«Արցախի կարգավիճակի և անվտանգության ապահովումը գերակա առաջնահերթություն է Հայաստանի համար: Հայաստանն ունի իր մասնակցությունը և Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է ու իր մասով մասնակցում է գործընթացին»,-լրագրողների հետ ճեպազրույցին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նա նշեց, որ բանակցությունների արդյունավետության բարձրացման համար էական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտի ապահովումը, այդ թվում վստահության և անվտանգության մեխանիզմների ամրապնդման միջավայրը, որը ներառում է հակամարտության սրման բացառումը, ռիսկերի նվազեցումը և ագրեսիվ հռետորաբանության բացառումը:
Հարցին՝ Հայաստանն ի՞նչ սկզբունքով էր մասնակցում հանդիպումներին և վարչապետի վերջին հայտարարությունից հետո արդյոք փոխե՞լ է սկզբունքը, Աննա Նաղդալյանը պատասխանեց. «Առաջին իսկ օրվանից մեր կողմից հստակ ամրագրվել է այդ սկզբունքը, որ Արցախի կարգավիճակը և անվտանգությունը գերակա նշանակություն ունի մեզ համար: Արցախը որոշիչ ձայն ու ներգրավվածություն պետք է ունենա իրական և տևական կարգավորման գործընթացում: Սա այն սկզբունքային մոտեցումն է, որը ներկայացվել է և՛ համանախագահներին, և՛ ադրբեջանական կողմին»:
Հարցին՝ ՀՀ-ի և ԼՂՀ-ի քաղաքական իշխանությունների միջև չե՞ն լինի տարակարծություններ բանակցային գործընթացի հետ կապված, ինչպե՞ս են Արցախի իշխանությունները պատկերացնում իրենց ներգրավումն այդ բանակցություններում, ի՞նչ խորհրդակցություններ են եղել Արցախի և ՀՀ-ի իշխանությունների միջև, Աննա Նաղդալյանը պատասխանեց. «ՀՀ-ի և Արցախի իշխանությունների միջև խորհրդատվությունները մշտական բնույթ են կրում: Մենք նույնպես հայտարարում ենք, որ Արցախի՝ բանակցային գործընթացին մասնակցությունը ելնում է պրակտիկ արդյունավետության սկզբունքից. դա ամրագրված է նաև ՀՀ կառավարության ծրագրում»:
Դառնալով Դանիայում ՀՀ դեսպանության շուրջ բարձրացված աղմուկին՝ Աննա Նաղդալյանն ասաց. «Դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացմանն ուղղված որոշակի բարեփոխումներ ենք իրականացնում, այս թվում է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների օպտիմալացումը: Այդ պրիզմայով պետք է դիտարկել Դանիայում ՀՀ դեսպանությունը Շվեդիայում դեսպանության հետ միավորումը: Այլ շահարկումներ պետք չէ փնտրել այս հարցում, քանի որ դրանք չկան»:
Աննա Նաղդալյանը հավաստիացրեց՝ օպտիմալացման հետ կապված հայտարարությունները, ՀՀ դիվանագետների կրճատման տեղեկատվությունն իրականությանը չեն համապատասխանում, ընդհակառակը, որոշ դիվանագետների համալրում է տեղի ունեցել:
Նիկոլ Փաշինյանի՝ փետրվարի վերջին Իրան այցի մասին Աննա Նաղդալյանն ասաց՝ օրակարգի հետ կապված մանրամասներ բացահայտել չի կարող:
Հարցին՝ Դավոսում Ալիև-Փաշինյան հանդիպման կազմակերպման հարցում ՀՀ ԱԳ նախարարությունը դերակատարություն ունեցե՞լ է, ՀՀ ԱԳՆ խոսնակն ասաց, որ այս և արտաքին քաղաքական հարցերի շուրջ կա լիակատար համակարգում վարչապետի և ԱԳ նախարարի հետ:
Դառնալով Մյունխենյան համաժողովին և հարցին՝ արդյոք հնարավո՞ր է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում, Աննա Նաղդալյանն ասաց. «ՀՀ ԱԳ նախարարը հաստատել է իր մասնակցությունը Մյունխենյան համաժողովին, որքանով մենք ենք տեղյակ, Ադրբեջանի ԱԳ նախարարը ևս հաստատել է իր մասնակցությունը: Երբ լինում է երկուսի միջև հանդիպման անցկացման համաձայնեցումը, մենք համակարգված ձևով հայտարարում ենք այդ մասին: Սա նշանակում է՝ դա արվում է նույն ժամին ու նույն օրը: Մենք միշտ պահպանել ենք այդ սկզբունքը, և եթե լինի այդ համաձայնեցումը, մենք չենք լինի այդ սկզբունքի խախտողը և դրա մասին տեղյակ կպահենք»:
Հարցին՝ չե՞ք կարծում՝ ՀՀ ԱԳՆ-ն անելիք ունի կապված Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունների օպերատիվ արձագանքելու և կանխելու հետ, Աննա Նաղդալյանն ասաց. «Մենք մշտապես մեր դիրքորոշումը հայտնում ենք, ընդգծում, որ ՀՀ սկզբունքային դիրքորոշումն է Արցախի անվտանգության ապահովումը և կարգավիճակը, և այդ երկու դրույթները փոխկապակցված են: Եթե այստեղ ոմանք տեսնում են խուճապի որևէ բան, դժվար է պատկերացնելը, կանխելը: Երբ մեր հասարակության մոտ կա միտում դժգոհության ալիք բարձրացնել, դժվար կլինի կանխելը»:
Հիշեցմանը՝ Բելառուսի նախագահը հայտարարել է, թե հրավերի դեպքում պատրաստ է այցելել Հայաստան, հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ են նրան հրավեր ուղարկել, Աննա Նաղդալյանը պատասխանեց. «Մենք երկկողմ օրակարգի տարբեր հարցերի առնչությամբ մշտապես կապի մեջ ենք բելառուսական գործընկերների հետ: Բելառուսի նախագահը սպասված հյուր է ՀՀ-ում: Այս հարցի ուղղությամբ մենք շարունակում ենք աշխատել դիվանագիտական խողովակներով, բայց հստակ ժամկետների մասով դեռ հստակ բան ասել չեմ կարող»:
Դառնալով մի քանի հայաստանյան լրատվամիջոցների՝ ՌԴ տարածքում կայքէջերի արգելափակման հարցին, Աննա Նաղդալյանն ասաց, որ ՀՀ դեսպանությունն ամենօրյա կապի մեջ է ռուսական պատկան մարմինների հետ, և այսօրվա դրությամբ մասնակիորեն խնդիրը լուծվել է. «Դա պարունակում է նաև տեխնիկական բնույթ. քայլեր ձեռնարկվում են: Հորդորում եմ մյուս լրատվամիջոցներին տեղեկատվություն փոխանցել ԱԳՆ և ռուսական կողմի հետ ակտիվորեն աշխատել խնդիրների վերացման ուղղությամբ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ