Ադրբեջանական «Turan» լրատվական գործակալության խմբագիր Շահին Հաջիևն իր աշխատանքային թիմի հետ գտնվում է Հայաստանում:
ՀՀ արտգործնախարարության կողմից հավատարմագրված ադրբեջանցի լրագրողները մի քանի օր տևած այցի շրջանակներում հանդիպումներ են ունեցել քաղաքական գործիչների և լրագրողների հետ։
«Ermenihaber.am»-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցի լրագրողների թիմն այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Ի դեպ, Հաջիևի այցին Facebook-ի իր անձնական էջում անդրադարձել է նաև ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը։ Նա լուսանկար է հրապարակել ադրբեջանցի լրագրողի հետ՝ մանրամասնելով, որ հարցազրույց է տվել Հաջիևին և վերջինս խոստացել է, որ ոչ մի կերպ չի աղավաղի Պողոսյանի խոսքերը։
Հրապարակման մեկնաբանություններում Թևան Պողոսյանը նշել է նաև, որ ադրբեջանցի լրագրողը նպատակ ունի «հասկանալ Հայաստանի հանրային կարծիքը»։
Նշենք, որ Հաջիևը սոցցանցերի իր էջերում Հայաստանում գտնվելու վերաբերյալ որևէ հրապարակում առայժմ չի արել։ «Turan» գործակալությունը նույնպես այցի վերաբերյալ նյութեր դեռևս չի հրապարակել:
Ադրբեջանցի լրագրողների ՀՀ այցի վերաբերյալ տեղեկությունը այսօր հաստատեց նաև ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը լրագրողների հետ իր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում:
Աղբյուր` Ermenihaber.am