Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով, կազդի՞ ցուցմունքը Քոչարյանի գործի վրա

Փետրվար 04,2019 20:15

«Հետքը» հրապարակել էր, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվել է: Մեր աղբյուրները եւս հաստատեցին այդ տեղեկատվությունը: Սերժ Սարգսյանը հարցաքննվել է փետրվարի 1-ին, հարցաքննությունը տեւել է 5-6 ժամ: ՀՔԾ-ից այս տեղեկատվությունը ոչ հաստատում են, ոչ հերքում, ասում են՝ «չենք մեկնաբանում»:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այս առնչությամբ ասաց, որ ինքն էլ ԶԼՄ-ներից է տեղեկացել Սերժ Սարգսյանի հարցաքննության մասին: Քիչ առաջ դատարանում դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը, երբ լրագրողները փորձեցին ճշտել տեղեկությունը ու հարցնում էին՝ ասեք՝ այո՞, թե՞ ոչ, նույնպես բազմանշանակ ժպտաց ու չցանկացավ որեւէ բան ասել՝ մտնելով նիստերի դահլիճ:

Ավելի ուշ Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Բացարձակապես տեղյակ չեմ, որ ինքը հարցաքննվել է կամ չի հարցաքննվել, մեծ հաշվով դա մեզ հետաքրքիր էլ չի»: Ալումյանն ասաց, որ այն ցուցմունքները, որոնք քննիչը բերել է դատարան, այնտեղից պարզ է դառնում, որ սպայական կազմից բավականին բարձրաստիճան մարդիկ ցուցմունք են տվել, հարցաքննվել են:

Նա ասաց, որ Մանվել Գրիգորյանի ցուցմունքն այս գործով չի տեսել: Հարցին՝ Սերժ Սարգսյանը կարո՞ղ է որեւէ արժեքավոր տեղեկություն տալ, որը կազդի գործի ընթացքի վրա՝ Ալումյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանի հետ կապված որեւէ բան ասել ձեզ չեմ կարող: Սերժ Սարգսյանի հետ որեւէ առնչություն չունեմ: Եթե անգամ գործով ցուցմունք է տվել, ես այն չեմ տեսել»:

Հիշեցնենք, որ Սարգսյանը 2008թ. մարտին Հայաստանի վարչապետն էր, եւ փետրվարին տեղի ունեցած ընտրությունների արդյունքների համաձայն՝ ընտրվել էր Հայաստանի նախագահ: Իսկ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չէին ընդունում այդ ընտրությունների արդյունքները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728