Հեղափոխության ընթացքում եւ դրանից հետո բազմիցս խոսվել է մեր երկրում անցումային արդարադատության կիրառման, ներկա Սահմանադրության եւ դատական համակարգի փոփոխության անհրաժեշտության մասին։ Իշխանափոխությունից անցել են ամիսներ, սակայն այս հարցերի վերաբերյալ կոնկրետ գործողություններ դեռեւս չկան։ Թեմայի շուրջ զրուցել ենք Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հետ։
– Պարոն Բաղդասարյան, արդյոք Սահմանադրության փոփոխության հարցը ձեր քաղաքական թիմի համար շարունակում է մնալ առաջնային լուծում պահանջող խնդիրներից։ Այս հարցով աշխատանքներ սկսվելո՞ւ են։
– Վարչապետի պաշտոնանկության ժամանակ ի հայտ եկան բազմաթիվ խնդիրներ՝ կապված Սահմանադրության հետ, այնուհետև խնդիրներ եղան նաեւ, հետագայում։ Իհարկե, գործող Սահմանադրությունը մշակվել է մեկ պատրվակով՝ ապահովել Սերժ Սարգսյանի պաշտոնավարության շարունակականությունը, եւ մնացած բոլոր դրույթներին պատշաճ ուշադրություն չի դարձվել։ Հետեւաբար, իմ կարծիքով, բոլոր դրույթները պիտի վերանայվեն, պետք է Ազգային ժողովին կից աշխատանքային մի խումբ ստեղծվի, որտեղ կլինեն պրոֆեսիոնալ սահմանադրագետներ, այդ ոլորտի մասնագետներ։ Այդ աշխատանքը, իմ հաշվարկներով, կտեւի 2-3 տարի, որովհետեւ Սահմանադրությունն իրավական փաստաթուղթ է, որի վրա պետք է երկար ժամանակ աշխատել եւ նույն սխալները չկրկնել։
– Այսինքն՝ առաջիկա մի քանի տարիներին փաստորեն այս Սահմանադրությունն է գործելու։
– Սահմանադրությունն ու դրանում ամրագրված սկզբունքներն ինձ համար ընդունելի են՝ եթե խոսում ենք խորհրդարանական կառավարման մասին, այլ հարց է, որ կարելի է փոփոխել օրենքները։
– Բայց ներկա Սահմանադրության մեջ կան քաղաքական եւ իրավական խնդիրներ։
– Այս պահին կա իրավական խնդիր, ոչ թե քաղաքական։ Իրավական հարցն այնտեղ է, որ տրված ձևակերպումները հաճախակի խնդիր են առաջացնում Սահմանադրությունը կյանքի կոչելու ժամանակ։ Դրա համար պետք է ստեղծվի աշխատանքային խումբ, որը մանրակրկիտ կուսումնասիրի բոլոր այդ խնդիրները ու կգնա ուղղելու, ոչ թե քաղաքական իրավիճակ փոփոխելու, այսինքն՝ ոչ թե խորհրդարանական կառավարումը դարձնի նախագահական կամ կիսանախագահական, այլ այն պահպանելով, իմ անձնական մոտեցմամբ, ուղղի առկա թերությունները։
Հայարփի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում