Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆինանսների կառավարումը ոչ թե պետք է ենթարկվի պաշտոնյաների կոպիտ միջամտությանը, այլ ծառայի բոլորի շահերին

Փետրվար 04,2019 13:00

Վերջին օրերին հանրային քննարկումների լայն առիթ տվեցին հանրային ոլորտի աշխատակիցներին պարգեւատրումները, եւ կարծես հասարակությունը երկփեղկվեց երկու ճակատի: Ազգաբնակչության մի զգալի հատված խիստ դժգոհեց այդ երեւույթից, փաստելով հանրային փողերով «ճոխ պարգեւատրումների» անհամատեղելիությունը երկրում ապրող հարյուր հազարավոր աղքատների ցածր եկամուտներին: Իրենց հերթին պետական պաշտոնյաները սկսեցին արդարանալ, որ պարգեւատրել են կատարված լավ աշխատանքի համար, նույնիսկ իրենք իրենց են պարգեւատրել: Առաջին հայացքից թվում է, որ այստեղ արտասովոր ոչինչ չկա: Կա լավ աշխատանք, կա նաեւ փող, ուրեմն ինչու չպարգեւատրել: Կատարված լավ աշխատանքի մասին խոսելը փոքր-ինչ վիճահարույց եմ համարում, բայց ուզում եմ որպես տնտեսագետ կենտրոնանալ հարցի մյուս կողմին, այն է՝ հանրային ոլորտում որտեղի՞ց լրացուցիչ փող, այն էլ պարգեւատրումների համար: Չէ՞ որ հանրային ֆինանսները գոյանում են հարկատուների հաշվին, որոնք պետք է ուղղվեն հենց այն ծախսերի փոխհատուցմանը, որոնցով մասնավոր սեկտորը բնավ հետաքրքրված չէ:

Ի վերջո, բոլորս հարկ ենք վճարում, որ «մահվան» վերելակներ նորոգվեն, վթարային շենքեր լուծարվեն ու նորացվեն, քարուքանդ ճանապարհներ կառուցվեն, կրթություն ու մշակույթ զարգանա: Եվ ինչ է ստացվում, այդ գումարները զոհաբերում ենք մեր եկամուտներից, որ հետո փոխանցվեն նախարարությունների, գերատեսչությունների, ինքնակառավարման մարմինների աշխատակիցների եկամուտների ավելացումներին եւ դառնան պարգեւատրումնե՞ր: Չեմ կարծում, որ թե՛ բարոյական եւ թե՛ տնտեսագիտական տեսանկյունից նման պարգեւատրումները պետք է արդարացվեն, որ հիմա փորձում են անել մեր պաշտոնյաները: Եթե հանրային ոլորտում ձեւավորվում է «ավելցուկային» փող, որով կարելի է պարգեւատրել, ապա այն տեղի է ունենում երկու դեպքում. կամ կատարվում են նախահաշվային հոդվածների թերակատարումներ, այսինքն՝ տեղի են ունենում նախատեսված հանրային աշխատանքների թերացումներ եւ անարդարացիորեն փող է տնտեսվում, կամ նախահաշվային հոդվածները պարզապես ուռճացվում են, արդյունքում արհեստականորեն ձեւավորելով պարգեւատրումների համար «լրացուցիչ փող»:

Երկու տարբերակն էլ ընդունելի չեն հանրային ոլորտի համար: Ուրեմն, ոչ թե պետք է փորփրել եւ պարզել, թե ովքե՞ր են պարգեւատրվել, եւ ի՞նչ չափի գումարներ ստացել մեր իսկ մուծած հարկերի հաշվին, այլ որպես հարկատուներ հասկանալ, թե ո՞ւր են գնում մեր եկամուտներից պետությանը վճարած գումարները եւ որքանո՞վ են դրանք ծառայում հանրային ծառայությունների որակին: Չեմ կարծում, որ արդարացված է այն իրավիճակը, որ դպրոցում իր չարքաշ աշխատանքը կատարող ուսուցիչը պետք է մի քանի անգամ ցածր վարձատրվի, քան նախարարության աշխատողը, կամ պատգամավորական աթոռին հայտնված անձն ունենա բազմապատիկ ֆինանսական հնարավորություններ եւ արտոնություններ, քան բուհի պրոֆեսորը: Հանրային ոլորտը շատ նուրբ բնագավառ է, եւ այնտեղ ֆինանսների կառավարումը ոչ թե պետք է ենթարկվի պաշտոնյաների կողմից կոպիտ միջամտության, այլ ծառայի բոլորիս շահերին, լինենք թոշակառուներ, մասնավոր ոլորտի, նախարարությունների, թե քաղաքապետարանի աշխատակիցներ: Կարծում եմ՝ հենց սա է պահանջում սիրո եւ համերաշխության հեղափոխության տրամաբանությունը:

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ

տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ, 

2.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728