Այս տարեսկիզբը նշանավորվեց Նոր Հայաստանի իշխանությունների կողմից մամուլի թիրախավորմամբ։ Սպասելի քայլ էր։ Երբ հեղափոխությունը վերացրեց ընդդիմությունը խորհրդարանում, այն փոխարինեց հեղափոխական սուռոգատներով՝ «Բարգավաճ Հայաստան»- «Լուսավոր Հայաստան»-ով (ԲՀԿ-ԼՀԿ), սպասելի էր, որ հաջորդ քայլով նա կհարձակվի մյուս ընդդիմախոսի՝ մամուլի վրա։
Հայտնի խաշի պատմությանը բուռն արձագանքից հետո Նիկոլ Փաշինյանն այն հավելեց մյուս լրատվամիջոցներին, մասնավորապես՝ հեռուստատեսություններին քննադատելով, թեև խաշը նրանց հետ ոչ մի կապ չուներ։ Նա մասնավորապես հայտարարեց, որ մամուլի 90%-ը գտնվում է նախկին իշխանության ներկայացուցիչների ձեռքին, ինչը մտահոգիչ է։
Այնուհետև իշխանությանը կից հ/կ-ները սկսեցին խոսել լրատվամիջոցների իրական տերերին գտնելու անհրաժեշտության մասին։
Ավելի ուշ մեկ այլ նախկին լրագրող, այժմ՝ պատգամավոր, սկսեց խոսել մամուլից ապատեղեկատվությունն արմատախիլ անելու մասին։
Հետո լրատվամիջոցներից մեկի հետ առնչություն ունեցող ևս մեկ անձ, այժմ՝ պատգամավոր, պնդեց, որ մամուլն իրենց պատերազմ է հայտարարել՝ զուգահեռ պնդելով, որ անհրաժեշտ է փոխել Հայաստանի հիմնը։
Այս պնդումների հիմնական մասը կեղծ է։ Նախ, ներկա իշխանությունը տիրապետում է զգալի թվով լրատվամիջոցների՝ բազմաթիվ են լրատվամիջոցների տերերը, ովքեր ներկա իշխանության մաս են կազմում, իշխանությունը նաև տիրապետում է պետական լրատվամիջոցներին (հայկական և ամերիկյան)։
Սակայն ամենակարևորն այն է, որ անկախ սեփականության ձևից և սեփականատերերից՝ մեդիան իրականում պայքարում է իր վարկանիշի համար, քանի որ վարկանիշի շնորհիվ է այն գովազդային միջոցներ ներգրավում։
Աղասի ԵՆՈՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում