Կառավարության ծրագրի աշխատանքային տարբերակը ԱԺ հանձնաժողովներ չի ուղարկվել: Այս մասին Aravot.am-ին փոխանցեցին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովից:
Հիշեցնենք, շաբաթ օրը խորհրդարանում կայացած «Իմ քայլը» խմբակցության եւ կառավարության ներկայացուցիչների փակ հանդիպումից հետո, խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրագրողներին փոխանցել էր, որ կառավարության ծրագրի աշխատանքային տարբերակն այսօր արդեն խորհրդարան կուղարկվի`քննարկման:
Aravot.am-ի հետ զրույցում, պարոն Աղազարյանը հստակեցրեց`առաջարկ է հնչել փաստաթղթի աշխատանքային տարբերակն ուղարկել խորհրդարան`գլխադասային հանձնաժողովներին`զուգահեռ քննարկումների համար, որպեսզի մինչեւ սահմանված ժամկետի ավարտը`փետրվարի 9-ը, վերջնական փաստաթուղթն ավելի համապարփակ եւ ամբողջական լինի:
Պատգամավորի տպավորությամբ, այդ առաջարկը, կառավարության ներկայացուցիչների, մասնավորաբար վարչապետի կողմից, առարկության չի հանդիպել: Ուստի, ինքը ենթադրում է, որ այն ընդունվել է:
Մինչ այս պահը, սակայն, խորհրդարանական հանձնաժողովները նման փաստաթուղթ չեն ստացել: Փաստաթուղթը չի մուտքագրվել նաեւ ԱԺ քարտուղարությունում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ Մխիթար Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից