Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում տեղի ունեցածը գնահատում են որպես ԶԼՄ-ների ներկայացուցիչների գործունեության անհիմն սահմանափակում. հայտարարություն

Փետրվար 04,2019 15:23

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

4 փետրվարի 2019 թ., Երեւան

Շաբաթ օրը՝ փետրվարի 2-ին, Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներին թույլ չեն տվել մտնել խորհրդարանի  շենք, ուր տեղի էր ունենում  «Իմ քայլը» խմբակցության դռնփակ նիստը՝ վարչապետի ու գործադիր իշխանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։ ԶԼՄ-ների  ներկայացուցիչները պարզաբանումներ են պահանջել, ինչին ի պատասխան ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության ղեկավարն ու որոշ պատգամավորներ արգելքը նախ պայմանավորել են ոչ աշխատանքային օրով, ապա՝ նիստի փակ լինելով, հետո էլ՝ վկայակոչել են խմբակցության կողմից հրավերի բացակայությունը։

Մինչդեռ, տվյալ պարագայում բերված պատճառաբանություններից ոչ մեկը չի կարող ընդունելի և համոզիչ համարվել։ Առաջին՝ եթե ոչ աշխատանքային օրով ԱԺ-ում կազմակերպվում է կարևոր քննարկում, ապա ինքնաբերաբար խորհրդարան մուտք գործելու հնարավորությունը պետք է տարածվի նաև հավատարմագրված լրագրողների վրա։ Երկրորդ՝ լրագրողները կարող են մատնանշել բազմաթիվ օրինակներ, երբ ոչ աշխատանքային ժամերին, մինչև ուշ երեկո, խորհրդարանում շարունակել են կատարել իրենց պարտականությունները։ Երրորդ՝ նիստի դռնփակ լինելը դեռ չի նշանակում, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչներն իրավունք չունեն մտնել ԱԺ շենք ու միջանցքներում փորձել մեկնաբանություններ ստանալ պատգամավորներից։ Եվ  չորրորդ՝ հավատարմագրված լրագրողներն այս ամենի համար հրավեր ստանալու կարիք ամենևին էլ չունեն։

Մենք՝ լրագրողական կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի՝ փետրվարի 3-ի ֆեյսբուքյան գրառումն առ այն, որ լրագրողներին ներս չթողնելու ցուցում չի եղել, և որ տեղի է ունեցել թյուրիմացություն, ինչի համար ներողություն է խնդրել։ Այդուհանդերձ, տեղի ունեցածը գնահատում ենք որպես ԶԼՄ-ների ներկայացուցիչների գործունեության անհիմն սահմանափակում և կոչ ենք անում ԱԺ ղեկավարությանը.

  • պաշտոնապես հայցել լրագրողների ներողամտությունը՝ կիրառված արհեստական արգելքի համար,
  • hանձնարարել ԱԺ աշխատակազմի իրավասու ստորաբաժանումներին՝ վերանայել նախորդ խորհրդարանից ժառանգած՝ լրագրողների հավատարմագրման կարգը և նրանց գործունեությանը վերաբերող մյուս նորմատիվ ակտերը,
  • պարտավորեցնել աշխատակազմին՝ առավել բարենպաստ պայմաններ ստեղծել ԱԺ-ում լրագրողների գործունեության համար և բացառել ապագայում անհիմն սահմանափակումների դրսևորումները։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Լուսանկարը՝  Նարեկ Կիրակոսյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728