«Լրագրող լինելն աշխատանք չէ. դա որոշակի նպատակ է, որոշակի ցանկության իրականացում»,- ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների, լրագրողների համար վարպետության դասին հայտարարեց BBC խմբագիր Սթիվեն Թիթերինգտոնը:
Սթիվ Թիթերինգտոնը «ԲիԲիՍի» հեռուստառադիոընկերության համաշխարհային ծառայության ավագ թողարկող խմբագիրն է, մի շարք խմբագրական նախագծերի և հաղորդաշարերի հեղինակ է, մշակել է այնպիսի հաղորդումների ձևաչափեր, ինչպիսիք են «The Why Factor», «Trending», «The Food Chain» և «The Inquiry», ինչպես նաև «The Assassination», «The Big Idea» և «The Hurricane Tapes» փոդքաստերը: Թիթերինգտոնը նաև «BBC MINUTE» ձևաչափի հիմնադիրն է, որը մեկ րոպե տևողությամբ լուրերի շուրջօրյա թողարկում է, հեռարձակվում է գործընկեր երաժշտական ռադիոալիքների եթերով։
Մինչ այդ, Թիթերինգտոնն աշխատել է «ԲիԲիՍի» համաշխարհային լուրերի ծառայությունում որպես պատասխանատու խմբագիր, լրատվական ծրագրերի տնօրենի տեղակալ և նյուզռումի խմբագիր՝ ղեկավարելով այնպիսի իրադարձությունների լուսաբանում, ինչպիսիք են սեպտեմբեր 11-ի ահաբեկչական գործողությունները, իրաքյան և աֆղանական պատերազմները: Թիթերիգտոնը «WS 24 hour» լրատուի հիմնադիր խմբագիրն է։ Լրագրողական գործունեության ընթացքում «ԲիԲիՍի» համաշխարհային ծառայության համար աշխատել է ամերիկյան, ռուսական և չինական ծառայությունների համար և ռեպորտաժներ պատրաստել աշխարհի տարբեր ծայրերից` Հայիթիից մինչև Հոնկոնգ։
Պատմելով իր մասին՝ ասաց, որ եղել է փիլիսոփայության ֆակուլտետի շրջանավարտ, հայտնվել է լրագրության դաշտում առանց այդ ոլորտի մասնագիտական գիտելիքների: Խոսելով իր մասնագիտական գործունեության մասին՝ Սթիվ Թիթերինգտոնն ասաց. «Աշխատում եմ աշխարհի ամենամեծ լրագրողական թիմում, որտեղ աշխատում է 6000 լրագրող և միայն 20 հոգի որոշում կայացնողներ: Բայց այդ 6000 լրագրողները բոլորն էլ ինձնից խելացի են»:
Ըստ Սթիվ Թիթերինգտոնի՝ միշտ չէ, որ լրագրողը ճիշտ ընտրված մարդ է, որ պատմությունը պետք է ներկայացնի, բայց նա այն անձն է, որ պետք է ներկայացնի ճիշտ պատմությունը:
Որպես հետաքրքիր լրագրողական նյութի օրինակ՝ Սթիվ Թիթերինգտոնը հիշեց այն, երբ իրենց թիմը Բանգլադեշում այցելել էր գործարան, որտեղ առանձնացրել էին չորս կանանց. «Բոլորն էլ աշխատում էին այնտեղ, բոլորն էլ ամուսնացած էին, բայց լքված երեխաներով՝ մինչև 16 տարեկան դառնալը: Իրենց պատմությունն ուղղակի ոգևորիչ էր: Աշխարհում գլխավոր դերերում միշտ տղամարդիկ են, ուստի մենք փորձեցինք կանանց մասին պատմել»:
Խոսելով թվային տեխնոլոգիաների զարգացման և լրագրության մարտահրավերների մասին՝ BBC խմբագիրն իր որդու օրինակը բերեց. «Որդիս ինձնից ավելի արագ է ինֆորմացիա ստանում, քանի որ նա օգտագործում է տեխնոլոգիաներ: Երիտասարդներին ավելի հեշտ է այդ արագությանը հետևելը: Բայց պետք է ձեզ վրա շատ աշխատեք, որ կարողանաք օգտագործել այդ տեխնոլոգիաները: Մյուսն ուզում եմ նշել, որ կան բաներ, որոնք ամբոխը չի տեսնում: Լրագրողը ներկայացնում է այն, ինչ ամբոխի աչքից դուրս է մնացել»:
BBC-ի խմբագիրը մի քանի գործնական խորհուրդներ տվեց լրագրողներին, օրինակ` այն, որ ցանկացած պահի, եթե հարց ունենան, դադարեցնեն խոսակցությունն ու հարցը տան, հասկանան լսարանի պահանջները:
Դառնալով ապատեղեկատվության, ֆեյք նյուզերի դեմ պայքարին՝ BBC-ի խմբագիրն ամփոփեց. «Ապատեղեկատվության դեմ պայքարի լավագույն տարբերակը ճիշտ տեղեկատվություն ներկայացնելն է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ