Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքից դուրս կամ անգործունյա ղեկավարներ ու թափառող շներ

Փետրվար 04,2019 14:00

Թափառող շներ կան ամենուրեք: Գաղտնիք չէ, որ թափառող շները մեծ վտանգ են ներկայացնում ազգաբնակչության համար: Նրանց հիմնահարցը տարբեր երկրներ տարբեր կերպ են լուծում՝ կախված իրենց երկրի զարգացման մակարդակից, ընդունած օրենքներից, կառավարության կամ ՏԻՄ ղեկավարների ու ավագանու ընդունած որոշումներից…Եթե արեւմտյան երկրներում գոյություն ունեն շների հավաքման կայաններ, զինված համապատասխան տեխնիկական ու քիմիական լաբորատորիաներով, համապատասխան մասնագետներով, ապա մեզանում դրա մասին երազել անգամ չենք կարող (եթե չհիշենք որոշ ստուգումների արդյունքում հայտնաբերված կենդանիների համար նախատեսած բյուջետային հատկացումների ճոխ ցուցակների յուրացումները): Ինչեւէ: Մեզանում լավագույն դեպքում թափառող շների դեմ պայքարում են նախնադարյան մեթոդներով՝ սպանում են կեսգիշերին կրակելով:

Հերթական բողոքը ստացել էինք Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի մի բնակչից, ով չուզեց ներկայանալ, քանզի խնդիրը վերաբերում էր դպրոցահասակ որդուն: Երկու տարի առաջ դպրոցից տուն վերադառնալիս երեխան ենթարկվել էր թափառող շների ոհմակի հարձակմանը… չնկարագրենք երեխայի այդ օրվա վիճակը, բայց խոսենք հետեւանքների մասին, մինչեւ օրս երեխայի մոտ նկատելի է խոսքի անլիարժեքություն (կակազում է), գիշերային միզապահության խնդիր է առաջացել…ԵՎ ընդհանրապես ինչե՞ր ասես, որ չի առաջանում վախից, իսկ ո՞վ է երբեւէ հաշվել մեր տուժած քաղաքացիների թիվը: Այո, այս պարագայում վտանգված է մարդու անհոգ ապրելու տարրական իրավունքը։ Հիշյալ դեպքի առումով երեխայի ծնողները մինչեւ օրս պայքարում են երեխայի մոտ առաջացած շաքարի դեմ…Ովքե՞ր են պատասխան տալու նման իրավիճակներում: Ե՞րբ եւ ի՞նչ միջոցառումներ են իրականացրել եւ իրականացնում թափառող շների դեմ պայքարելիս Բալահովիտ համայնքում հարցիս պատասխանն այդպես էլ չկարողացա պարզել համայնքի ղեկավար Կամո Գրիգորյանից, քանզի համայնքապետարանի 0222-6- 35-39 հեռախոսահամարի ապարատը միացված չէր կայանին: Իսկ նորընտիր մարզպետին էլ անիմաստ էր հարցիս ուղղելը, քանի որ ամենուրեք մարզպետները տարված են իրենց ունեցած բյուջեն պարգեւավճարների վերածելուն, իսկ այս տխուր պատկերը գրեթե ամեն համայնքում է առկա…Բալահովիտում եւ ոչ միայն այս համայնքում, առկա է նաեւ արտաքին լուսավորության խնդիրը: Ու պատահական չէ, որ տեղի բնակիչները ձմռան կարճ օրերին ձեռնափայտերով են դուրս գալիս փողոց եւ ոչ միայնակ…Բոլոր մարզպետների ուշադրությունն եմ ուզում հրավիրել այս հիմնախնդրի վրա, չգիտեք փողերը ինչպես ծախսե՞լ, արտաքին լուսավորությունն ապահովեք ձեր համայնքներում, չէ՞ որ քսանմեկերորդ դարում ենք ապրում: Ի դեպ, Բալահովիտի մի այլ բնակիչ էլ փաստեց, որ անցած տարվա վերջում գերեզմաններից մեկում լույս են քաշել ու այն բավականին լուսավորում է շրջապատը: Հաշտվե՞նք այն մտքի հետ, որ կան ավելի զորավոր մահացածներ, քան որոշ ողջ մարզպետնե՞ր:

Բողոքը գրի առավ ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ, 

2.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728