Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լուսինե Արշակյան. «Տնօրեն է ընտրվել «Իմ քայլի» շտաբն իր բակում տեղակայած թեկնածուն, ԿԳՆ ներկայացուցիչն էլ շտաբի պետն է եղել»

Փետրվար 04,2019 14:01

Արարատի մարզի Մրգավետ համայնքի դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Լուսինե Արշակյանը փետրվարի 4-ին «Հայելի» ակումբում հայտարարեց, որ իրենց դպրոցում տեղի է ունեցել տնօրենի մրցույթ, եւ ընտրվել է մարզպետ Գարիկ Սարգսյանի թեկնածուն, թեեւ դպրոցն ուներ իր նախընտրած թեկնածուն` դպրոցի երկարամյա ուսուցիչ Հասմիկ Սիմոնյանը: Դպրոցի նախկին տնօրեն Վրեժ Զոհրաբյանը կենսաթոշակի է անցել:

Նաեւ նշեց, որ չի բացառվում՝ այս ընտրությանը հետեւեն ազատման դիմումներ, նաեւ իրեն ստիպեն աշխատանքից ազատման դիմում գրել, քանի որ համարձակվել է բարձրաձայնել խնդրի մասին:

«Տեղի է ունեցել դպրոցի տնօրենի ընտրություն՝ կառավարման խորհրդի 8 անդամների ներկայությամբ, եւ իրավաբանորեն ամբողջ ընթացակարգը կատարվել է ճշգրտությամբ` օրենքի տառին համապատասխան, պահպանվել են բոլոր կետերը: Ես վարել եմ նիստը, ժամանակ է տրվել, որ հավասար պայմաններում 4 թեկնածուներն էլ` Արեւիկ Թարվերդյանը, Գայանե Աբրահամյանը, Գոհար Սահակյանը եւ Հասմիկ Սիմոնյանը ներկայացնեն դպրոցի զարգացման իրենց ծրագրերը»,- ասում է կառավարման խորհրդի նախագահը: Բայց նաեւ շեշտում, որ այդ օրինականության տակ այլ ենթատեքստ կա:

Մանրամասն` տեսանյութում

Նրա խոսքերով, դպրոցի տնօրեն ընտրվում է կառավարման խորհրդի 8 անդամների ընտրության արդյունքում, եւ ընտրությունը վավեր է համարվում, եթե խորհրդի 5 անդամ քվեարկել է մեկ թեկնածուի օգտին, իսկ եթե ձայները հավասար են բաշխվում, տնօրեն է ընտրում փոխվարչապետը:

Լուսինե Արշակյանն ասում է, որ Մրգավետի դպրոցի տնօրենի ընտրությունը նախապատմություն ունի: «Դեռեւս նոյեմբեր ամսից, երբ Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում էր ԱԺ ընտրություններին, բոլոր համայնքներում տեղակայվում էին շտաբներ: Ինչ վերաբերում է Մրգավետին, «Իմ քայլը» դաշինքի շտաբը տեղակայված էր թեկնածու, հավակնորդ Արեւիկ Թարվերդյանի բակում, եւ շտաբի պետ էր ընտրված ԿԳ նախարարության կողմից ներկայացուցիչ Մհեր Գեւորգյանը»,-շեշտում է կառավարման խորհրդի նախագահը:

Հավելում է, որ նոյեմբերին մարզպետարանը փոխել է ներկայացուցչին, փոխվել է նաեւ ԿԳ նախարարության ներկայացուցիչը, ընդ որում՝ ԿԳ ներկայացուցիչ է դարձել Մհեր Գեւորգյանը, որը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին եղել է Մրգավետ համայնքում «Իմ քայլը» դաշինքի շտաբի պետ:

Մանրամասն` տեսանյութում

 «Փոփոխությունների արդյունքում Պողոսյան Հովհաննեսը կառավարման խորհրդի անդամ դարձավ դպրոցում համայնքի կողմից, իսկ Արեւիկ Թարվերդյանը նրա հարսն է: Մի փոքրիկ գյուղում, որի դպրոցն ունի 336 աշակերտ, արդյոք պատահականությո՞ւն էր, որ նախկին տնօրենի թոշակի գնալուց հետո նոյեմբերի առաջին տասնօրյակում լիազոր մարմինն արագ փոխեց իր անդամներին»,- հայտարարում է կառավարման խորհրդի նախագահը, պնդում, որ ոմանք ուղղակի ներմուծվել են դպրոցի կառավարման խորհուրդ՝ անգամ չունենալով բարձրագույն կրթություն եւ առնչություն կրթության ոլորտի հետ:

Մանրամասն` տեսանյութում

Լուսինե Արշակյանն ասում է, որ փաստորեն կառավարման խորհրդի անդամներին փոխել, հետո նոր հայտարարել են դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթը: Նրա ձեւակերպմամբ, դեռեւս նոյեմբեր ամսից է պլանավորված եղել Արեւիկ Թարվերդյանի տնօրեն դառնալը, անգամ ասեկոսեներ են եղել, որ հենց նա է ընտրվելու: Կառավարման խորհրդի նախագահը պնդում է, որ գործընթացի իրականացմանը նախորդել են զանգեր ու ցուցումներ «վերեւից»:

Մանրամասն` տեսանյութում

«Չէի ուզենա, որ Արարատի մարզում շարունակվեին դպրոցի տնօրենների ուղղորդված, սլաքավորված ընտրությունները, պլանավորված ընտրություններ»,-հայտարարեց բանախոսը: Հավելեց, որ Արարատի թիվ 1 դպրոցն արդեն տեւական ժամանակ չունի տնօրեն, եւ այնտեղ նույնպես վիճահարույց բաներ կան. «Խոսակցություններ կան, որ Ավշարի դպրոցում մարտի 1-ին կայանալու է տնօրենի ընտրություն, սակայն գաղտնի են պահվում թեկնածուները: Կա խոսակցություն, որ հնարավոր է դպրոցի տնօրեն ընտրվի Գարիկ Սարգսյանի քեռու հարսը»,-ասաց Լուսինե Արշակյանը:

Մանրամասն` տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728