Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարդիկ սպանում են իրար հանուն ադամանդի, երկրները պատերազմում են հանուն նավթի

Փետրվար 04,2019 15:00

Սակայն աշխարհի ամենաթանկ ապրանքները ոչինչ են ջրի բացակայության պարագայում

Օրերս Արաբական Միացյալ Էմիրություններ այցի ընթացքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի արտահայտած այն միտքը, թե ջուրը 20-50 տարի անց ավելի արժեքավոր է լինելու, քան նավթը, տարբեր մեկնաբանությունների եւ տարընթերցումների տեղիք էր տվել:

«Առավոտը» փորձեց թեմայի վերաբերյալ ուշագրավ կարծիքներ առանձնացնել, որոնք տեղ են գտել միջազգային մի քանի հեղինակավոր պարբերականներում:

«Ջուրն ավելի արժեքավոր կդառնա, քան նավթը՝ հաշվի առնելով բնակչության, արդյունաբերությունների ու գյուղատնտեսության կողմից աճող պահանջարկը»,- 2017 թվականին «Financial Times»-ում հրապարակված հոդվածում նման կարծիք է հայտնել ֆրանսիական Suez ընկերության գործադիր ղեկավար Ժան-Լուիս Շոսեդը: Նրա համոզմամբ՝ ջրի անբավարարությունը քիմիական, դեղագործական, արդյունահանման ու էներգետիկ արդյունաբերությունների առաջ ծառացած ամենամեծ մարտահրավերներից է: Պատասխանելով «Financial Times»-ի թղթակցի հարցին, թե արդյոք ջուրը մի օր կարո՞ղ է ավելի թանկարժեք ապրանք դառնալ, քան նավթը, Շոսեդն ասել է. «Ապագայում՝ ամենայն հավանականությամբ այո»: Նա նշել է, որ համաձայն կանխատեսումների՝ 2035 թվականին աշխարհի բնակչության շուրջ 40 տոկոսը բնակվելու է ջրի անբավարարություն ունեցող տարածքներում:

«The Times» հեղինակավոր պարբերականն էլ գրում է՝ Համաշխարհային բանկի կողմից ստեղծված «2030 Ջրային պաշարների խումբը» հավատացած է, որ մինչեւ 2030 թվականը ջրի պահանջարկը 40 տոկոսով ավելին է լինելու, քան այսօր, եւ եթե քայլեր չձեռնարկվեն ընդդեմ կլիմայական փոփոխությունների ազդեցությունների, ջրային պաշարները կնվազեն:

Ըստ լրատվամիջոցի. «Սպառնալիքն այնքան իրական է, որ ԱՄՆ Ազգային հետախուզության գրասենյակը վերջերս նախազգուշացրել է, որ ջրի շուրջ վեճերը ներուժ ունեն վերածվելու զինված հակամարտությունների, մասնավորապես՝ աշխարհի այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են Աֆրիկան եւ Մերձավոր Արեւելքը»: Բրիտանական «The Times» պարբերականը դիմել է փորձագետների՝ հասկանալու, թե արդյոք ջուրը կարո՞ղ է դառնալ ավելի թանկարժեք, քան նավթը:

Ալեքսեյ Լեւինը, որը ջրի թորման համար մաքուր էներգիա օգտագործող Desolenator ստարտափի համահիմնադիրն է, իրատեսական է համարում այն, որ ջուրն ապագայում ավելի թանկ կարող է արժենալ, քան նավթը:
«Աշխարհի ամենաթանկ արժեք ջուրը այն է, որը մենք սպառում ենք՝ խմում կամ օգտագործում ենք ուտելիք պատրաստելու գործում: Եթե Միացյալ Թագավորությունում բենզինի մեկ լիտրն արժե 1.29 ֆունտ, ապա անվանի ընկերությունների կողմից վաճառվող մեկ շիշ ջուրն արդեն կարող է շուրջ երեք անգամ ավելի արժենալ: Խմելու ջուրն այլեւս ավելի էժան չի լինելու»,- նշել է նա: Լեւինն ընդգծել է, որ աշխարհում շուրջ 2.1 միլիարդ մարդ չունի անմիջական հասանելիություն մաքուր, խմելու ջրին. «Եվ սա միայն զարգացող աշխարհի խնդիրը չէ: Գրեթե ամեն երկրում կա ջրի խնդիրը՝ Ամերիկայի հարավ-արեւմուտքում ջրի սակավության խնդրից մինչեւ Ավստրալիայում գրանցված ծայրահեղ երաշտի դեպքերը: Ինդոնեզիան ունի տարեկան 3 մետր տեղումներ, սակայն այն ապահով խմելու ջրի շատ սահմանափակ հասանելիություն ունի: Առաջիկա տասը տարիներին մենք ողջ աշխարհում լրջագույն խնդիրների կբախվենք, եթե չմիավորվենք ու լուծումներ չտանք ջրի սակավությանը»:

«The Economist» պարբերականը, անդրադառնալով ջրի համաշխարհային սպառմանը եւ դրա պահանջարկի տարեցտարի ավելացմանը, նշում է, որ 60 տարի առաջ, երբ աշխարհի բնակչությունը մոտ 2.5 միլիարդ էր, ջրամատակարարման հետ կապված խնդիրները քչերին էին անհանգստացնում. «Երկրի վրա մարդկանց թիվը 2000 թ.-ին հասել է 6 միլիարդի, այսօր կազմում է մոտ 7 միլիարդ եւ 2050 թ.-ին հասնում է 9 միլիարդի: Դրան զուգահեռ՝ անխուսափելիորեն աճում է նաեւ ջրի պահանջարկը: Տները, գործարանները եւ գրասենյակներն ավելի շատ են ջուր սպառում: Սա նաեւ մոլորակի աճող կարիքն է սննդի նկատմամբ. ջուրն օգտագործվում է մշակաբույսերի եւ մսի արտադրության համար, որոնք առավել քան կարեւոր են: Ըստ այդմ, ջրի համաշխարհային սպառման մոտ 70 տոկոսը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը: Ոռոգման կարիք ունեցող տարածքներն աշխարհում կրկնապատկվել են, իսկ գյուղատնտեսության համար նախատեսված ջրի քանակը՝ եռապատկվել: Մեկ միլիարդ մարդ ամեն գիշեր քաղցած է քնում, մասամբ նաեւ այն պատճառով, որ առկա է ջրի պակաս՝ սնունդ աճեցնելու համար: Մարդիկ սպանում են իրար հանուն ադամանդի, երկրները պատերազմում են հանուն նավթի: Սակայն աշխարհի ամենաթանկ ապրանքները ոչինչ են ջրի բացակայության պարագայում: Թարմ ջուրը կարեւոր է կյանքի համար եւ չունի փոխարինիչ: Այն հիմնականում չունի գին, սակայն համարվում է աշխարհում ամենաթանկը»:

«Bloomberg» պարբերականն անդրադառնում է այն կարծիքներին, որ հնարավոր է ջուրը դասակարգվի որպես ակտիվ:

Սուեզի ղեկավար Ժան-Լուի Չաուսադեն կարծում է, որ ջուրը կարող է ավելի արժեքավոր լինել, քան նավթը: Ըստ նրա՝ այնուամենայնիվ, ապրանքի՝ հատուկ կարգավիճակ ունենալը կարող է խոչընդոտել ներդրումներին:

Ի տարբերություն նավթի կամ էլեկտրաէներգիայի՝ ջուրը հազվադեպ է վաճառվում բորսաներում կամ սահմանին: Տրանսպորտային առումով այն թանկ է:

«Չկա որեւէ համասեռ գլոբալ ջրի գին, եւ նույնիսկ դժվար է պատկերացնել, որ այն երբեւէ կարող է ձեւավորվել»,- ասում է Pictet Asset Management-ի ֆոնդի կառավարիչ Արնաուդ Բիսչոպը՝ հավելելով. «Ջրի հասանելիության եւ ՀՆԱ աճի միջեւ կա 100 տոկոս հարաբերություն: Եթե չկա ջուր, չկա նաեւ տնտեսական աճ»:

Ըստ նույն պարբերականի՝ խմելու բավարար ջուր ունենալը մարդու իրավունքն է, եւ հասարակությունը չի ցանկանում շատ բան վճարել երկնքից ընկած մի բանի համար: Այսպիսով, կառավարությունները հաճախ արհեստականորեն ցածր ջրի սակագներ են սահմանում, ինչը դժվարացնում է ներդրումները:

«The Guardian» հայտնի պարբերականի հոդվածի հեղինակ Սթիվեն Լիին ջուրն ավելի արժեքավոր եւ օգտակար է համարում, քան նավթը: Նա երկար տարիներ հետազոտություններ իրականացնելուց հետո հանգել է նրան, որ մենք բոլորս շրջապատված ենք ջրի թաքնված աշխարհով: Անչափելի լիտրեր են սպառվում այն ամենի վրա, ինչը մենք ուտում ենք, ինչը մենք օգտագործում ենք եւ գնում: Ավտոմեքենաներ, կահույք, գրքեր, ճաշատեսակներ, հեռուստացույցներ, ավտոմայրուղիներ, շենքեր, ոսկերչական իրեր, խաղալիքներ, էլեկտրաէներգիա. այս ամենը չէին լինի, եթե չլիներ ջուրը: Չափազանցություն չի կարելի համարել, եթե ասենք, որ ջուրը շատ ավելի արժեքավոր է եւ օգտակար, քան նավթը:

Որպես օրինակ կարելի է բերել 0.5 լիտր տարողությամբ պլաստիկ շշով ջուրը: Այն իրականում 5.5 լիտր է, քանի որ դրա պլաստիկ շշի արտադրության համար օգտագործվել է 5 լիտր ջուր: Բայց մենք դրա մասին երբեք չենք մտածում: Այդ 5 լիտրն այն նույն ջուրն է, որը մենք կարող էինք խմել: Դրա մասին չեն մտածում ո՛չ բիզնեսմենները եւ ոչ էլ կառավարությունները: Այս օրինակով կարելի է չափել ցանկացած ապրանք եւ արտադրություն, որպեսզի պարզ դառնան ջրի կարեւորությունն ու անչափելի սպառման ծավալները։

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

2.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728