Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոսկոմվերակացուները» որոշել են «կարգի՞ հրավիրել» հայկական մամուլը

Փետրվար 05,2019 22:00

Մի քանի օր է, ինչ Ռուսաստանի Դաշնության կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ զանգվածային հեռահաղորդակցության վերահսկողության դաշնային ծառայությունը, կարճ՝ «Ռոսկոմնադզոր», համաձայն ռուսական ինչ-որ օրենքի ինչ-որ կետի եւ ինչ-որ ենթակետի՝ արգելափակել է Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված եւ գործող «Առավոտ» պարբերականի ռուսական տարբերակը ողջ Ռուսաստանի տարածքում՝ զրկելով այնտեղ ապրող բազմահազար հայերին եւ ոչ հայերին ռուսերեն լեզվով տեղեկատվություն ստանալ Հայաստանից՝ Հայաստանի եւ աշխարհի մասին։

Պարզվեց, որ «Առավոտը» միակ հայկական ԶԼՄ-ն չէ, որ նման «պատվի» է արժանանում «Ռոսկոմվերակացուների» կողմից, քանզի միայն «Առավոտի» հրապարակումները չեն հայկական մամուլում, որոնք «սեպ են խրում դարավոր բարեկամության մեջ»։ Ռուսական մեդիադաշտը բարեհաջող «մաքրազարդելուց» հետո ռուսական իշխանությունները փորձում են հետխորհրդային տարածքի՝ իրենց համար «հասանելի» մասը (խոսքը կարող է գնալ ՀԱՊԿ-ԵԱՏՄ անդամ-երկրների մասին) եւս «ստերիլիզացնել»։ Եվ այդ իմաստով Հայաստանը եղել եւ մնում է առավել «ոչ ստերիլը», ինչը չի կարող չնյարդայնացնել մեր «ռազմավարական դաշնակցին»։

Մեր նամակները ռուսական գերատեսչությանը, փաստորեն, նամակներ էին դեպի ոչ մի տեղ, եւ պետք է հետեւություն անել, որ պարոն Ռուբեն Թաթուլյանի բողոքը, թե մենք իբր խախտել ենք ռուսական օրենքը եւ ապօրինաբար հրապարակել նրա «անհատական տվյալները», սոսկ պատրվակ էին, որպեսզի ռուսաստանյան լսարանին «հեռու պահեն» մեր՝ «նավակը ճոճող» հրապարակումներից, եւ դրա համար լինի համապատասխան «հղում օրենքին»։

Իհարկե, Հայաստանում «Ռոսկոմնադզոր» կոչված ռուսական հիմնարկը բարեբախտաբար իշխանություն չունի, եւ ռուսական «օրենքները» մեր երկրում օրենք չեն, ուստի մենք շարունակում եւ շարունակելու ենք մեր ամենօրյա, բնականոն աշխատանքը՝ մեր առաքելությունը համարելով փոխանցել, ըստ մեզ, ամենակարեւորը, ինչը տեղի է ունենում Հայաստանում եւ աշխարհում՝ որպես հայացք Հայաստանից, անկախ նրանից, թե Մոսկվայում կամ այլուր դա ում է հաճելի կամ ոչ, սակայն ռուսալեզու մեր տարբերակի կողմից ռուսաստանյան լսարանի կորուստն էապես նվազեցրել է հաճախումների թիվը։

Անշուշտ, ռուսաստանյան մասշտաբներով մեր լսարանը մեծ թիվ չի կազմում, միեւնույն ժամանակ, մեզ համար թանկ է յուրաքանչյուր ընթերցող, ում հետաքրքիր են մեր հրապարակումները, մեր լրահոսը եւ մեր վերլուծությունները։ Մեզ մնում է հույս հայտնել, որ մինչեւ մեր հասանելիության վերականգնումը Ռուսաստանում՝ մեր ընթերցողներն ուղիներ կգտնեն շրջանցելու արգելափակումն այնպես, ինչպես դա անում են բազմաթիվ այլ՝ «ոչ ցանկալի» կայքերի պարագայում։ Ի վերջո, չկա արգելափակման ձեւ, որը վաղ թե ուշ հնարավորություն չլինի շրջանցելու, եւ վստահաբար, ժամանակի ընթացքում պարզ կդառնա, որ «Առավոտի» արգելափակումը պարզապես ռուսական իշխանությունների հերթական անողոք եւ անիմաստ մարմնաշարժումն էր, որի արդյունքում եղավ ոչ թե այն, ինչ նրանք էին ուզում, այլ՝ «ինչպես միշտ»։

Բոլորս հիշում ենք, թե ինչպես 2008-ի, այսպես կոչված, հատուկ դրության պայմաններում քսան օրվա ընթացքում պարզ դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի ռեժիմի կողմից արգելափակված բոլոր կայքերը Հայաստանի օգտատերերից շատերը ոչ միայն սովորել էին շրջանցել, այլեւ այդ «թեմայով» բացել էին «կատարելագործման կուրսեր» հարեւանների եւ բարեկամների համար, ձեւավորվել էր նորությունների փոխանակման ցանց, այն թափանցել էր բլոգոսֆերա, որի դեմ Քոչարյանի «ինտերնետ-վերակացուներն» ուղղակի անզոր էին։

Ռուսաստանում եւ Ռուսաստանից դուրս գործող բազմաթիվ ռուսալեզու կայքեր, որոնք վաղուց արգելափակված են, շարունակում են պահպանել իրենց բազմահազարանոց լսարանը հենց այդպիսի շրջանցման եղանակների շնորհիվ, եւ վաղ թե ուշ «Առավոտը» եւս իր ճանապարհը կհարթի դեպի իր ռուսաստանցի ընթերցողը եւ հակառակը։ Սակայն հարցն այլ է. ի՞նչ է ստացվում, ռուսական վերահսկողական մարմինը փորձում է եղանա՞կ ստեղծել Հայաստանում եւ Հայաստանից աշխատող ռուսալեզու մամուլի համար՝ փորձելով հարվածել լսարանի թվին եւ այդ լծակով «չափավորե՞լ»։ Եթե դա այդպես է, ապա ռուսական իշխանություններին մնում է ցավակցել այդ աստիճանի հետամնաց մտածողության եւ պարզապես 21-րդ դարի իրողություններից անտեղյակության համար։

Ցավակցելուց բացի, մենք ոչ մի ջանք չենք խնայի, դիմելով Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչություններին եւ կազմակերպություններին, որպեսզի նրանք նախ դիրքորոշում հայտնեն, ինչպես նաեւ իրենց խողովակներով հորդորեն իրենց ռուս գործընկերներին վերջ տալ նման կամայականությանը, որը որեւէ կապ չունի եւ չի կարող ունենալ օրենքի, նույնիսկ՝ ամենավատ օրենքի հետ։

Հայաստանը Ռուսաստան չէ, որքան էլ որ դա տհաճ լինի ռուսաստանյան տարբեր «վերահսկողներին»։ Հայաստանում, ի տարբերություն Ռուսաստանի, համացանցն ազատ է, եւ եթե օրինակ ծառայելու, օրինակ վերցնելու տեսանկյունից մոտենանք հարցին, ապա հաստատապես Ռուսաստանը կարող է օրինակ ծառայել Հայաստանի համար մի բանում, թե ինչպես չի կարելի ոչ մի դեպքում, մինչդեռ հենց ռուսաստանյան իշխանությունները սովորելու շատ բան ունեն հայկական իշխանություններից այդ առումով, եթե ընդհանրապես որեւէ բան սովորելու ընդունակ են։

Բացի դրանից, մենք մտադիր ենք նաեւ մեր ամենակարեւոր հրապարակումներն ամբողջությամբ զետեղել նաեւ մեր ֆեյսբուքյան էջում, ինչպես նաեւ տարածել մեր տեղեկատվությունը նոր, մինչ օրս դեռ մեր ուշադրությունից դուրս մնացած հարթակներում՝ Թվիթեր, Տելեգրամ եւ այլն։ Իհարկե, մենք անզոր կլինենք, եթե, ասենք, «Ռոսկոմնադզորում» կամ Կրեմլում որոշեն համացանցի դեմ պայքարել կացնով՝ կտրելով համացանցի մալուխը, որպեսզի կայքերը «չպղտորեն ջուրը», «չխափանեն կայունությունը», իսկ Կիսելյով-Սիմոնյան-Սոլովյովների միակ հեռուստա-«պրավդայի» նվազող լսարանը կրկին մեծանա։ Բայց գոնե տվյալ պահին նման զարգացումը թվում է անհնարին, չնայած… ո՞վ գիտի…

Վստահաբար, ժամանակը ցույց կտա կատարված քայլի ողջ անիմաստությունը, եւ եթե նման մեթոդներով «ռոսկոմվերակացուները» որոշել են ազատ խոսքը «կարգի հրավիրել», ապա արդյունքում կստացվի հակառակը. ազատ խոսքը «կարգի կհրավիրի» այդ «ռոսկոմվերակացուներին»՝ իրենց վերադասի հետ միասին։ Սպասեք, այդ օրը հեռու չէ։

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

Նկարը՝ Deutsche Welle-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    21-րդ դարում համացանցի գրաքննութիւն անես: Կացնային մտածելակերպ 🙂

    Յ.Գ. Ռուս ժողովուրդը մեղկս շատ է գալիս, որ նման կառավարութիւն ունեն: Յուսով եմ՝ մի օր կը զգան ազատութեան բերկրանքը:

  2. Քաղաքացի says:

    Ինչպես հայտնի է, “Յուրաքանչուր ժողովուրդ արժանի է իր կառավարիչներին:” Կարծում եմ, կարելի է համաձայնվել: Եթե ժողովուրդը ունակ չէ սանձել իր վատ, անբարո և ոչ արդյունավետ կառավարությանը, դա միայն իր խնդիրն է: Եթե հարաբերություններում բացակայում է համարժեքության սկզբունքը՝ արդյունքը սա է: Իսկ մեր հանդեպ և բոլոր նրանց, ովքեր անցյալում գտնվում էին Ռուսաստանի ազդեցության տակ, կիրառվում է, Ռուսաստանի կողմից վերջերս որդեգրված, այսպես կոչված, «փափուր ուժի» քաղաքականությունը: Նրանց քաղաքագետներից ոմանք լսեցնում են մի պարզ ճշմարտություն՝ «Մենք պետք է գրավիչ լինենք աշխարհի համար», սակայն նրանց ձայները լռեցվում են: Ռուսաստանը այսօր հսկայական ճնշման օղակի մեջ է և նրա միակ փաստարկը՝ զենքն է: Այսպես, ռուսական մուրճի և թուրքական զնդանի միջև մենք պետք է զգուշավոր, բայց չափի մեջ, գոյատևենք: Հաճոյանալու քաղաքականությունը կործանարար է:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728