Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի խոսնակը պնդում է՝ Մհեր Ենոքյանին ներում շնորհելու լիազորությունը վարչապետինը չէր

Փետրվար 04,2019 22:02

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը չի մեկնաբանում իրավապաշտպանների գնահատականները, թե Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը ներում չշնորհեցին ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանին՝ քաղաքական հաշվարկներից ելնելով:

«Այդ հարցերի լիազոր մարմինը Արդարադատության նախարարությունն է, չեմ կարող մեկնաբանել կամ լրացուցիչ տեղեկություններ տալ խնդրի վերաբերյալ: Օրենքը հստակ սահմանում է, լիազոր մարմինը արդարադատության նախարարությունն է, զանգեք այնտեղ»,- Aravot.am-ին ասաց Վլադիմիր Կարապետյանը:

ՀՀ «Ներման մասին» օրենքով ու Սահմանադրության համաձայն ներում շնորհում են վարչապետն ու նախագահը: Օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված ներում շնորհելու առաջարկությունը ստանալուց հետո եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը ստորագրում է ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը  կամ իր առարկություններով այն վերադարձնում վարչապետին:

Եթե Հանրապետության նախագահը հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձնում է վարչապետին, և վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը և հրամանագրի նախագիծը կրկին ներկայացնում Հանրապետության նախագահին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ընդունում է հրամանագիրը կամ դիմում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

Հիշեցնենք, որ նախօրեին իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, անդրադարձել էր ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու դիմումը մերժելուն:

«Շնորհավորում եմ բոլոր չարակամներին, կեղծ բարեպաշտներին, իբր հանցագործության դեմ պայքարողներին («իրավապաշտպաններ» , հասարակական, քաղաքական գործիչներ, այդ թվում ոստիկանության, ԱԱԾ նախկին աշխատողներ)։ Դուք ձեր քաղաքական նպատակներին հասնելու համար չխորշեցիք կիրառել ցանկացած միջոց՝ ներգրավել զոհի հարազատներին, նրանց պատճառելով կրկնակի ցավ և տառապանք, հիշեցնելով նրանց ծանր կորուստը, հասարակությանն էլ թունավորելով սահմռկեցուցիչ, ոստիկանության արխիվում պահպանվող տեսարաններով։Եվ որքան կուզենայիք, որ Հայաստանի նոր իշխանությունները գթասրտություն դրսևորեին և ընդառաջեին ներման դիմումը։Հիանալի առիթ՝ վարկաբեկելու համար․ տեսե՛ք, հասե՛ք՝ նոր իշխանությունները ազատում են մարդասպանին։

Կեցցե՛ք, դուք կարողացաք ազդել «ժողովրդի» կողմից իշխանության եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև մշտաժպիտ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի «նուրբ լարերի» վրա։

Եվ վերջիններս, ելնելով սեփական, պարզունակ քաղաքական հաշվարկներից՝ մերժեցին 19 տարեկանից, ավելի քան 22 տարի Հայաստանի բանտային դժոխքով անցած ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի ներման խնդրագիրը։ Արդյո՞ք դուք կզգաք պատասխանատվություն, եթե․․․.»,- հայտարարել էր Ավետիք Իշխանյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728