որ արդեն մի քանի բանակցություններ տեղի ունեցել են՝ առանց Ղարաբաղի առաջնորդների մասնակցության: Բայց Հայաստանի պաշտոնյաներն ասել են, որ կշարունակեն պնդել Ղարաբաղի ներգրավվածությունը: «Եթե նման բան տեղի չունենա հիմա, դա չի նշանակում, որ մենք այն մոռացել ենք»,- ասել է արտգործնախարար Մնացականյանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ