Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդներից մեկը հայտնել է, որ ուղևորն իրեն դուրս է գցել ու մեքենան փախցրել

Փետրվար 04,2019 18:35

Փետրվարի 2-ի գիշերը, ժամը 1։40-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ ստացվեց։ Տաքսի ծառայություններից մեկի հեռախոսավարուհին տեղեկացնում էր, որ վարորդներից մեկը զանգել ու հայտնել է, որ Հարավարևմտյան թաղամասում ուղևորն իրեն դուրս է գցել ու մեքենան փախցրել։

Ոստիկանները ճշտեցին դեպքի վայրը, ուր անմիջապես օպերատիվ խումբ մեկնեց։ Տաքսու վարորդը հրավիրվեց ոստիկանության Մալաթիայի բաժին և հաղորդում տվեց։

Ըստ տուժողի՝ ուղևորը տաքսին նստել էր Նոր Նորքի 5-րդ զանգվածում և խնդրել գնալ Հարավարևմտյան Ա3 թաղամաս։ Երբ հասել էին Սեբաստիայի փողոց, պահանջել էր ուղղությունը փոխել և վարել համայնքապետարանի կողմը։

Հասել էին Օտյան փողոց, ուղևորը թիկունքից հարձակվել էր, ինչ-որ առարկա էր պահել վարորդի կոկորդին ու փող պահանջել։ Վարորդը հրաժարվել էր ու դիմադրել։

Ոստիկանության քրեական հետախույզները ձեռնարկեցին անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և փնտրողական միջոցառումներ։ Շուտով պարզվեց առևանգված մեքենայի ընթացքի հետագիծը։

Ժամը 1։50-ին, ավտոմեքենան հայտնաբերվեց վթարված վիճակում։ Օհանովի 54 հասցեի մոտ բախվել էր ավտոտնակին, ապա մեքենան թողել ու հեռացել էր։ Մեքենան տեղափոխվեց ոստիկանության Մալաթիայի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Ավտոմեքենայի տարբեր հատվածներում արյան հետքեր կային, իսկ սրահում նաև կոտրված դանակի երկու մասեր՝ բռնակն ու շեղբը և հանցագործությունը կատարած անձի գլխարկը։

Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ ավազակության և ավտոմեքենային ապօրինաբար տիրանալու հոդվածների հատկանիշներով։

Ոստիկանները ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։ Բացահայտման աշխատանքներում էական նշանակություն ունեցավ այն տեղեկությունը, որ ուղևորը հենց սկզբում վարորդին խնդրել էր մեկնել Հարավարևմտյան Ա3 թաղամաս։

Նույն օրը, ժամը 20-ի սահմաններում, Օհանովի 62 շենքի իր բնակարանից, հանցագործությունը կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկվեց համաներմամբ վերջերս ազատության մեջ հայտնված, 31-ամյա Մամիկոն Սարգսյանը։

Նա ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմին և ձերբակալվել։

Քննությունը շարունակվում է։

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728