Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավորների խճանկարը բավականին հետաքրքիր է…:
Կան փորձառու պատգամավորներ, անփորձ ինտելեկտուալներ, պարզապես անփորձներ և վերջապես չխոսկաններ:
Վերջիններիս որակական կազմը առավել ցայտուն է երևում «Իմ քայլ» դաշինքում հայտնվածների մոտ:
ԱԺ-ում փետրվարի 2-ին «Իմ քայլ» դաշինքը հրավիրեց դռնփակ նիստ և լրագրողներին դրսում թողեց: Լրագրողները 4 ժամից ավել սպասելուց հետո փորձում էին փակ նիստից դուրս եկող պատգամավորներին հարցեր ուղղել և պատասխան ակնկալել:
Ավաղ, այն ապարդյուն եղավ, քանզի պատգամավորները չէին կարողանում խոսել, նրանց պարզապես արգելված էր որևէ հոդաբաշխ խոսք ասել` մեկի վիզն էր ցավում, մյուսի տաքսին էր սպասում, երրորդի մոտ մեկնաբանությունն էր անլուրջ և այսպես շարունակ:
Ստացվել է այնպես, որ «Իմ քայլ»-ը և նրանց հարող ՔՊ-ի անդամները անկախ իրենց ձայնի տեմբրից` մեցցո-սոպրանո, սոպրանո, բարիտոն, բաս, խոսում են մեկ ձայնով, և այդ մեկ ձայնը վարչապետի ձայնն է:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը միանգամայն ճիշտ է, երբ արգելափակել է նրանց ձայնի իրավունքը` լրագրողների հարցերին չպատասխանել և վերջ:
Փաստորեն ԱԺ-ի 88 պատգամավորների ձայնը առայժմ գտնվում է ռադիոծածկույթից դուրս:
Ի դեպ, չխոսկան հարսներ եղել են անցյալ դարի առաջին կեսում, իսկ չխոսկան պատգամավորները մեր օրերում են:
Գառնիկ Վաղարշակյան
Հայաստանի բուհերի արհեստակցական
կազմակերպությունների ճյուղային
հանրապետական միության նախագահ