Ոստիկանությունը նախօրեին հաղորդագրություն է տարածել այն մասին, թե իբր ոմն Արտյոմ Զոհրաբյան «Արարատցեմենտ» ընկերությունից առանց համապատասխան հաշվապահական ձևակերպումների ցեմենտ է ձեռք բերել, որի արդյունքում պետությանը պատճառվել է նյութական վնաս։ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի անունից պաշտոնապես հայտարարում եմ, որ հրապարակված տեղեկությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն իր հարկային պարտավորությունները մշտապես իրականացրել է օրենքով սահմանված կարգով և պարտաճանաչ հարկատու է: Ինչ վերաբերում է վերոնշյալ Արտյոմ Զոհրաբյանի հետ գործարքին, ապա պետք է նշեմ, որ վերջինին փաստացի պատկանող «Աննա-Էլեն» և «Եվրո Շին» ՍՊԸ- ների հետ «Արարատցեմնետ» ՓԲԸ-ն աշխատել է հետվճարային տարաժամկետ վճարման սկզբունքով, սակայն դեռևս նախորդ տարվա նոյեմբեր ամսին մենք դիմել ենք Ոստիկանություն, քանի որ վերջինները հրաժարվում էին վճարել դուրս գրված հարկային հաշիվների դիմաց, ավելին՝ փորձ էր արվում անվճարունակության հատկանիշների կանխամտածված մտադրությամբ խուսափել ֆինանսական պարտավորությունների իրականացումից:
Այս դեպքում առավել քան տարօրինակ է, որ «Արարատցեմնետ» ՓԲԸ-ն դեռևս նախորդ տարի Ոստիկանությանը հաղորդագրություն է ներկայացնում սույն անձի ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ, սակայն նախօրեին տարածած հաղորդագրության մեջ իրավիճակը ներկայացված է միանգամայն այլ երանգներով: Նույն հաղորդագրության մեջ նշվում էր նաև, որ Արտյոմ Զոհրաբյանը 2018-ի հունիսից -օգոստոս ամիսներին ընկերությունից յուրաքանչյուր տոննա ցեմենտի դիմաց վճարած 54.000 դրամից 3000 դրամ հետ է ստացել, և որ դրա արդյունքում ևս պետությանը խոշոր չափերի վնաս է հասցվել: Նշված փաստարկը բացարձակ հիմնազուրկ է, քանի որ այդ ընկերությունների հետ առքուվաճառքը ձևակերպվել է էլեկտրոնային հարկային հաշիվներով. ընկերության կողմից ցեմենտի բացթողնման գնով ՝ 54 հազար դրամով՝ ներառյալ ԱԱՀ, որից ձևավորված բոլոր հարկային պարտավորությունները վճարվել են օրենքով սահմանված կարգով: Այսինքն՝ այստեղ բացարձակ անտրամաբանական է 3 հազար դրամի հետվճարման հանգամանքը:
«Արարատցեմենտ» ՓԲԸ-ն դատական կարգով հետամուտ է լինելու, որպեսզի վերը նշված ընկերությունների ժամկետանց ֆինանսական պարտավորությունները առաջիկայում բռնագանձվեն: Տեղեկացնեմ նաև, որ դատական հայցն արդեն իսկ ներկայացված է:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ապօրինի ձեռնարկատիրության և հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացվել։ Դրանց հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արտյոմ Զոհրաբյանը 2015-ի հոկտեմբերից 2018-ի մայիս ամիսը ներառյալ «Արարատցեմենտ» ընկերությունից առանց համապատասխան հաշվապահական ձևակերպումների, մեկ տոննան 51.500 դրամ կանխիկ գումարով ձեռք է բերել շուրջ 540.000.000 դրամի ցեմենտ, որն իրացրել է 54.000 դրամով։ Նախնական տվյալներով՝ Արտյոմ Զոհրաբյանը ցեմենտը ձեռք է բերել իր ծանոթ Արսեն Առաքելյանի միջնորդությամբ։ Առանց համապատասխան փաստաթղթային ձևակերպումների կատարված գործարքի հետևանքով «Արարատցեմենտ» ընկերությունը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի՝ 81.000.000 դրամը գերազանցող նյութական վնաս։
Բացի այս, Արտյոմ Զոհրաբյանը դարձյալ իր ծանոթ Արսեն Առաքելյանի միջնորդությամբ բանավոր համաձայնություն է ձեռք բերել «Արարատցեմենտ» ընկերության տնօրինության հետ՝ մեկ տոննա ցեմենտը 54.000 դրամով գնելու վերաբերյալ։ Պարզվել է, որ Արտյոմ Զոհրաբյանը 2018-ի հունիսից օգոստոս ընկերությունից գնել է 200.950.500 դրամի 3721 տոննա ցեմենտ։ Համաձայն պայմանավորվածության՝ գումարը ընկերության հաշվեհամարին փոխանցելուց հետո Արսեն Առաքելյանի միջոցով գնորդը յուրաքանչյուր տոննայի դիմաց վճարած 54.000 դրամից 3000 դրամ հետ է ստացել։ Նշված ապօրինի գործունեության արդյունքում ևս պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։ Այն, նախնական հաշվարկով, 188.000.000 դրամ է։
Դեպքերի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործը ուղարկվել է պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն։