Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցն էր քննարկվում:
Նիստը տեւեց շուրջ 7 ժամ: Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի փետրվարի 7-ին, ժամը 12-ին:
Լրագրողների հետ ճեպազրույցում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հարցին՝ նիստի ընթացքում պարզաբանվե՞ց Ռոբերտ Քոչարյանի հրամանո՞վ է ոստիկանապետ Հայկ Հարությունյանը խուզարկություն կամ զննություն իրականացրել Ազատության հրապարակում՝ պատասխանեց, որ պարոն Քոչարյանին չի մեղսագրվում, որ ինքն է դա արել. «Հավանաբար գործով հաստատված է, որ ինքը չի հրահանգել: Պարոն Քոչարյանն ասաց, որ ինքը, երբ եկել է այդ օրը 8:30 աշխատանքի, նոր իրեն հատուկ կապով զեկուցել են, որ այդպիսի բան կա»:
Թե ինչ ակնկալիք ունեն դատարանի որոշումից, Ալումյանն ասաց, որ առաջին ատյանի դատարանում դատավարական ելքը իրենց համար կանխատեսելի էր՝ նաեւ հաշվի առնելով դատավորի անձը եւ հաշվի առնելով, որ անօրինական ճանապարհով էր այդ գործը հասել այդ դատավորին: Իսկ այս դատավորի մոտ ելքը կանխատեսելի չէ, բոլոր կողմերին լիարժեք հնարավորություն է տրվել ներկայացնել իրենց դիրքորոշումները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ