Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը կառավարությունը ձևավորելիս փորձել է բավարարել բոլորի պահանջները. Վիգեն Հակոբյան

Փետրվար 05,2019 16:59

«Ըստ էության՝ կադրային քաղաքականության գաղափարախոսությունը, մոտեցումը Նիկոլ Փաշինյանի մոտ մնացել է նույնը, ինչ 7-8 ամիս առաջ էր»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Վերջինիս խոսքով՝ 7-8 ամիս առաջ էլ Ն. Փաշինյանը հետևյալ մոտեցումը ուներ. այն ոլորտները, որոնք ռազմավարական նշանակության են, վստահվեցին մարդկանց, որոնք ոչ թե հեղափոխության մասնակիցներ էին կամ հեղափոխական շարժումների ներկայացուցիչներ, այլ մասնագիտական շրջանակների ներկայացուցիչներ՝ պրոֆեսիոնալներ. «Նկատի ունեմ ՊԵԿ-ը, Ֆինանսների նախարարությունը, Կենտրոնական բանկը, անվտանգության և պաշտպանության համակարգերը: Այս ոլորտները ողողված չէին անփորձ կադրերով, որոնք պետք է ինչ-որ բան սովորեին: Սրանք Նիկոլ Փաշինյանի համար կարծես թե էքսպերիմենտից դուրս ոլորտներ էին, և սա բնականաբար բավականին արդարացված է: Մնացած ոլորտներում, որոնք օպերատիվ առումով խնդիրներ չունեին, որտեղ եթե որևէ գործ չի արվում այս պահին, արվում է վաղը չէ մյուս օրը, առանձնապես չի զգացվում, դրվեցին մարդիկ, որոնք, ինչպես ասում են, անփորձ էին: Ըստ էության՝ սրանք էքսպերիմենտալ վայրեր էին»:

Ըստ բանախոսի՝ մեծ ռազմավարական նշանակություն չունեցող ոլորտները ղեկավարում են մարդիկ, որոնք հեղափոխության մասնակից լինելու միջոցով անցել էին իշխանության: Ընդ որում՝ պարոն Հակոբյանի խոսքով՝ թավշյա գործընթացներում բավականին խայտաբղետ զանգվածներ էին մասնակցում. քաղաքական և քաղաքացիական հոսանքներ, որոնք բավականին տարբեր էին թե իրենց աշխարհաքաղաքական վեկտորներով, թե իրենց ծագումնաբանությամբ, թե իրենց հիմնական ստրատեգիական նպատակներով. «Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կառավարությունը ձևավորելիս փորձել է բավարարել բոլորի պահանջները, յուրաքանչյուրը ինչ-որ չափով իր մասնաբաժինն է ունեցել: Սա նշանակում է, որ եղել են և Քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչներ, և հանրային սեկտորի ներկայացուցիչներ: Մեզ հայտնի է Սորոսի հիմնադրամը, բայց կան, որ ֆինանսավորվում էին Քլինթոնի հիմնադրամի կողմից և այլն : Հիմա էլ մենք տեսնում ենք՝ կայունություն պահանջող ոլորտներում մասնագետները մնացել են, իսկ մնացած ոլորտներում այս համամասնությունը մոտավորապես պահպանվել է»:

Բանախոսը նշեց նաև, որ մենք հիմա ականատես ենք մի գործընթացի, որ լուրջ պայքար է սկսվում արդեն իշխանության մեջ տարբեր ազդեցության խմբավորումների ներսում:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728