Դատելով համայնքներում առաջադրումներից՝ ՏԻՄ ընտրությունները նաեւ չեն հետաքրքրում իշխող ուժին՝ ՔՊ-ին
Փետրվարի 17-ին ՀՀ 20 համայնքներում տեղի կունենան Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Առաջադրված 76 թեկնածուներից 65-ն անկուսակցական է: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից առաջադրվել է 7 թեկնածու՝ բոլորն ինքնաառաջադրմամբ: Առաջադրվել են 1 ՀՀԿ-ական թեկնածու, 1 ԲՀԿ-ական, 2 ՀՅԴ-ական թեկնածուներ:
Այսինքն՝ պատկերը վկայում է այն մասին, որ ՏԻՄ ընտրությունների նկատմամբ կրկին հետաքրքրությունը մեծ չէ նաեւ հեղափոխությունից հետո, անգամ իշխող կուսակցության շրջանում՝ դատելով ընդամենը 7 ՔՊ-ական թեկնածուի՝ ընտրություններին մասնակցությունից, ընդ որում՝ 4-ը համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարներն են՝ մարզպետների կողմից նշանակված:
Հետաքրքիր պատկեր է Ուրցաձոր համայնքում, որտեղ առաջադրվել են նաեւ համայնքի նախկին ղեկավար, անկուսակցական Ռաֆիկ Անդրեասյանը, համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար՝ ՔՊ-ական Գեւորգ Ավետիսյանը, համայնքի ղեկավարի տեղակալ, անկուսակցական Բագրատ Խաչատրյանը եւ եւս չորս անկուսակցական թեկնածուներ:
Շիրակի մարզի Աշոցք համայնքում առաջադրվել է յոթ թեկնածու: Նրանց շարքում է նաեւ Աշոցքի նախկին գյուղապետ, ՀՀԿ-ական Արթուր Ալոյանը: Այս համայնքում իրար հետ մրցելու են 3 ՔՊ-ական թեկնածուներ, որոնցից մեկը համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մանուկյանն է: Այս համայնքում առաջադրվել է նաեւ դաշնակցական թեկնածու Սուրեն Սարգսյանը:
Aravot.am-ը Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար ՔՊ-ական Կարեն Մանուկյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է որոշվել, որ իրար դեմ թեկնածություն են դրել երեք ՔՊ-ական թեկնածուներ: Նա պատասխանեց. «Ինքնաառաջադրում է եղել. կուսակցությունը ոչ մեկին չի առաջադրել այն նպատակով, որ որպես իշխանություն չմիջամտի ընտրություններին»:
Մեր հարցին՝ չի՞ կաշկանդում այն, որ նույն կուսակցության երեք ներկայացուցիչներ իրար դեմ են պայքարում, Կարեն Մանուկյանը պատասխանեց. «Շատ նորմալ եմ ընդունում: Բոլորն էլ ՀՀ քաղաքացիներ են: Իրավունք ունեն փորձելու իրենց հնարավորությունները եւ թեկուզ հաղթահարելու»:
Մեր հիշեցմանը՝ առաջադրվել է նաեւ համայնքի նախկին ղեկավար Արթուր Ալոյանը, եւ հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում իր եւ Ձեր շանսերը, Կարեն Մանուկյանն արձագանքեց. «Իմ շանսերը բարձր եմ գնահատում, իսկ Ալոյանի մասով զերծ կմնամ մեկնաբանություններից: Այս պահին ժողովուրդն առայժմ կողմնորոշված չէ, թե ավելի շատ որ թեկնածուին է տեսնում, ուստի տեսանելի չէ, թե որ թեկնածուն ինչ շանսեր ունի: ՏԻՄ ընտրությունները ժողովրդի մոտ ընդունված չեն որպես քաղաքական: Ինձ համար, միանշանակ, եթե ընտրություն է, քաղաքական է, բայց ընդհանուր ժողովրդի հոգեբանության մեջ այդպես ընդունված չէ: Այսինքն՝ այստեղ ՀՀԿ-ական, ՔՊ-ական կամ անկուսակցական՝ կապ չունի»:
Արթուր Ալոյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ որոշեց կրկին դնել իր թեկնածությունը, նա պատասխանեց. «Ես դիմում էի գրել, դուրս եկել: Տեխնիկական խնդիրը հարկեր հավաքել չկարողանալն էր, քաղաքական պատճառը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորը, թե հրաժարական տվեք, նորից մասնակցեք ընտրությունների, ընտրվեք, աշխատեք: Մեր ժողովուրդն ասում է՝ հինգ տարուց երկու տարին եք աշխատել, դեռ երեք տարի մեզ պարտք եք, հաշվետվություն ունեք տալու: Ժողովուրդն ասում է՝ եթե հարկերը չհավաքելն է խնդիրը, մենք հարկերը տալիս ենք, բայց Դուք իրավունք չունեք ժողովրդի հետ այդպես վարվելու: Ես պաշտոն չեմ սիրում. 13 տարի անգամ ցուցանակ չունեի, որ համայնքի ղեկավար եմ: Մեր կողմի ժողովուրդը համայնքի ղեկավարի ընտրությունը չի կապում կուսակցականության, հեղափոխության հետ: Նայում են անցած ճանապարհը: Ժողովուրդն ինձ է տեսնում, որ հնարավոր է՝ ինչ-որ բան կարողանամ փոխել, օգուտ տալ, ուստի չեն նայում՝ ՔՊ-ակա՞ն եմ, ՀՀԿ-ակա՞ն եմ, դաշնակցակա՞ն, թե՞ անկուսակցական»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
2.02.2019