Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարար. Վերցրել են կոկորդիլոսաբուծարանի կետն ու մարզպետին թիրախավորել

Փետրվար 04,2019 15:44

Եթե հասարակական կարծիքը դրական լինի, այս տարի Հայաստանում կծնվեն առաջին նեղոսյան կոկորդիլոսները:

Այսօր այս մասին ասաց ՀՀ Արարատի մարզի Դաշտավան գյուղում կոկորդիլոսաբուծարան հիմնելու մտադրություն ունեցող «Արմոն» ընկերության հիմնադիր, երկրաբան Խաչատուր Սարգսյանը:

Պարոն Սարգսյանի խոսքով, եթե հասարակական կարծիքն այսպես բացասական լինի, ներդրողները կհրաժարվեն ծրագրից: Գործարարի համար հասկանալի չէ՝ինչո՞ւ են 31 կետից բաղկացած ներդրումային ծրագրի հենց մեկ՝ կոկորդիլոսաբուծության կետը վերցրել ու դրանով թիրախավորել Արարատի մարզպետին:

Նրա խոսքով, մարզպետն այդ ծրագրի հետ ընդհանրապես կապ չունի եւ միայն ուզում է մարզի համար լավ բան անել, աշխատատեղեր հիմնել: Ներդրումային ծրագրով նախատեսված է հանգստի գոտի, խաղահրապարակ, ալիքներով լողավազան եւ այլն, իսկ կոկորդիլոսաբուծարանը ժամանցի վայրի գրավչությունը բարձրացնելու նպատակով է բացվում, որպեսզի, ասենք, զբոսաշրջիկներին գրավեն որպես նորամուծություն:

«Մարզպետն ամեն ինչ փորձում է անի, որ ծրագիրն իրականացվի իր մարզի տարածքում, որ իր համայնքի քաղաքացիներն աշխատանք ունենան, բայց մարզպետը չկա ծրագրի մեջ, դա սեփական ծրագիր է, մարզպետին են թիրախավորել եւ քննադատում են ծրագիրը, դա լավ չի»:

Ընկերության հիմնադիրն ասում է՝ իրենք ոչ մի խնդիր չունեն, ոչ օրենքի դաշտում, ոչ՝ բիզնեսի, պարզապես ապշած են արձագանքներից, որոնք հնչում են՝ առանց ներդրումային ծրագիրն ուսումնասիրելու: Նրա խոսքով, եթե այսպես շարունակվի ներդրողները, որոնք 20 երկրներից են, կհրաժարվեն ներդրումներից:
Այս ծրագրի իրագործման համար նախատեսված է 10 միլիոն դոլարի ներդրում: Ինչպես ընկերության հիմնադիրն ասաց, ժամանցի գոտին պատրաստ կլինի հինգ տարվա ընթացքում:

Ըստ պարոն Սարգսյանի, կոկորդիլոսն իր էությամբ, շատ հետաքրքիր կենդանի է եւ մեր երկրում կան այդ կենդանուն բուծելու նպաստավոր պայմաններ՝ չնայած, որ ընկերության համար ռիսկերը շատ բարձր են. «Ռիսկային տեսակետից մեր ծրագրի ամենաթույլ տեղն է կոկորդիլոսաբուծարանը: 400 դոլարով ձուն ենք գնում, ճանապարհին ջարդվեց կկորցնենք: Բայց մենք գնում ենք այդ ռիսկին, քանի որ դա մարդկանց գրավելու միջոց է»:

Խաչատուր Սարգսյանի խոսքով. «Սա բիզնես է, սա սիրո խոստում չէ, փող ես դնում, պետք է կարողանաս փողը հետ բերել: Փող շատ կա. լավ ծրագիր կառաջարկեք՝ մարդիկ կգան, ոչ ոք չի գալիս Հայաստանում գործարան ստեղծի, որովհետեւ երկարաժամկետ ծրագրեր են, մինչեւ բիզնեսն արդյունք կտա, տեխնոլոգիաներն են հնանում»:

Ծրագիրն իրագործվելու դեպքում սոցիալական մի շարք խմբերի համար մուտքն անվճար կլինի:

Բուծած կոկորդիլոսների միսը, կաշին ու ոսկորները կարտահանեն: Կենդանի կոկորդիլոս էլ են ներկրելո՞ւ, պարոն Խաչատրյանն ասաց, որ ունեն պլան «Բ», որի մասին, առայժմ չեն ուզում խոսել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728