Սովորաբար, երբ քաղաքական թիմը զուրկ է քաղաքական բովանդակությունից, տարբեր տեղերում սկսում է թշնամիներ փնտրել: Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու ողջ ընթացքը քաղաքական թշնամիների վրա սեփական ճանապարհը կառուցելուն է միտված եղել ու կա: Այս տեսակետին է «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆԸ: Ըստ նրա՝ նոր իշխանությունների թշնամին սկզբում արագաչափերն էին, հետո ՀՀԿ-ն էր խանգարողը, դրանից առաջ էլ Հայկ Մարությանը թշնամի համարեց բոլոր «հակահեղափոխականներին» ու «սև ուժերին». «Իսկ երբ պառլամենտի հարցն էլ լուծվեց, նոր թշնամի էր պետք, որ խանգարեր իշխանություններին կախարդական փայտիկի գործադրման հարցում: Պարզվեց՝ դա մամուլն է: Ինչու մամու՞լը, որովհետև մամուլը գրում է, օրինակ, թե ինչ է խոսել Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի հետ, իսկ Փաշինյանը դա համարում է հակահեղափոխական քայլ, ու ասում, որ մամուլն իր դեմ արշավ է սկսել: «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները մեկը մյուսին գերազանցում են իրենց անտրամաբանական խոսքով, դարձյալ մամուլն է մեղավոր: Կրկնում եմ՝ թշնամիներ գտնելն ու դա առաջնային համարելը բնական երևույթ է բովանդակազուրկ իշխանության համար»:
Վերադառնալով մամուլի նկատմամբ իշխանությունների սկսած արշավին՝ զրուցակիցը հավելում է, որ այս արշավը կարող է միտված լինել նաև լրատվամիջոցներին ֆինանսական վնաս հասցնելուն: «Փաշինյանը դեռևս թերթի գլխավոր խմբագրի մակարդակում է մնացել և ուշադրություն է հրավիրում այնպիսի «բարձունքներ գրավելու» վրա, ինչպես, օրինակ, արտասահմանյան պարբերականում Հայաստանի տնտեսության կամ այլ ոլորտի բարձր վարկանիշի մասին տպված հոդվածն է: Դա գնահատելի է, բայց այդ մասին բարձաձայնողը երկրի առաջին դեմքը չպետք է լինի: Մարդիկ, որոնք մշտապես սովոր են իշխանությանը հաճոյանալուն, ասում են, թե դա բացության նշան է: Իրականում անլուրջ է, երբ երկրի վարչապետը սկսում է զբաղվել հարցերով, որոնք քաղաքական թիմի երևելի անդամների զբաղվելու հարցերը չեն: Համենայն դեպս, Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես ղեկավար, որի իշխանության օրոք նվազագույնը երեք լրատվամիջոց ոստիկանական ու ԱԱԾ-ական «այցերի» թիրախ է դարձել: Երկրի վարչապետ, որի օրոք հացադուլ անող լրագրող է մահացել բանտում: Այս ամենը պարադոքսալ է, որովհետև նա եղել է լրագրող, ու լրատվամիջոցների նկատմամբ նման վերաբերմունքն առնվազն անհասկանալի է»:
Նարեկ Սամսոնյանի համար հասկանալի չէ նաև այն հանգամանքը, երբ արտերկիր կատարած այցերի ժամանակ իշխանության տարբեր ներկայացուցիչներ խոսում են մամուլի կողմից հարձակումների ենթարկվելու ու մեծահոգաբար դրանց պատասխան հարված չտալու մասին: Օտարերկրյա առաջնորդների համար դա առնվազն ծիծաղելի կարող է լինել:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում