«Ժողովուրդ» օրաթերթը դերասան Սերգեյ Դանիելյանի հետ զրուցել է հայաստանյան ներքաղաքական կյանքի, հետհեղափոխական իրավիճակի, ապասելիքների արդարացման եւ այլ թեմաների շուրջ։ Պարոն Դանիելյանը նշել է, որ իր ակնկալիքների արդարացման համար այսօր շատ նախադրյալներ արդեն իսկ առկա են։ Միեւնույն ժամանակ նա նկատել է, որ ներկայիս իշխանությունը փիար տեխնոլոգիաների կիրառման հարցում թույլ է եւ սեփական գործունեության փիարը կառուցում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին բռնել- բաց թողնելու թեմայի շուրջ միայն։
– Պարոն Դանիելյան, թավշյա հեղափոխության օրերին բավական ակտիվ էիք, կանգնած էիք հեղափոխության կողքին, միեւնույն ժամանակ աչքի էիք ընկնում Ձեր սուր քննադատություններով։ Ամիսներ անց այս իշխանությունից Ձեր սպասելիքները գոնե մասամբ արդարացե՞լ են։
– Գիտե՞ք՝ ես ամեն օր չեմ մտածում, թե այս կառավարությունն ինչ է արել կամ ինչ չի արել։ Ինչպես ապրել եմ նախկինում, այնպես էլ ապրում եմ հիմա։ Ոչ մի արտառոց փոփոխություն չի գրանցվել։ Տեսնում եմ, որ ներկայիս կառավարության անդամների աշխատանքում կան դրական նախադրյալներ, օրինակ՝ Արսեն Թորոսյանը վատ չի աշխատում։ Ես կողմ չեմ դանակն առնելուն եւ իշխանությունների հետեւից ընկնելուն։ Կարեւորը, որ այս իշխանության անդամները գող չեն, ավազակ չեն, համենայն դեպս, դեռ չենք հասցրել նման բան նկատել։
– Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ ՀՀ օրհներգը փոխելու առաջարկը բուռն կերպով քննարկվեց հայ հանրության շրջանում։ Տեսակետ հնչեց այն մասին, որ, ինչպես նախորդ իշխանությունը, այս իշխանությունը եւս արհեստական կերպով օրակարգ է բերում նմանատիպ թեմաներ, որպեսզի շեղի հանրության ուշադրությունը հիմնական խնդիրներից։ Ըստ Ձեզ՝ այդպե՞ս է։ Իսկ, առհասարակ, կո՞ղմ եք օրհներգի փոփոխությանը։
– Այնպես չէ, որ կառավարությունը կաթվածահար նստած օրհներգն է փոխում։ Իսկ, ընդհանրապես, օրհներգի փոփոխմանը դեմ չեմ, պարզապես կան առաջնային եւ երկրորդական խնդիրներ։ Օրինակ՝ ինձ համար առաջնային է երկրի անվտանգության ապահովման խնդիրը, բանակում կրիմինալի դեմն առնելու անհրաժեշտությունը, կցանկանայի այդ «բոսյակությունը» վերանար։
Զրուցեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում