Ադրբեջանում հասարակությունը բնորոշվում է որպես միջմշակութային և միջկրոնական առումով հանդուրժողական: Իշխանությունները սատարում են ազգային փոքրամասնություններին իրենց մշակութային ինքնուրույնության արտահայտման գործում: Սակայն համապարփակ օրենսդրության և ազգային փոքրամասնությունների համար խորհրդատվական մեխանիզմների բացակայությունը, ինչպես նաև խոսքի և հավաքների ազատության սահմանափակումները ստեղծում են միջավայր, որտեղ փոքրամասնությունները չեն կարողանում լիարժեք իրացնել իրենց իրավունքները: Նման եզրակացություն է ներկայացվել Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի եզրակացության մեջ:
Կոմիտեն ընդունել է, որ բազմազգ Ադրբեջանում իրականացվել է միջոցառումների լայն սպեկտր՝ ի պաշտպանություն փոքրամասնությունների մշակույթների: Կոմիտեն ողջունում է բազմամշակութայնության և հանդուրժողականության ոլորտում երիտասարդության լուսավորմանն ուղղված ջանքերը: Ռուսերենի և վրացերենի դասավանդումը համեմատաբար լավ է զարգացած, և բարելավում կա փոքրամասնությունների լեզուներով դասագրքերի հրապարակման հարցում: Կոմիտեն բարձր է գնահատում զգալի առաջընթացը ներքին վերաբնակեցվածների կենսամակարդակի բարելավման գործում:
Սակայն Խորհրդատվական կոմիտեն ցավով նկատում է, որ Ադրբեջանը միայն սահմանափակ առաջընթաց է գրանցել Կոմիտեի նախորդ առաջարկությունների կատարման գործում: «Ներկայացվում է, որ ազգային փոքրամասնությունները մյուսների հետ շփումներում իրենց ինքնությունն արտահայտելու քիչ տեղ ունեն, հատկապես երբ այն ունի մշակութային, հաճախ ֆոլկլորային բնույթ: Ցավոք, մինչ այժմ չկա համապարփակ օրենսդրություն, խորհրդատվական մեխանիզմ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համար: Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները չգիտեն իրենց իրավունքները և դժվարություններ ունեն դրանց հասանելիություն ստանալու հարցում»,- ասվում է Կոմիտեի եզրակացության մեջ:
Որևէ քայլ չի ձեռնարկվել վերացնելու առկա խոչընդոտները փոքրամասնությունների լեզուներով հեռուստա և ռադիոհեռարձակումների հարցում, մինչ այժմ աջակցություն չկա տպագիր մամուլին: Համալսարանական կրթության մակարդակում հնարավորություն չկա ուսումնասիրել փոքրամասնությունների լեզուները, բացառությամբ ռուսերենի և վրացերենի:
«Ընդհանուր առմամբ բազմազանության նկատմամբ դրական վերաբերմունքն Ադրբեջանում կտրուկ հակադրվում է հարևան Հայաստանի նկատմամբ մշտական թշնամական նարատիվին (կապված Լեռնային Ղարաբաղի շարունակվող հակամարտության հետ), որը հազիվ թե հնարավոր է տարբերել հարևան հայերի՝ որպես էթնիկ խմբի նկատմամբ թշնամական հայտարարություններից»,- ասվում է եզրակացության մեջ:
Կոմիտեն խորապես անհանգստացած է ոչ կառավարական կազմակերպությունների և Ադրբեջանում մարդու իրավունքներով զբաղվող առանձին անձանց (այդ թվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների) նկատմամբ պահպանվող սահմանափակումներով և խնդրահարույց իրավական ու քաղաքական պայմաններով: Զեկույցում նշվում է, որ մասնավորապես «թալիշական և լեզգիական փոքրամասնություններին պատկանող անձիք, փոքրամասնությունների իրավունքներն իրացնելիս ռիսկի են դիմում ընկալվել որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ կասկածողներ»:
Խորհրդատվական կոմիտեն առաջարկում է անհապաղ իրականացնել հետևյալ միջոցառումները.
- ապահովել, որպեսզի 2019թ. մարդահամարը նախատեսի ազատ և ինքնակամ ինքնանույնականացում և հնարավորություն՝ նշելու, որ տիրապետում են մեկից ավելի լեզուների,
- ընդունել համապատասխան իրավական բազա ազգային փոքրամասնությունների պաշտպանության համար և համապարփակ հակախտրական օրենսդրություն, ինչպես նաև ստեղծել մասնագիտացած մարմին այդ հարցերը համակարգելու համար,
- հեռացնել սահմանափակումները խոսքի և հավաքների ազատության ճանապարհին,
- ընդլայնել փոքրամասնությունների լեզուների դասավանդման ոլորտները և բարձրացնել իրազեկվածությունը փոքրամասնությունների լեզուների դասավանդման իրավունքների մասին:
Լրացուցիչ առաջարկությունները ներառում են՝ ընդունել օրենսդրություն ՀԿ-ների մասին և կիրառել այն՝ համապատասխան միջազգային առաջարկությունների, ավելացնել փոքրամասնությունների լեզուներով հեռարձակումները, ապահովել, որպեսզի փոքրամասնությունների լեզուներն օգտագործվեն պետական մարմինների հետ շփումներում և այլն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ