«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նորընտիր գործադիր տնօրեն Մհեր Խաչատրյանի և նախորդ տնօրեն Ղարիբ Հարությունյանի միջև սկսվել է անախորժ պատմություն։ Մհեր Խաչատրյանը վերջերս հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել էր նաև «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանի գործունեությանը՝ նշելով, թե որոշակի չարաշահումներ հայտնաբերել է նաև այստեղ․ մասնավորապես հոգաբարձուների նիստին ներկայացվել է կեղծ հաշվետվություն. ֆինանսական չարաշահումներ կան այդտեղ՝ կապված ծախսերի հետ։
Ասուլիսին անակնկալ կերպով միացել էր Ղարիբ Հարությունյանը՝ հայտարարելով, որ Մհեր Խաչատրյանը զբաղված է ինքնագործունեությամբ․ փաստաթղթղերի ընդունում-հանձնում տեղի չի ունեցել, հետևաբար և տեղեկատվության հրապարակումն ապօրինի է, զրպարտություն։ Ղարիբ Հարությունյանը նաև հայտարարել էր, թե Մհեր Խաչատրյանը քաղաքական պատվեր է կատարում։
Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ որպես այս հիմնադրամը ստեղծողի կարծիք հարցրեց ծավալված աղմուկի շուրջ ու նաև խնդրեց մեկնաբանել Գյումրիում պտտվող այն ենթադրությունները, թե քաղաքական պատվերը տրվել է Սամվել Բալասանյանի կողմից։
«Հիմնադրամ ստեղծելու գաղափարն, այո՛, իմն է, հոգաբարձուների խորհրդի մեջ էլ մենք ենք մարդկանց հրավիրել, ընտրել։ Պատահական չէ, որ հոգաբարձուների խորհրդի նախագահը մեր Սրբազանը եղավ, որպեսզի ազնիվ աշխատանք ծավալվեր այնտեղ։ Պատահական չէ, որ ես ամբողջ աշխատավարձս փոխանցում եմ հիմնադրամին, իհարկե, հիմա սոցիալական որոշակի խնդիրների լուծման համար էլ եմ փոխանցում, բայց մեր աշխատակիցները իրենց մեկ տոկոս աշխատավարձից են փոխանցում։ Մենք բավականին լուրջ աշխատանք ծավալեցինք՝ Սրբազանի գլխավորությամբ, եղան բարեգործներ, որոնք այսօր օգնեցին բնակարաններ գնել և հանձնել տնակներում բնակվող ծայրահեղ աղքատներին։
Հիմնադրամը քաղաքապետարանի հետ կապ ունի, բայց քանի որ հարցն իրավական հարթությունում է, ես որևէ գնահատական չեմ տա։ Ճիշտն ասած, չգիտեմ, սա իմ գործը չէ, սա ընդամենը հիմնադրամի և հոգաբարձուների խորհրդի գործն է, այնտեղ որ զեկուցվի, երևի նոր ընտրված տնօրենն անպայման իր հարցերը կբարձրացնի, եթե ինչ-որ հարցեր լինեն։ Պարզ է, որ հոգաբարձուների խորհուրդը հետևողական կլինի, որպեսզի ընդունման-հանձման գործընթացը ճիշտ կայանա։ Այդ դեպքում ամեն ինչ պարզ կլինի, նոր մեր գնահատականը կտանք», -ասաց Սամվել Բալասանյանը։
Գյումրու քաղաքապետն իր ափսոսանքը հայտնեց, որ հիմնադրամի անվան շուրջ նման աղմուկ ծավալվեց։
«Ափսոսում եմ, որ նման հնչեղություն ստացավ այս ամենը, և կուզենայի, որ սա մնար քաղաքական պրոցեսներից դուրս, չքաղաքականացվեր։ Ես նույնիսկ մի քանի անգամ ասել եմ ՝մի քաղաքականացրեք, սա շատ լավ կառույց է, լավ հիմնադրամ է, սրանով մենք շատ հարց կարող ենք լուծել։ Եթե հիշում եք սկզբնական հատվածում ինչպիսի ներդրումներ եղան, ինչքան բարեգործներ մասնակցեցին․ եթե չեմ սխալվում 30 բնակարան է արդեն տրվել։ Հիմա օրինակ՝ Մայր Աթոռն է ուզում որոշ չափով օգնել հիմնադրամի միջոցով, բնակարաններ է ուզում գնել։ Հիմա այս ամեն ինչը պետք չէ փլուզել, ստեղծված է նրա համար, որպեսզի մենք ձերբազատվենք տնակներից Գյումրի քաղաքում։
Սա շատ կարևոր փորձ է, կառավարությունն այստեղ արտագնա նիստ անցկացրեց, հանձնարարական տրվեց, հանձնաժողով է ստեղծվել, որի մեջ ընդգրկվել են ներկայացուցիչներ բոլոր գերատեսչություններից, քաղաքապետարան, մարզպետարան, հոգաբարձուների խորհուրդ, ընդհուպ ավագանու անդամներ։ Հիմա մենք հանձնաժողով ենք ստեղծել քաղաքապետարանով և հաշվառում ենք անցկացնում ամբողջ քաղաքի բոլոր տնակային տնտեսություններում՝բովանդակային։ Այսինքն՝ տնակի մեջ ո՞վ է բնակվում, քանի՞ մարդ է բնակվում, ինչպիսի՞ պատմություն ունի։ Ամեն մի տնակ կունենա իր պատմությունը, թե ասենք տուն են ստացել, քանի անգամ է վաճառվել։ Այս ամենը պիտի կարողանանք վեր հանել, որովհետև, իրոք, բոլորիս հետաքրքիր է, որպեսզի մենք հասկանանք, ինձ համար էլ՝ որպես քաղաքապետի, ուզում եմ որպեսզի հասկանալի լինի, եթե ծրագիր լինեն, կառավարությունը որոշում կայացնի բավարարել բնակարաններով, տնակներից ձերբազատել, գոնե մենք հասկանանք՝ ի՞նչ է կատարվել մինչև հիմա։
Բնակբաշխումը սկզբում քաղաքապետարանն է իրականացրել, հետո տեղափոխվեց մարզպետարան, դրանից հետո քաղշին նախարարություն, այն ժամանակ քաղշին նախարարություն էր, հետո կոմիտե դարձավ, ասում է՝ էս շիլափլավը, թնջուկը կարողանան հատ-հատ հանել, մաքրել, հասկանալ՝ ինչ է կատարվում։ Եթե մարդն իրականում բնակարան չի կորցրել և իր ընտանիքով ստացել է 4 հատ բնակարան, անօթևանների նկատմամբ ավելի անարգալից վերաբերմունք չկա, մարդը խեղճ է եղել նրան չեն հատկացրել, մինչև հիմա տնակների մեջ է։ Չի կարող այդպես լինել, սա անարդարություն է, որը պետք է վեր հանել։
Դրա համար ասում եմ՝ սպասենք, մենք գնահատական չտանք, իրավական հարթությունում է, վերջնական մենք պարզենք, պետք է մենք փաստաթղթեր կտրամադրենք, քաղաքապետարանում, արխիվում ինչ ունենք, որպեսզի այս ամենը պարզվի։ Ընդհուպ այն գործունեությունը, որը մենք ենք ծավալել, բոլորը թող ուսումնասիրվի, նայվի, եթե ինչ-որ խնդիրներ կան, այդ խնդիրները վեր բարձրացվի, և եթե կան պատասխանատուներ, որոնք պատասխան պիտի տա իրենց կատարած ոչ ճիշտ, օրենքով կատարած խնդիրների համար, թող պատասխան տան»,-ասաց Սամվել Բալասանյանը։
Մեր հարցին՝ իսկ ի՞նչ կասեք քաղաքական պատվեր տալու մեջ ձեզ կասկածելու մասին, Սամվել Բալասանյանը հարցրեց․ «Ինչի՞ համար, եթե նման կարծիք կա քաղաքում, ուզում եմ հասկանամ, ինչի՞ համար»։
Մեր պարզաբանմանը, թե, ըստ տարածված խոսակցությունների՝ այն պատճառով, որ քաղաքապետի պաշտոնին հավակնորդներ կան, Սամվել Բալասանյանն ասաց․ «Հավակնորդների թվաքանակը շատ մեծ է։ Ու շատ լավ է, որ կլինի մրցակցություն, բայց դեռ որևէ խնդիր չկա, որ ասեմ՝ հավակնություն կա և «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենը կամ տնօրենները ուզում են չգիտես ինչ-որ պրոցես տանել․․․ Ուղղակի աբսուրդի հասնող տեսակետ է, ես խնդրեի նման կարծիք չձևավորվեր քաղաքում, իրենց խնդիրներն են, թող իրենք իրար մեջ պարզաբանեն»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կռնամ ասեմ,որ հավատում եմ Ղարիբի մեղավոր էղնելուն.Ես լավ գիտեմ ըդոնց թայֆեն.փողի համար իրանք ամեն ինչի ընդունակ են.