Փետրվարի 4-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկման կդրվի Թուրքիայի վերաբերյալ զեկույցի նախնական տարբերակը։
Թուրքիայի հարցերով ԵԽ զեկուցող Քեթի Փիրիի կողմից կազմված զեկույցում Եվրամիությանը կոչ է արվում կասեցնել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները։
Այս զեկույցն արդեն իսկ հասցրել է խիստ քննադատության արժանանալ Անկարայի կողմից։ Բայց ուշագրավ է, որ զեկույցում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ ստացվել են 319 առաջարկներ, որոնք ընդհանուր առմամբ նույնպես դժգոհություն են հարուցել Թուրքիայում։
Մասնավորապես առաջարկվել է Եվրոպական միության ահաբեկչական խմբավորումների ցանկից հանել Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) անունը։ Թուրքական մամուլի գնահատմամբ՝ այդ առաջարկի ընդունման դեպքում Թուրքիայի և ԵՄ-ի միջև նոր ճգնաժամն անխուսափելի կլինի։
Բացի այդ՝ առաջարկ է եղել զեկույցում փոփոխություններ կատարել՝ ներառելով Թուրքիային ուղղված կոչ՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։
Կոչ է արվել նաև ազատ արձակել Թուրքիայում կալանավորված ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին։
Առաջարկվել է նաև՝ Թուրքիայի դեմ զենքի ամբարգո կիրառել, դադարեցնել Թուրքիայի «Akkuyu» ատոմակայանի նախագիծը, զեկույցից հեռացնել «Մաքսային միության» ընդլայնման և Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների ազատականացման մասին գլուխները։
Աղբյուրի հավաստմամբ՝ Թուրքիայի օգտին զեկույցում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ առաջարկները շատ քիչ են եղել։ Զեկույցի վերջնական տեքստը պատրաստ կլինի մարտի 11-14-ին և քննարկման կդրվի Եվրոպական խորհրդարանում։
Աղբյուր` ermenihaber.am/ hurriyet.com.tr