Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղցկեղը հնարավոր է կանխարգելել. պետք է ժամանակին դիմել բժշկի

Փետրվար 04,2019 16:16

Այսօր՝ փետրվարի 4-ը ամբողջ աշխարհում քաղցկեղի դեմ պայքարի օրն է:

Ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է քաղցկեղը կանխարգելել. պետք է ժամանակին դիմել բժշկի: Սա նշանակում է՝ հարկավոր է պարբերաբար դիմել բժշկի: Այսօր այս մասին «Նոյյան տապան» ակումբում ասաց «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

Նրա ներկայացմամբ՝ վաղ փուլում կամ նախաքաղցկեղային փուլում հիվանդությունը հայտնաբերելու դեպքում բժիշկներն անգամ ուրախանում են. «Որովհետեւ փոքրիկ մասնիկ է հեռացվում կրծքագեղձից, եւ մարդն ապրում է առողջ երկար տարիներ»:

Այս կենտրոնում, ըստ Հակոբյանի, հետազոտվում է արգանդի պարանոցի քաղցկեղի եւ կրծքագեղձի քաղցկեղի հետազոտություն անցնողներից կեսից ավելին:

2018 թվականին «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում», ինչպես տեղեկացրեց Հակոբյանը, կատարվել է 60 հազար հետազոտություն, զննվել է 49 հազար 423 այցելու:

Տիկին Հակոբյանն ասաց, որ 1575 այցելուի մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ. նրանցից 1139-ի մոտ հիվանդությունը վաղ փուլում է եղել: Իսկ 38 կնոջ մոտ, ինչպես Հակոբյանն ասաց, հայտնաբերվել է արգանդի պարանոցի քաղցկեղ, 56-ի մոտ՝ նախաքաղցկեղային վիճակ: Այս ցուցանիշները, այսինքն, ըստ Հակոբյանի, քաղցկեղի հայտնաբերման դեպքերը էականորեն չեն փոխվել վերջին տարիներին:

Խաչանուշ Հակոբյանի վստահեցմամբ՝ եթե վաղ շրջանում հայտնաբերվի քաղցկեղ, ապա հիվանդը չի ունենա քիմիաթերապիայի, ճառագայթային բուժման կարիք եւ ընդամենը փոքր վիրահատության կարիք կլինի, այս դեպքում վիրահատության համար ծախսերն ավելի քիչ կլինեն, եւ իհարկե, հնարավոր է լինում փրկել կյանքը:

Կրծքագեղձի քաղցկեղի վիրահատությունն, ինչպես ասաց Հակոբյանը, տատանվում է 300 հազարից մինչեւ 1 միլիոն դրամ. գինը կախված է նախ նրանից, թե ինչ վիրահատություն է, եւ ինչ աստիճանի բարդ: Անցյալ տարի այս կենտրոնում, ըստ Հակոբյանի, կատարվել է վահանաձեւ գեղձի 1212 բարակ ասեղային ասպիրացիա՝ պունկցիա, սրա արդյունքում հայտնաբերվել է վահանաձեւ գեղձի քաղցկեղի 400 դեպք:

Ասուլիսին ներկա եւ նուն կենտրոնի ճառագայթային ախտորոշման բաժնի ղեկավար Հովհաննես Վարդեւանյանն էլ նշեց՝ վահանաձեւ գեղձի քաղցկեղն այսօր բավական հաճախ է հանդիպում, ընդ որում՝ նաեւ երիտասարդ տարիքում. «Վահանաձեւ գեղձը հեշտ հետազոտվող օրգան է՝ լավ վիզուալիզացիայով, եւ պետք չէ վախենալ, պետք է կանխարգելել հիվանդությունը»: Բժիշկը նաեւ վստահեցրեց՝ այս հիվանդության դեպքում էլ, վաղ փուլում հայտնաբերելու եւ ճիշտ բուժելու դեպքում բացարձակ արդյունք է լինում. «Եվ ավելի բարդ ու տոքսիկ բուժման կարիք չի լինում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728