Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բուսաբանական այգում ծառատունկ է լինելու, և բացվելու է քաղցկեղից բուժվածների պուրակ

Փետրվար 04,2019 17:24

«Հայաստանում քաղցկեղի հետ կապված խնդիրները շատ են»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Եվրոպա Դոնա-Արմենիա» կազմակերպության հիմնադիր տնօրեն Նվարդ Քոչարյանը:

Ըստ բանախոսի՝ Հայաստանում քաղցկեղի վիճակագրությունը վատն է այն առումով, որ այն լայն տարածում ունի մեր բնակչության շրջանում՝ թե մեծահասակների, թե փոքրահասակների:

«Սա կոնկրետ ուղղությունների չի վերաբերում, ընդհանուր՝ քաղցկեղը բավականին տարածված է: Իսկ առանձին քաղցկեղների դեպքում ևս ունենք բարձր ցուցանիշներ: Օրինակ՝ կրծքագեղձի քաղցկեղը ամբողջ աշխարհում լայն տարածում ունի, բայց մեր երկրում հատկապես վատ դինամիկա է գրանցվում, այն առումով, որ հայտնաբերվածների թվում 3-րդ, 4-րդ փուլերը բավականին շատ են»,- նշեց Ն. Քոչարյանը:

Օրվա խորհուրդը վաղ հայտնաբերումն է. փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է

«Օրվա խորհուրդը վաղ հայտնաբերումն է: Միևնույնն է՝ քաղցկեղը առկա է, բայց վաղ հայտնաբերման դեպքում այն բուժվում է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Եվրոպա Դոնա-Արմենիա» կազմակերպության հիմնադիր տնօրեն Նվարդ Քոչարյանը: Փետրվարի 4-ը ամբողջ աշխարհում հայտնի է որպես քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր: Այդ առիթով Հայաստանում և Արցախում մեկնարկելու է «Վաղ և ճշգրիտ» խորագրով տեղեկատվական արշավ՝ «Եվրոպա Դոնա-Արմենա» կազմակերպության նախաձեռնությամբ:

«Մեր տեղեկատվական արշավը կմեկնարկի այսօրվանից: Բավականին հետաքրքիր միջոցառումներ են նախատեսված տարվա ընթացքում: Ամենագեղեցիկներից մեկը օրինակ սա է. բուսաբանական այգում ծառատունկ է լինելու, և բացվելու է քաղցկեղից բուժվածների պուրակ: Սա կլինի մարտի վերջին կամ ապրիլի սկզբին՝ կախված եղանակային պայմաններից: Մարտի 8-ին կլինի վարդագույն փուչիկների օր Հյուսիսային պողոտայում: Վարդագույնը կրծքագեղձի քաղցկեղի խորհրդանշական գույնն է: Այդ օրը կլինի փուչիկների տոն: Բոլորին մեր վարդագույն փուչիկներով կոչ կանենք երբեմն այցելել բժշկի և պարզապես ստուգվել»,- նշեց Ն. Քոչարյանը:

Բանախոսի խոսքով՝ շատ են նաև մշակութային և սպորտային միջոցառումները: Սպորտային միջոցառումներից նա առանձնացրեց Երևանում տեղի ունենալիք հեծանվաերթը: Ն. Քոչարյանը նշեց նաև, որ այս տարի մեծ ծրագիր է նախատեսված նաև թոքի քաղցկեղի դեմ պայքարի հետ կապված. «Մարտի մեկից կմեկնարկի թոքի քաղցկեղի սքրինինգային ծրագիր: 45-55 տարեկան բոլոր քաղաքացիները կհրավիրվեն պոլիկլինիկա ստուգման: Այս տարի սա տեղի կունենա միայն Երևանում, այնուհետև ծրագիրը կտեղափոխվի մարզեր և կընդգրկի այլ տարիքային խմբեր ևս», -հավելեց բանախոսը:

Կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը, որը ևս հաղթահարել է այս հիվանդությունը նկատեց. «Այսօրվա ուղերձը հետևյալն է՝ հրաժարվել վնասակար սովորություններից, զբաղվել սպորտով, մարզվել և փորձել լավատես լինել: Եթե դու չես զբաղվում առողջ ապրելակերպով, վնասակար սովորություններ ունես, չես փորձում ստեղծել դրականը քո ներաշխարհում և նաև տարածել, փաստորեն, վտանգավոր նախադրյալներ ես ստեղծում այս չարիքի զարգացման համար: Սրանք բժշկին ժամանակին դիմելուն հավասար պայմաններ են»:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728