Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագիտական համալսարանում փո՞ղ են լվացել

Փետրվար 04,2019 13:30

ՀՊՏՀ խորհրդի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ որոշ մարդիկ պետք է բացատրություններ տան

Վերջին շրջանում ամենաաղմկոտ թեմաներից մեկը ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյան-ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյան «փոխհրաձգությունն» է, եւ ըստ Սանասարյանի` Մայր բուհում եղած չարաշահումները: Սակայն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) տարեկան ֆինանսական հաշվետվություններին, գնումների պլաններին, անցկացված մրցույթներին ու կնքված պայմանագրերին (այս ամենը բաց ու մատչելի տեղեկատվություն է, որ առկա է բուհի կայքէջում՝ ծանոթանալուց հետո տպավորություն ես ստանում, որ այստեղ էլ, կարծես, ինչ-որ բան այն չէ:

«Առավոտի» տեղեկություններով՝ 2019թ. հունվարի 18-ին կայացած ՀՊՏՀ կառավարման խորհրդի անդրանիկ նիստում բարձրաձայնվել է բուհում կատարված Ֆինանսական չարաշահումների վերաբերյալ աղաղակող փաստերից մեկը: Հարցը վերաբերել է 2013 թվականից մասնավոր հյուրանոցի կարգավիճակ ունեցող մի հանրակացարանատիպ շինության վարձակալության հետ կապված արտառոց մեծ ծախսերին ու դրանց համեմատ չնչին եկամուտներին:

Ըստ ՀՊՏՀ կայքում տեղադրված ֆինանսական հաշվետվությունների, ինչպես նաեւ ՀՊՏՀ 2018թ. տարեկան բյուջեի, 2013-2018թթ. ՀՊՏՀ ղեկավարությունը մասնավոր հանրակացարանի վարձակալության նպատակով ՀՊՏՀ բյուջեից վճարել է 464 մլն 363 հազար դրամ, իսկ այդ նույն «հանրակացարանային գործունեություն» հոդվածից ստացել է ընդամենը 59 մլն 587 հազար դրամ: Պարզ ասած, վնասը՝ նշված թվերի տարբերությունը, կազմել է 404 մլն 776 հազար դրամ:

Ըստ տարիների՝ վնասի պատկերն այսպիսին է. 2013թ. հանրակացարանի վարձակալության համար վճարվել է 56 մլն 832 հազար դրամ, իսկ օգուտը՝ ուսանողների բնակվարձի տեսքով կազմել է ընդամենը 903 հազար դրամ (վնասը կազմել է 55 մլն 929 հազար դրամ), 2014թ. դարձյալ վճարվել է 56 մլն 832 հազար դրամ, իսկ օգուտը՝ 10 անգամ պակաս՝ 5 մլն 742 հազար դրամ (վնասը՝ 51 մլն 87 հազար դրամ), 2015թ. վարձակալական վճարը կազմել է 65 միլիոն 709 հազար դրամ, եկամուտը՝ 9 մլն 397 հազար (վնասը՝ 56 մլն 312 հազար), 2016թ. վարձակալական վճարը կազմել է 92 միլիոն դրամ, եկամուտը՝ 12 մլն 212 հազար (վնասը՝ 79 մլն 738 հազար), 2017թ. վարձակալական վճարը կազմել է 93 միլիոն դրամ, եկամուտը՝ 15 մլն 640 հազար դրամ (վնասը՝ 77 մլն 360 հազար դրամ), 2018թ. վարձակալական վճարը կազմել է 100 մլն դրամ, իսկ եկամուտը 15 մլն դրամ (վնասը՝ 85 մլն դրամ):

Արտառոցն այն է, որ, ըստ մեր տեղեկությունների, ՀՊՏՀ խորհրդի վերանշանակված (կառավարության եւ նախարարության կողմից) նոր կազմը հաստատել է ՀՊՏՀ 2019թ. բյուջեի նախագիծը, որտեղ կրկին նշյալ չարաբաստիկ հանրակացարանի վարձակալությանը նշանակալի հատկացում է արված (65 մլն դրամ): Եվ երբ այս հարցը բարձրացվել է, բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ի պատասխան հիմնավորել է, թե բուհը այդ հանրակացարանը շահագործող ընկերության հետ պայմանագիր ունի: Հայտնի է նաեւ, որ այդ հանրակացարանի կառավարիչը 2013թ.-ից «երջանիկ պատահականությամբ» ՀՊՏՀ նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի որդին է:

Ստացվում է, որ ՀՊՏՀ նախկին ղեկավարությունը նախորդ 6 տարվա ընթացքում համալսարանի բյուջեից ավելի քան 400 միլիոն դրամի ըստ էության «նվիրատվություն» է արել մի մասնավոր ընկերության: Ընդ որում, ՀՊՏՀ բյուջեից վճարված 404 մլն դրամը համարժեք է ավելի քան 800 ուսանողի ուսման տարեկան վարձավճարի ու ենթակա է վերականգնման:

«Առավոտը» թեմայի վերաբերյալ զրուցեց բուհի կառավարման խորհրդի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ, որն էլ, մեր տեղեկություններով, հենց բարձրացրել էր վերը նշված հարցը:

«Հարցն օրակագից դուրս չի եկել, այն ինքս բարձրացրել եմ: 2018թ. բյուջեի կատարողականն էլ ամբողջական չհաստատեցինք, քանի որ դեկտեմբերի 1-ով էր ներկայացված, իսկ տարին չէր փակվել, եւ թեմայի հետ կապված ես հարցադրում ունեմ, որ պետք է ճշտել` ինչ է դա նշանակում: Մասնակի պատասխան եղավ, որ ինչ-որ պայմանագիր կա ինստիտուտի եւ մասնավոր հանրակացարանի միջեւ, որ այդ ամենը պայմանագրի շրջանակներում է, երկրորդ բացատրությունն էլ կար, որ տարվա կեսին ավարտվում է, դրա համար 100 մլն-ի փոխարեն 60 մլն է նախատեսված:

Այնպես որ, ինձ համար հարցն օրակարգում է: Համոզված եմ, որ հաջորդ նիստին քննարկման առարկա կդառնա, եւ մարդիկ կան, որոնք պետք է բացատրություններ տան: Այսինքն, այն, ինչ կատարվել է, եւ բացատրությունները, որ տրվում են, անհասկանալի են, անընդունելի: Նախատեսվել են գումարներ սպասվելիք հյուրերի եւ ուսանողների համար, որպեսզի տեղեր առանձնացվեն, սակայն պարզվել է, որ այդքան մարդ չի էլ մնացել այդտեղ»,- նշեց պարոն Խաչատրյանը:

Հարցրինք` այդ դեպքում ո՞րն է այդտեղ բուհի շահը: «Իմ հարցադրման իմաստը հենց դա է: Խնդիր չկա, եթե բուհը հնարավորություն ունի եւ մասնագետներ է հրավիրում, կամ դրսից ուսանողներ են գալիս, որոնք ապրելու հնարավորություն չունեն, բուհը վարձակալում է, բայց վարձակալելուց զատ` բուհը պետք է այդ մարդկանց հետ պայմանագիր կնքի, այդ մարդիկ պետք է փոխհատուցեն ամբողջությամբ կամ մասնակի; Այսինքն, բուհի շահագրգռությունը, որ փորձում է ուսանողներ եւ մասնագետներ հրավիրել, գրավիչ դառնալ, չի նշանակում, որ այդ ամենը պետք է արվի բուհի միջոցների հաշվին: Տնտեսագիտորեն մեխանիզմը հետեւյալն է` այն մարդը, որ գալիս է սովորելու, ինչ-որ վճարումներ պետք է կատարի, իրեն կարող են ասել, որ վճարումների մեջ մտնում է նաեւ հանրակացարանը, հետո այդ հանրակացարանի գումարից դա հետ է գալիս որպես եկամուտ բյուջեին, այդտեղ փակվում են ծախսերը, պլյուս-մինուս է լինում, հաշվապահական առումով հարցը լուծվում է, եւ բուհը վնաս չի կրում: Բայց ես տեսնում եմ, որ ծախս է արված, որը չի արդարացվել: Աուդիտի թվերը, որ նայում ես, տեսնում ես, որ բուհի եկամուտն անցյալ տարի եղել է 15 մլն, մինչդեռ 100 մլն է տրվել: Այսինքն՝ 58 միլիոն բուհը վնաս է կրել: Ես չեմ հասկանում, թե հանուն ինչի՞, այդ ի՞նչ հանրակացարան է, այդ ի՞նչ արտոնյալ պայմաններ են: Այդ հարցերն են, որ ինձ հետաքրքրում են, եւ ես պետք է բարձրացնեմ խորհրդի նիստին: Մի շարք այլ անորոշություններ էլ կան»,- հավելեց խորհրդի անդամը:
Մեր հարցին` արդյոք աուդիտի կարի՞ք կա տնտեսագիտական համալսարանում, Վահագն Խաչատրյանը պատասխանեց. «Աուդիտն արվել է, եւ արվում է ամեն տարի: Այդ թվերը, որոնց մասին խոսում ենք, բաց դրված են համալսարանի կայքում եւ բոլորի համար հասանելի տվյալներ են: Ուրիշ բան է, որ ամեն մեկը չի կարող առաջին հայացքից տեսնել, թե ինչի մասին է խոսքը, որովհետեւ ձեւակերպումների խնդիր կա: Օրինակ, գրված է ուսումնաարտադրական գործընթացի կազմակերպում, ինչը ոչինչ չի ասում, իմ առաջին տպավորությունն էլ այն էր, որ դա կապված է պրակտիկայի հետ, բայց որ նայում ես ֆինանսական աուդիտը, կոնկրետ տեսնում ես, թե ինչի համար է վճարված: Հիմա ընդհանրապես կարիք կա մեկ անգամ ամբողջական այդ հոդվածներով հերթով անցնելու եւ ուսումնասիրելու: Իմիջիայլոց, գնման գործընթացին էլ վերաբերող հարցեր կան: Օրինակ, տեղեկանում ենք, որ գնվել է ինչ-որ ավտոմատ-թարգմանչական ծրագիր, 15 թե 20 մլն դրամով… Ինձ հետաքրքիր է, դա ի՞նչ թարգմանչական ծրագիր է, որ այդքան թանկ արժի: Նաեւ կարծում եմ, որ խորհրդի ցանկացած անդամի պարտականություններից մեկն այն է, որպեսզի կարողանան գործադիր մարմնին, տվյալ դեպքում համալսարանի ղելավարությունն իրականացնող մարդկանց գործընթացները վերահսկել: Մեր խորհրդի հիմնական պարտականություններից մեկը դա է: Մեկն էլ ֆինանսական ծախսերի վերահսկումն է: Ի վերջո, ի՞նչ ենք անում. բյուջե ենք հաստատում եւ բյուջեի կատարողականը»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Թեմայի վերաբերյալ պատրաստ ենք տպագրել նաեւ այլ կարծիքներ:

«Առավոտ» օրաթերթ, 

2.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728