Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամուլսարի գործով դատավորը որոշեց ներգրավել Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ-ին

Փետրվար 04,2019 20:07

Այսօր վարչական դատարանում լսվեց Ամուլսարի գործը: Ջերմուկ համայնքի 19 քաղաքացի հայցադիմում են ներկայացրել ՀՀ Վարչական դատարան՝ նոր երեւան եկած հանգամանքներով: Նրանք դատի են տվել բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին՝ խնդրելով պարտավորեցնել ՀՀ բնապահպանության նախարարին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական հ. ԲՓ 35 եզրակացությունը եւ ՀՀ բնապահպանության նախարարի 29.04.2016թ. դրա հաստատումը:

Ջերմուկի բնակիչների շահերի պաշտպան Նազելի Վարդանյանը դատարանում ներկայացրեց նոր հանգամանքները՝ նշելով, որ հանքարդյունահանության արդյունքում այս բնակիչները կրում են ե՜ւ առողջական ե՜ւ նյութական վնասներ՝ կորցնելով արոտավայրերը, այգիները, ապրուստի հիմնական միջոցը. «Խմելու ջուրն աղտոտվել է բնակիչները շնչում են հանքարդյունահանման աշխատանքների փոշին, ռագոնի քանակը 400 անգամ գերազանցում է նրանք ստանում են ճառագայթում եւ այս պատճառով բնապահպանության նախարարին ներկայացրել են դիմում, որ նոր հանգամանքներ են ի հայտ եկել, իսկ ընկերությունը ճիշտ տվյալներ չի եզրակացրել»:

Նրա խոսքով՝ դիմել են բնապահպանության նախարարին, որպեսզի ուժը կորցրած ճանաչի փորձաքննական եզրակացությունը: Տիկին Վարդանյանն ասաց, որ դիմումին նախարարությունը դեռ չի պատասխանել, այդ պատճառով դիմել են դատարան: Ըստ պաշտպանի, փորձաքննական եզրակացությունը տրվել է փորձաքննական ՊՈԱԿ-ի կողմից:

Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը դատարանում ասաց, որ նոր հանգամանքների մասով Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել, ապա միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ կասեցնել այս վարչական վարույթը՝ մինչեւ քրեական գործով որոշում կկայացվի:

Նազելի Վարդանյանը բնապահպանության նախարարության ներկայացուցչից հետաքրքրվեց՝ դատարանին ի՞նչ փաստաթուղթ, հիմնավորում է ներկայացնում, որ այս նոր հանգամանքներով քրեական գործ է հարուցվել: Նախարարության ներկայացուցիչն ասաց, որ իրենց կողմից ներկայացվում են քրեական գործի շրջանակներում բարձրացված հարցադրումները: Դատավորի հարցին, թե փաստաթղթերը ներկայացվե՞լ են կողմին, նախարարության ներկայացուցիչը պատասխանեց՝ ոչ:

Նազելի Վարդանյանն ասաց, որ քրեական գործն ընդհանրապես դրա հետ կապ չունի եւ որ այն վերաբերում է ապօրինի հանքարդյունահանմանը, ջուրն ապօրինի օգտագործելուն եւ այլն:
«Մենք նոր հանգամանքների մասին ենք խոսում»,-ասաց տիկին Վարդանյանը, ապա, ծանոթանալով փաստաթղթերին ասաց, որ սրանք էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, հողագիտական, քիմիական, տեխնոլոգիական, շինարարատեխնիկական, տնտեսագիտական համալիր փորձաքննություն նշանակելու մասին է.
«Ընդհանրապես, սա մեր հարցին չի վերաբերում եւ մենք այստեղ ներկայացրել ենք 4 փորձագետների եզրակացություն, միջազգային կազմակերպությունների եզրակացությունը եւ Վայրի բնության միջազգային հիմնադրամի եզրակացությունը՝ կոնկրետ տեսակների, փաստերի վերաբերյալ, որոնք նոր հանգամանք են»:

Ըստ Նազելի Վարդանյանի, նոր երեւան եկած հանգամանքներով, բնապահպանության նախարարը պետք է ուժը կորցրած ճանաչի փորձաքննական եզրակացությունը՝ անկախ քրեական գործից. «Մենք ունենք երեք նոր հանգամանք, սրա վերաբերյալ քրեական գործ չի հարուցվել, սրանց վերաբերյալ մենք դիմել ենք,որպեսզի ուժը կորցրած ճանաչվի փորձաքննական եզրակացությունը»:
Ջերմուկցիների շահերի պաշտպանն առարկեց նախարարության ներկայացուցչի միջնորդության դեմ:

Դատավորը նախարարության ներկայացուցչից հետաքրքրվեց՝ ի՞նչ փաստի առթիվ է հարուցվել քրեական գործը: Նախարարության ներկայացուցիչն ասաց, որ փաստաթուղթն իր ձեռքի տակ չէ:

Դատարանը որոշեց գործում ներգրավել նաեւ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ-ին՝ հաշվի առնելով, որ դատական ակտը կարող է տարածվել ՊՈԱԿ-ի վրա: Այդ պատճառով էլ գործի քննությունը հետաձգվեց:

Բնապահպանության ներկայացուցիչն ասաց, որ դատարանի պահանջած փաստաթուղթը կներկայացնի երկշաբաթյա ժամկետում:
Դատավորն ասաց, որ մեկ նախնական նիստ կնշանակվի՝ այս տարվա ապրիլի 8-ին, ժամը 14:30-ին:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728