ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2018թ. հայկական թավշյա հեղափոխության դերն ու նշանակությունը Հայաստանի նորագույն պատմության այս շրջանի համար խիստ կարևոր են: Հեղափոխության քաղաքական արդյունքները՝ կոռումպացված նախկին իշխանությունների հեռացումը, արատավոր քաղաքական համակարգի ապամոնտաժումը և օրինական ընտրությունների անցկացումը առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի ներկայի և ապագայի համար: Հարկ է ընդգծել նաև հեղափոխության բերած նոր հնարավորությունները և հեռանկարը Հայաստանի հասարակության և պետության և հայ ժողովրդի միասնականության ապահովման գործում:
Միաժամանակ մատնանշելով՝
– հեղափոխության տեղապտույտի առկա վտանգը, կառավարման անարդյունավետությունը, անհասկանալի կադրային քաղաքականությունը, նոր իշխանությունների պրոֆեսիոնալիզմի մեծ պակասն ու քաղաքական անփորձությունը,
– կեղծիքներով ընդունված գործող Սահմանադրության վտանգները նոր, արդյունավետ և իշխանությունների տարանջատումն ապահովող պետություն կառուցելու ճանապարհին,
– նոր ձևավորված խորհրդարանում պառլամենատարիզմի բացակայությունը,
– դատաիրավական համակարգում փոփոխությունների դանդաղումը,
Արձանագրելով՝
– բոլոր ոլորտներում համակարգային, հայեցակարգային մոտեցումների բացակայությունը,
– քաղաքական դաշտի անկատարությունը, գործող օրենսդրության վտանգները այդ դաշտի կայացման համար,
Հաշվի առնելով՝
- գլոբալացող աշխարհի մարտահրավերները ազգային ինքնության և արժեքների համար,
Տագնապելով՝
– Հայաստանի ինքնիշխանության սպառնալիքներից, ՀՀ արտաքին քաղաքականության մեջ ռուսական գործոնի և ուղղության վտանգահարույց ներկայությունից և թելադրանքից,
– Հայաստանի եվրաինտեգրման դանդաղումից,
– ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ոչ հայանպաստ լուծման հնարավորությունից,
Ես՝ ՀՀ քաղաքացի Նարինե Մկրտչյանս, կարևորելով ազատականությունը, ժողովրդավարությունը, Հայաստանի զարգացման արևմտյան ուղղությունը՝
Հայտարարում եմ՝
նոր քաղաքական պլատֆորմի՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԳԱՅԻ ստեղծման նախաձեռնության մասին:
Քաղաքական լիգայի առաջնահերթություններից է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ, որի խնդիրներից են՝
- Հայաստանի ինքնիշխանության վերականգմանը նպաստող ծրագրի և գործողությունների հաջորդականության մշակումը;
- Նոր Սահմանադրության նախագծի մշակման և հանրաքվեի անցկացման պահանջների հետապնդումը,
- Նոր Ընտրական օրենսգրքի և Կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունումը ամենամոտ ժամանակներում,
- Հայաստանի կառավարման արդյունավետության հանրային վերահսկումը:
Ազատ, արդար, օրինական, ժողովրդավարական, ինքնիշխան Հայաստանի կայացումը դառնալու է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԳԱՅԻ ճանապարհի ընտրությունը:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԳԱՅՈՒՄ կարող են միավորվել անհատ քաղաքացիներ, կազմակերպություններ և կուսակցություններ:
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
05.02.2019թ.