Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցն էր քննարկվում:
Շուրջ 7 ժամ տեւած դատական նիստի ընթացքում, ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, հարցադրումներ են հնչել հատկապես բանակի օգտագործման հետ կապված: Թե ինչ է պարզաբանվել հարցուպատասխանի ժամանակ՝ Ալումյանն ասաց.
«Հնարավոր չէ պարզաբանել մի բան, որը գոյություն չունի: Մինչեւ Մարտի 1-ը բանակը ոչ միայն չի օգտագործվել, այլ ընդհանրապես ինչ-որ ձեւով իրեն չի դրսեւորել»: Ալումյանը նշեց, որ դատարանին հետաքրքրում էր մյուս կողմի դիրքորոշումը՝ Քոչարյանի անձեռնմխելիության հետ կապված, հարցեր էր առաջացել՝ կապված անձեռնմխելիության վերաբերյալ պաշտպանական կողմի դիրքորոշման հետ. «Դատարանը փորձեց ճշտել հիմնավոր կասկած ասածը, ի՞նչ նկատի ունեն նրանք, երբ ասում են, որ այդ ընթացքում փաստացի դադարել են գործել Սահմանադրության որոշ նորմեր: Դատարանը փորձեց ճշտել՝ ո՞ր նորմերն են ըստ մեղադրանքի կողմի դադարել գործել»:
Նախորդ դատական նիստում շուրջ 2 ժամ ելույթ էր ունեցել Քոչարյանը ու Ալումյանի փոխանցմամբ, ասել էր, որ ինքը 0038 հրամանի մասին տեղյակ չի եղել: Այսօր լրագրողները հիշեցրին՝ երբ Միքայել Հարությունյանին Մարտի 1-ի փաստահավաք խմբում հարցաքննելիս են եղել ու այդ հարցը նրան են ուղղել, ասել է՝ ինչո՞ւ եք այդ հարցն ինձ տալիս, տվեք գերագույն գլխավոր հրամանատարին: Իսկ այդ ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարը եղել է Ռոբերտ Քոչարյանը: Ալումյանն այս առնչությամբ ասաց, որ Միքայել Հարությունյանի ասածները չի կարող մեկնաբանել, հատկապես, որ այդ հատվածը չի հիշում: Ըստ Ալումյանի, Քոչարյանը կարգադրություն է տվել, որ բանակը չներգրավեն, հետո իրեն զեկուցել են, որ կարգադրությունը կատարված է:
Մենք հետաքրքրվեցինք՝ 7 ժամ տեւեց դատական նիստը, այդ ընթացքում Ռոբերտ Քոչարյանը լուռ լսո՞ւմ էր միայն, չէ՞ր մասնակցում, հարցերի չէ՞ր պատասխանում: Հայկ Ալումյանը պատասխանեց. «Մասնակցում էր, նա ներկայացրեց իր դիրքորոշումը վերջում մոտ կես ժամ»: Թե ասելիքը որն է եղել հիմնականում՝ պաշտպանը փոխանցեց, որ հերթով անդրադարձել է մեղադրանքի դրույթներին ու իր դիրքորոշումն արտահայտել…Մեղադրողների առարկությունների մեջ մենք չգտանք այնպիսի բան, որին մինչեւ այդ անդրադարձած չլինեինք»:
Հարցին՝ Քոչարյանն անդրադարձե՞լ է նրան, թե ի՞նչ գործողություններ են կատարվել Մարտի 1-ի առավոտյան, որովհետեւ ցուցարարներն ասում են, որ իրենք խաղաղ սպասելիս են եղել ու Մարտի 1-ի առավոտյան հարձակման ենթարկվել՝ Ալումյանը պատասխանեց. «Անգամ մեղադրանքի մեջ առավոտյան իրադարձությունները պարոն Քոչարյանին չեն մեղսագրված: Ճիշտ է, պարոն Քոչարյանը դրանց անդրադարձել է: Մարտի 1-ին նախորդող իրադարձությանն է նա անդրադարձել՝ նշելով, որ մի քանի օր ԱԱԾ տնօրենն իրեն զեկուցում էր համարյա ամեն օր, որ կան զինված մարդիկ, երեկոները, գիշերները այնտեղ մարդիկ կան, որ զենքի հետ անզգույշ վերաբերմունք են ցույց տալիս, անգամ նկարագրեց, որ ըստ օպերատիվ տվյալների, մարտական գործողությունների մասնակցած մի անձ, որը այդ ժամանակ վրաններից մեկում էր, խմած վիճակում վերցրել էր մարտական նռնակը, նռնակի օղակի միջով իր մատն անցկացրել էր ու պտտացնում էր: Այդպիսի մտահոգիչ զեկույցներ են պարբերաբար եղել, նաեւ նշեց, որ ոստիկանական գործողություներից հետո բավականին մեծ քանակությամբ զենք-զինամթերք են այնտեղից հայտնաբերել»: Ալումյանն իր կողմից Քոչարյանի խոսքին հավելեց, որ 60-ից ավելի դատավճիռներով դա հաստատվել է
Ալումյանը նշեց, որ Մարտի 1-ի նախապատրաստվելիք ոստիկանական գործողության մասին ոստիկանության մի գնդապետ արդեն տեղեկացրած է եղել Ազատության հրապարակում գտնվող անձանց, կա համապատասխան գաղտնալսման սղագրությունը. «Պատկերացրեք,նախապես տեղեկացված լինելով՝ այնուամենայնիվ, ցուցարարների մոտ մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել, երբ այդ գործողությունն իրականացվել է: Իհարկե, բոլոր ցուցարարների մասին չէ խոսքը»: Ալումյանը թվարկեց, թե ինչ զենքեր են գտել՝ հրազեն, մարտական նռնակ եւ այլն:
Դիտարկմանը, որ եթե խոսքը խմած ցուցարարի մասին է, մամուլում հրապարակում եղավ, որ ինքն էլ նշել է, որ Գորիկ Հակոբյանն է իրեն ուղղորդել՝ Ալումյանն էլ արձագանքեց, որ լավ կլիներ, որ այդ անձին լավ ստուգեին. «Քոչարյանն ասում է, որ ԱԱԾ տնօրենը իրեն զեկուցել է ի թիվս այլ բաների նաեւ այդ դեպքի մասին, հիմա թե այդ մարդը ում կողմից է ուղարկված եղել՝ լավ կլիներ, որ քննությունը պարզեր»:
Մեր հարցին՝ բա որ ասում եք, որ ցուցարարներն այդքան մեծ քանակությամբ զենք են ունեցել, դրա հետ կապված նիստի ընթացքում հարց չառաջացա՞վ՝ այդ դեպքում ինչո՞ւ մինչեւ Մարտի 1-ը որեւէ արտակարգ դեպք չպատահեց ու հենց Մարտի 1-ին, երբ արտակարգ դրություն մտցվեց, նոր որոշեցին զենքերը հանե՞լ՝ Ալումյանը պատասխանեց. «Չէ, դա չքննարկվեց: Ասում է դեպքը մի անգամ է չէ՞ պատահում, չէր արձանագրվել դեպք, բայց այն, որ այդ զենքը այնտեղ եղել է, այն էլ այն պայմաններում, երբ 4 ժամ առաջ նախազգուշացված են եղել այդ մարդիկ, որ ոստիկանությունը պատրաստվում է այդ գործողությունն իրականացնել: Դրա համար մի փոխգնդապետ դատվել է ոստիկանության շարքերից՝ նախապես զգուշացնելու համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ