Մինչ Հայաստանի տնտեսությունը ֆինանսական միջոցների, առավել ևս՝ ուղղակի ներդրումների լուրջ կարիք ունի, կապիտալն ահռելի տեմպերով արտահոսում է երկրից։ Միայն անցած տարի ֆիզիկական անձանց փոխանցումներն արտերկիր ավելացել են շուրջ 200 մլն դոլարով։ Սա հսկայական գումար է Հայաստանի տնտեսության համար։
Ընդհանուր առմամբ դրանք կազմել են 1 մլրդ 188 մլն դոլար։ Խոսքը բացառապես բանկային համակարգի միջոցով Հայաստանից դուրս եկած գումարների մասին է։
Անշուշտ, քիչ չեն նաև կանխիկի հոսքերը, այդ առումով հաշվառում չի իրականացվում, բայց տարբեր գնահատականներով՝ դրանք գրեթե համարժեք են անկանխիկ փոխանցումներին։
Թեև երևույթը, որպես այդպիսին, նոր չէ, այնուհանդերձ այն ակտիվացել է՝ հատկապես անցած տարվա ընթացքում։ Եվ սա՝ այն դեպքում, երբ կառավարությունը Հայաստանը հայտարարել է մենաշնորհներից ու կոռուպցիայից դուրս գոտի՝ հույս ունենալով, որ այն կգրավի ներդրողներին։
Թե որքանո՞վ են ներդրողները ոգևորված դրանով, այլ հարց է։ Մի բան փաստ է, որ արտաքին կապիտալի հետաքրքրությունների ակտիվացում նկատելի չէ։ Ընդհակառակը՝ տնտեսությունը բավական լուրջ կորուստներ է ունենում նաև ներսում։ Հսկայական միջոցներ դուրս են գալիս երկրից։
Առանձին ամիսներին ֆիզիկական անձանց միջոցով արտերկիր փոխանցված գումարները գերազանցել են 100 մլն դոլարը։ Նման երևույթ է դիտարկվել հատկապես անցած տարվա վերջին։ Հոկտեմբերին երկրից դուրս է եկել 121 միլիոն, նոյեմբերին՝ 114 միլիոն, դեկտեմբերին՝ 123 մլն դոլար։
Բանկային համակարգի միջոցով Հայաստանից կատարված մասնավոր փոխանցումներն անցած տարի ավելացել են 20 տոկոսով։ Սա լուրջ ահազանգ է երկրի տնտեսության համար, որն այսօր կանգնած է դրսից գումարներ ներգրավելու փաստի առջև:
Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում