Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ԱԺ-ում էլ չեմ ստացել, քաղաքապետ եղած ժամանակ էլ չեմ ստացել»․ ո՞ւմ և ինչքա՞ն պարգևավճար է տվել Գյումրու քաղաքապետը

Փետրվար 04,2019 23:30

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Գյումրու քաղաքապետարանն ամեն տարի էլ պարգևավճարներ տալիս է Ամանորին ընդառաջ՝ 13-րդ աշխատավարձի տեսքով, հատկապես որ Գյումրու քաղաքապետարանում շատ ցածր է աշխատավարձը։ Այս տարի էլ 400-ից ավելի աշխատակիցների պարգևավճարներ տրվել են, որոնց թվում են վարչական ու կոմունալ բաժնի աշխատողները։

«Պարգևավճարները օրենքով ամրագրված են, ո՞ր դեպքում են տրվում, եթե ինչ-որ խնայողություններ ունես տարվա ընթացքում։ Հիմա մենք ամեն տարի էլ տալիս ենք, այնպես չէ, որ չենք տալիս, տալիս ենք 13-րդ աշխատավարձի տեսքով, մանավանդ որ տոներն են լինում, մեզ մոտ շատ ցածր է աշխատավարձը։ Փորձում ենք ինչ-որ տեղ խնայած գումարներից տալ, բայց մենք տալիս ենք՝ ըստ արժանավույն։ Այսինքն՝ ի՞նչ ձևի։ Հիմա օրինակ՝ այս տարի մենք տվեցինք 400-ից ավելի վարչական և կոմունալ ծառայության աշխատակիցների։ Տվել ենք այն, ինչ մենք կարող էինք տալ մեր բյուջեի խնայված գումարներից։ Մոտ 21 միլիոն էր, ընդհանուրին տվեցինք 30-50 տոկոսի չափով․ կային նաև շատ լավ աշխատողներ, որոնց ըստ արժանավույն գնահատեցինք։ Մեր պարգևավճարները քիչ էին, բայց մեր ունեցածն էդքան էր, մի քիչ ավելի լիներ, ավելին կտայինք։ Անհրաժեշտ է խրախուսել լավ աշխատողներին, որ մարդը իրեն գնահատված զգա։

Հիմա ուղղակի էսպիսի հնչեղություն տրվեց, չգիտեմ ինչն էր պատճառը, բայց որպես քաղաքապետ՝ կասեմ, որ նորմալ է պարգևավճար տալը, իհարկե, էդպիսի չափերով․․․ Ճիշտն ասած՝ ինձ համար արտառոց են էդպիսի թվերը, որովհետև իմ աշխատավարձն ընդամենը 204 հազար է, մաքուր, որը ստանում եմ, այսինքն չեմ ստանում, տալիս եմ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին ու սոցիալական տարբեր ծրագրերի լուծմանը։

Աշխատավարձ Ազգային ժողովում էլ չեմ ստացել, քաղաքապետ եղած ժամանակ էլ չեմ ստացել, բնականաբար, պարգևավճար չեմ էլ կարող ստանալ, եթե ես աշխատավարձ չեմ ստանում, ինձ պարգևավճարն էլ չի հետաքրքրում։

Ճիշտն ասած, մեզանից էլ հարցրեցին պարգևավճարների մասին, մենք բոլորին էլ հատկացրել ենք այս տեղեկությունը, պետք չէ մի բաժակ ջրի մեջ փոթորիկ բարձրացնել․ կա օրենքով ամրագրված։ Ասենք խրախուսում ես սանմաքրման աշխատակցին, չնչին  գումար ես տալիս, բայց խրախուսում ես։ Մոտավորապես ասենք 70 հազար է ստանում, 30 տոկոս տրվում է, նայած, կան տարբեր աշխատակիցներ, գլխավոր մասնագետ, բաժնի պետ, բաժնի պետի տեղակալ, հաստիքացուցակ, որ հաստատված է պետության կողմից։ Բաժնի վարիչին ասում ես՝ ներկայացրու քո լավ աշխատողին, նա ներկայացնում է, մենք տալիս են։

Մենք, օրինակ՝ 100 տոկոս հավաքագրում ունեցանք, հավաքագրումն իրականացնող գործակալին կարելի է պարգևավճար տալ, ինչո՞ւ չէ մարդը հասկանա ինչու իրեն տվեցին, որովհետև աշխատողն 100 տոկոս կարողացավ կատարել իր առջև դրված գործառույթը։

Ես գտնում եմ, որ դա անհրաժեշտություն է , իհարկե, թող վերանայեն, որպեսզի նման վիճակ չլինի, երևի Ազգային ժողովում կամ կառավարությունում համապատասխան որոշում կլինի, բոլորը կենթարկվեն կառավարության այդ որոշմանը և հաջորդ տարի այսպիսի բաներ, ինձ թվում է, չեն լինի»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728