ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վահրամ Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ԵՊՀ աշխատակիցները փետրվարի 7-ին պատրաստվում են բողոքի երթ կազմակերպել: Նա նաեւ նշել էր, որ ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշման արդյունքում ԵՊՀ 450 աշխատակիցներ կկորցնեն իրենց աշխատանքը, եւ ինքը նրանցից մեկն է, բոլորը ստացել են ծանուցումներ, որ մարտի 31-ից ազատված են աշխատանքից։
Թեմայի վերաբերյալ Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց ԵՊՀ գիտական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանից (լուսանկարում): ԵՊՀ պրոռեկտորը Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կա գիտական գործունեության ֆինանսավորման երեք տեսակ՝ ենթակառուցվածքի պահպանում և զարգացում, թեմատիկ ծրագրերի ֆինանսավորում և նպատակային ծրագրեր:
Ըստ նրա՝ օրենքում հստակ գրված է, որ նպատակային ծրագրերը և թեմատիկ դրամաշնորհներն իրականացվում են մրցույթով, ենթակառուցվածքի պահպանման և զարգացման համար մինչ այժմ մրցույթ նախատեսված չի եղել, այլ միայն փորձաքննություն:
«Ամեն տարի՝ մարտ ամսին, մենք և գիտական այլ կազմակերպություններ հայտ ներկայացնում ենք հաջորդ բյուջետային տարվա համար, ինչը արել ենք նաև 2018 թվականի մարտին: Այն հաստատվել է, բայց ՀՀ կառավարության կողմից 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշմամբ պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը սահմանվել է որպես դրամաշնորհ, և որոշվել է այսուհետ այն հատկացնել մրցութային ընթացակարգով»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Գևորգյանը:
Պրոռեկտորի խոսքով՝ ԵՊՀ-ն չի խուսափում մրցույթից, պարզապես նախօրոք հայտարարվել է, որ պետք է ներկայացնեն ծրագրերը, ինչը արել են. «Դեկտեմբերի 20-ից հետո գիտաշխատողների հետ էլ մեկ տարով երկարացրել ենք աշխատանքային պայմանագրերը, և հանկարծ դեկտեմբերի 27-ին որոշվել է, որ այդ ծրագրերը պետք է ֆինանսավորվեն մրցույթով: Ես լավ չեմ պատկերացնում ԵՊՀ ֆիզիկատեխնիկական հետազոտությունների կենտրոնի ֆինանսավորում մրցույթով: Այսինքն՝ ինչ-որ կազմակերպություն կարո՞ղ է շահել ԵՊՀ-ի ենթակառուցվածքը պահպանելու մրցույթը»:
Մեր զրուցակիցը նշեց, որ այս պահին էլ դեռ հայտնի չեն մրցույթի ժամկետները, և ինչքանով իրեն հայտնի է, մշակված էլ չեն մրցույթի անցկացման պայմանները. «Այսինքն, եթե նույնիսկ մոտակա շաբաթների ընթացքում հայտարարեն մրցույթ, և այն ընթանա բոլոր ընթացակարգերով, ապրիլի սկզբին հավանաբար պարզ չեն լինի մրցույթի հաղթողների անունները: Այդ պատճառով, Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ մենք ծանուցել ենք մեր աշխատողներին, որ 2019 թ. մարտի 31-ին լուծվելու է իրենց հետ կնքված աշխատանքային պայմանագիրը՝ իրենց կառուցվածքային ստորաբաժանման լուծարման (գործունեության դադարեցման), աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ հաստիքների կրճատման պատճառով»:
Նաեւ հավելեց, որ ԵՊՀ-ում հունվար ամսին վճարել են գիտաշխատողների աշխատավարձերը, դեռ երկու ամիս էլ կվճարեն, իսկ հետո, եթե ֆինանսավորում չլինի, այլևս չեն կարողանա: Պրոռեկտորի խոսքերով, այս պարտադրված ծախսերը համալսարանի համար կազմում են շուրջ 200 մլն դրամ (3 ամսվա աշխատավարձեր և հատկացումներ արձակման համար):
«Ծանուցված գիտաշխատողները ԵՊՀ-ում 450-ն, որոնցից 200-ը միայն գիտաշխատողներ են, մնացածը համատեղությամբ են աշխատում: Այսինքն՝ 200 գիտաշխատողներ կորցնելու են հիմնական աշխատանքը: Բացի դրանից՝ հունվար ամսից նրանք զրկվել են գիտական կոչման համար նախատեսված 25 և 50 հազար դրամ հավելավճարներից, որովհետև ըստ կարգի՝ այդ հավելավճարը հատկացվում է այն գիտաշխատողներին, որոնք ֆինանսավորվում են ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից»,-ասաց Գեղամ Գեւորգյանը:
Ըստ նրա՝ այս որոշումը շտապողականության և անտեղյակության արդյունք է: Այս հարցի վերաբերյալ ԵՊՀ գիտական խորհուրդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ուղարկել իր դիրքորոշումը: Մինչ այժմ պաշտոնական արձագանք ԵՊՀ-ն չի ստացել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ