Հինգշաբթի օրը`փետրվարի 7-ին, «Իմ քայլը» խմբակցության անդամները հանդիպում-քննարկում են ունենալու ՀՀ ֆինանսների նախարարի կամ նախարարության պատասխանատու աշխատակիցների հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Օրակարգում լինելու է նաեւ «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների փաթեթի քննարկումը: Փաթեթը, հիշեցնենք, արդեն հասցրել է աղմուկ բարձրացնել փաստաբանական եւ հաշվապահական գործունեություն ծավալողների շրջանում:
«Իմ քայլի» ղեկավարը կարեւոր է համարում, որ փաթեթը արտացոլի առանձին աշխատանքային խմբերի շահերը. «Պատգամավորներն ունեն առաջարկներ, որոնք կներկայացվեն նախարարության պաշտոնյաներին»:
Կքննարկվի նաեւ նախարարության աշխատակիցների պարգեւավճարների հարցը: Իշխող ուժի ներկայացուցիչների համար հետաքրքիր է իմանալ`պարգեւավճարները նո՞ւյնն են, թե՞ տարբեր:
Իսկ մարզպետների հետ, պարգեւավճարների հարցը քննարկվել է շաբաթ օրը խորհրդարանում կայացած հանդիպման ժամանակ: Լիլիթ Մակունցը կրկնում է`իրենց համար կարեւոր է, որ պետական հատվածում աշխատավարձերը բարձր լինեն կամ պարգեւավճարները փոխհատուցեն բարձր աշխատավարձը, որպեսզի համակարգից արտահոսք չլինի մասնավոր հատված: Բայց, իրենք կարեւորում են նաեւ հանրային արձագանքը, որը պարգեւավճարների մասով բավական բուռն եւ բացասական եղավ: Այս իմաստով, իրենք տարբեր հանդիպումներում ցանկանում են հասկանալ բուն խնդիրը եւ դրա լուծման համապարփակ տարբերակները. «Դեռ լուծումների չենք հանգել, որովհետեւ հավաքական չէ տեղեկատվությունը`առաջարկ կամ օրենքի նախագիծ առաջադրելու համար: Բայց, իմ կարծիքով, օրինակ, ինքնապարգեւատրումների ինստիտուտը պետք է վերանա: Կառավարությունում նույնպես պարգեւավճարների հարցը դիտարկման ենթակա է: Իրենք եւս տարբերակներ կմշակեն, որպեսզի պարգեւավճարները լինեն չափելի համակարգով, ոչ թե գոռացող»:
Կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցն էլ, ըստ Լիլիթ Մակունցի, արդեն վերջնականացման փուլում է եւ մոտ ապագայում կներկայացվի խորհրդարանին: Նա ենթադրում է, որ ներկայիս կառուցվածքով կառավարությունը կշարունակի աշխատել. «Այս պահին այլ տեղեկատվություն չունեմ, որ ավելի պակաս կամ ավել կլինեն»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ