ՀՀ հաշվեքննիչ պալատը տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում ուսումնասիրություններ է իրականացրել: Հայտնաբերված թերությունները, մեղմ ասած, ահռելի շատ են:
Հայաստանի զարգացման հիմնադրամի հինգ միջոցառումների շրջանակներում՝ ընդհանուր 7 մլն 98 հազար դրամ արժեքով, տնտեսվարողներ չեն մասնակցել ընդհանրապես։ Իսկ մնացած միջոցառումներին մասնակցողների ցանկում առկա են եղել ոչ մշակող արդյունաբերության ոլորտների տնտեսվարողներ, օրինակ՝ առեւտրային բանկեր, տարբեր հիմնադրամներ, համալսարան, միություններ, տուրիստական կազմակերպություններ եւ այլն։
Օրինակ, ուսումնական դասընթացների մշակման, կազմակերպման եւ իրականացման ֆինանսավորում միջոցառման համար պայմանագրով նախատեսվել էր 5 մլն դրամ, որով պետք է ապահովվեր 3 դասընթացի կազմակերպում, սակայն պարզվել է, որ այս մասով աշխատանքներ չեն կատարվել։
Մյուս միջոցառման՝ օտարերկրյա պետությունում հայկական արտադրանքի վերաբերյալ գովազդի եւ հասարակական կարծիքի ձեւավորման միջոցառումների կազմակերպման եւ իրականացման համար նախատեսվել էր 22.5 մլն դրամ։ Նշենք, որ այս միջոցառման նպատակն է նպաստել հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացմանը եւ տեղական առաջադրանքի առաջմղմանը առնվազն 5 միջոցառումների միջոցով, բայց կատարվել է ընդամենը 3.4 մլն դրամի վճարում տեղական մի կազմակերպության՝ 2019 թվականին Հայաստանում կազմակերպվելիք միջազգային տնտեսական գործարար համաժողովի կազմակերպչական աշխատանքների համար։ Հիմնադրամի հաշվետվությամբ պարզ չէ այդ աշխատանքների համար իրականացրած ծախսերի աղբյուրները եւ ժամանակահատվածը։ Արդյունքում պալատը անհասկանալի է համարել այս ծրագրի շրջանակներում 22.5 մլն դրամ նախատեսելը։
Մյուս՝ ցուցահանդեսների կազմակերպման եւ մասնակցության ապահովման միջոցառման համար ծախսվել է 272.5 մլն դրամ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ծախսված գումարի 86 տոկոսը տրամադրվել է Ռուսաստանում տեղի ունեցող ցուցահանդեսներին, ընդ որում՝ 63.9 մլն դրամը 2017 թվականի դեկտեմբերի 22-26-ին փոխանցվել է Ռուսաստանում 2018 թվականի փետրվար-մարտ ամիսներին կայանալիք 3 ցուցահանդեսներին։ Բայց հաշվետվությունից պարզ չի դարձել, թե ընդհանուր առմամբ քանի տնտեսվարող է մասնակցել այս ցուցահանդեսներին, քանի որ որոշ ցուցահանդեսներին մասնակից տնտեսվարողները թվարկված չեն։ Ըստ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության՝ ցուցահանդեսներին մասնակցել է 127 տնտեսվարող, որից 104-ը կնքել են արտահանման պայմանագիր։ Բայց պարզվում է, որ կազմակերպություններ կան, որոնք մեկից ավելի անգամ են մասնակցել միջոցառումներին։ Բացի այդ, նախարարությունը հիմնադրամում մոնիթորինգ չի իրականացրել, դրա փոխարեն նախարարությունը հիմնվել է հիմնադրամի կողմից ներկայացված հաշվետվությունների վրա, որոնք ոչ ամբողջական են ծրագրի արդյունքների գնահատման համար։
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում