«Մտահոգություններ ունեի՞ք պարոն Մարուքյան»,- խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո, լրագրողներից մեկի դիտարկմանը` փարատեցի՞ք պարոն Մարուքյանի մտահոգությունները, հարցին հարցով պատասխանեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Հիշեցնենք, արտաքին գործերի նախարարն այսօր ԼՀԿ-ի պատգամավորների հետ քննարկել է արտաքին քաղաքականությանը վերաբերվող հարցեր: Խոսել են նաեւ Արցախի խնդրի բանակցային ներկա փուլի մասին:
«Այն, ինչ-որ արվել է պարոն Փաշինյանի կողմից` խիզախություն է` խոսել խաղաղության մասին: Խոսել խաղաղության մասին, չի նշանակում հարցականի տակ դնել վճռականությունը»,- Գերմանիայում կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններն այսպես մեկնաբանեց ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը` շարունակելով. «Խոսել խաղաղության մասին, որը վերաբերվում է եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի եւ ԼՂ ժողովրդին. դրա մասին էր խոսում: Մենք շատ կողջունենք, որ նման հայտարարություն գա նաեւ մյուս կողմից»:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը երբեք չի քննարկի «խաղաղություն տարածքների դիմաց» բանաձեւը, որին հետեւեց Ադրբեջանի ԱԳ նախարարության արձագանքը`այդ հայտարարությունը որակելով իբրեւ «բանակցություններից հրաժարվելու քայլ»: Այս մասով լրագրողների հարցերին ի պատասխան, Զոհրաբ Մնացականյանն ասաց. «Հայաստանն իր մասով շարունակում է աշխատել»:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`քանի՞ հակամարտող կողմ կա, քանի որ ըստ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, ստացվում է, որ Հայաստանը եւս հակամարտող կողմ է: Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Հայաստանը բանակցում է խաղաղություն, Հայաստանը բանակցող կողմ է, Հայաստանը երաշխավորն է Ղարաբաղի անվտանգության: Դուք ավելի ուշադրություն դարձրեք էությանը: Պարոն Փաշինյանն ասել է այն, ինչ ասել է, եթե բառակապակցություններին եք կպնում`Հայաստանն ունի իր մասը, Հայաստանը երաշխավորն է Ղարաբաղի անվտանգության, Հայաստանը մասնակցում է բանակցություններին, Հայաստանը շարունակելու է այդ ամենն անել»:
Փաշինյան-Ալիեւ հնարավոր առաջիկա հանդիպման մասին հարցին էլ՝ ԱԳ նախարարը պատասխանեց. «Չշտապենք դեռեւս: Շատ էական է, որպեսզի մենք շարունակենք գործընթացը կառուցել այնպես, որպեսզի արդյունք ունենանք: Ժամկետային հարցերը կարեւոր են, բայց առաջնայինը այն է, որ հաջորդ քայլը նախապատրաստված լինի այնպես, որպեսզի դինամիկան կարողանանք պահպանել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի ֆեյսբուքյան էջից