Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կինոյին տրամադրված պետության փողերը չինովնիկական ապարատը խժռում է. Հովհաննես Գալստյան

Փետրվար 04,2019 14:47

«Ոնց կարելի է գալ իշխանության՝ հայտարարելով, որ մենք ներդրումների համար բաց ենք, մենք ներքին արտադրողների համար բարենպաստ մթնոլորտ ենք ստեղծում ու դրա ուղիղ հակառակն անել, տապալել մի ֆիլմ, որն արդեն պետական ֆինանսավորմամբ սկսվել է: Ֆիլմի դեմ որեւէ մեկը հակափաստարկ չունի, նյութերը նկարած նայում են, ասում են՝ շատ լավն է: Իմ անձի դեմ է խնդիրը, որովհետեւ ես ասում եմ՝ կինոյի պետական կառավարման մոդելը մաշված, բորբոսնած մոդել է, որը տապալել է հայկական կինոն: Այն մարդիկ, որոնք կինոյի կառավարմամբ են զբաղվում ոչ կոմպետենտ են ու օր առաջ պետք է փոխվեն: Բազմաթիվ անգամ ասել եմ՝ պետությունն ամեն տարի 820 միլիոն դրամ տալիս է կինոյին, դրանից ընդամենը 150 միլիոն դրամն է հասնում լիամետրաժ խաղարկային ֆիլմերի նկարահանման հրապարակ, մնացած գումարը ճանապարհին պետական չինովնիկական ապարատը խժռում է»,- այսօր ԱԺ այգում ասուլիսի ժամանակ ասաց երեկվանից ԱԺ այգում հացադուլ սկսած կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը:

Նա վստահեցրեց, որ ինքն ու իր համակիրները պայքարելու են կինոյի պետական կառավարման մոդելի փոփոխությանը հասնելու համար:

Հիշեցնենք, որ կինոռեժիսորի երկրորդ հացադուլն է:

2019-ի փետրվարին էկրան պիտի բարձրանար նրա՝ «Տատիկիս վարսերը» ֆիլմը, սակայն արգելափակվեց: Հովհաննես Գալստյանը «Տատիկիս վարսերը» հայ-բուլղարա-գերմանական կինոնախագծի համառեժիսորը եւ համապրոդյուսերն է. «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիրն է: Ըստ Գալստյանի՝ 2016 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնը ստանձնել է պարտավորություն «Տատիկիս Վարսերը» հայ-բուլղարա-գերմանական ֆիլմի արտադրությանը բյուջեի մինչև 30%-ի չափով (88 մլն դրամ) ֆինանսավորում հատկացնելու մասին:

2016թ-ին ֆիլմին հատկացվել է 8 մլն դրամ։ 2017թ-ին՝ 15 մլն, որի մի մասը մշակույթի նախարարությունը՝ նախկին նախարար Արմեն Ամիրյանի ղեկավարությամբ, հետ է վերցրել, ապա կինոկենտրոնն ընդունել է նոր կանոնակարգ, որով 2018թ-ին հրաժարվել է ֆիլմին հատկացվելիք 60 մլն դրամի պարտավորությունից։ Ըստ Գալստյանի, սակայն Ամիրյանը երաշխավորել էր վերցված գումարը վերադարձնել, բայց հրաժարական տվեց ու չկատարեց իր խոստումը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Հովհաննես Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728