Լրահոս
Օրվա լրահոսը

Մտորումներ Հայաստանում գիտական թեմաների ընտրության եւ նրանց ֆինանսավորման շուրջ

Փետրվար 04,2019 12:30

Կրթական եւ գիտական բարձր մակարդակը շատ կարեւոր է ցանկացած երկրի զարգացումն ապահովելու համար, սակայն Հայաստանի պարագայում դա շատ ավելի է կարեւորվում` հաշվի առնելով մեր երկրի առջեւ կանգնած մի շարք արտաքին մարտահրավերներ: Ես կցանկանայի խոսել Հայաստանում գիտության հետ կապված մի շարք խնդիրների մասին, որոնք, ըստ իս, շատ կարեւոր են: Ես չեմ խոսի գիտության ֆինանսավորման մասին այն իմաստով, որ դա բավարար չէ, այլ այն մասին, որ նույնիսկ այդ գումարները կարելի է ծախսել շատ ավելի արդյունավետ: Հայաստանը փոքր երկիր է, ներկայումս սահմանափակ ֆինանսական հնարավորություններով, եւ մենք չենք կարող մեզ թույլ տալ այդ գումարները ծախսել գիտական այն ուղղությունների վրա, որոնցից մոտակա ժամանակներում չենք ունենալու որեւէ ակնկալիքներ: Այսինքն, օգտագործելով հայտնի անգլերեն բառակապակցությունը` Հայաստանում գիտությունը պետք է լինի cost effective: Դա փաստացի նշանակում է, որ կարող են լինել գիտության շատ հետաքրքիր ուղղություններ, որոնք շատ ծախսատար են եւ իմաստ չունի դրանք զարգացնել Հայաստանի նման սուղ հնարավորություններով երկրում: Այսինքն՝ ի սկզբանե պետք է հրաժարվել շատ ծախսատար գիտական ծրագրերի իրականացումից: Ավելին, այդ ուղղությունները մենք սկզբունքորեն չենք կարող զարգացնել մեր սուղ հնարավորություններով: Իսկ ներկայումս Հայաստանում գիտությունը զարգանում է հիմնականում նույն սկզբունքներով, ինչպես խորհրդային ժամանակաշրջանում: Խորհրդային տարիներին Հայաստանի գիտությունը խորհրդային գիտության մի մասն էր: Հիմա ունենք այլ իրողություններ եւ անկախ Հայաստանում գիտությունը պետք է կարողանա լուծել այլ խնդիրներ: Անհրաժեշտ է մշակել գիտության այն գերակա ուղղությունները, որոնք անհրաժեշտ են Հայաստանին եւ կզարգանան Հայաստանում, ինչը կնպաստեն տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը: Պետք է նշել, որ այս խնդիրների լուծումը ի սկզբանե դրված էր Գիտությունների ազգային ակադեմիայի ուսերին, քանի որ այս կազմակերպությունը հանդիսանում է պետության խորհրդատուն գիտության զարգացման հարցերում: Ակնհայտ է, որ այս ծրագիրը տապալվել է, եւ նրա կողմից ոչ մի իրական առաջարկ չի ներկայացվել: Իրականում այս կազմակերպության գործունեությունը հիմնականում սահմանափակվում է ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրություններով, ամենամյա տարեկան ժողովներով եւ ակադեմիական ինստիտուտների հաշվետվությունները տպագրելով: Դրա հետ մեկտեղ, ակադեմիան ծախսում է բավականին մեծ գումարներ՝ նախատեսված գիտության զարգացման համար: Ակնհայտ է, որ այդ կառույցը անկարող է լուծել նման խնդիրներ եւ նրա գոյությունը նման ձեւով անթույլատրելի շքեղություն է: Որպես հետեւանք այս ամենի, ներկայումս լաբորատորիաները եւ ինստիտուտները զբաղվում են այն խնդիրներով, որոնք իրենք են համարում հեռանկարային: Հասկանալի է, որ այս դեպքում դժվար է ակնկալել լավ արդյունքներ: Կարծում եմ, որ գիտության գերակա ուղղությունների մշակումը պետք է լինի առաջնահերթ եւ դրան պետք է մասնակցեն համապատասխան նախարարությունները՝ ներկայացնելով այն խնդիրները, որոնք կանգնած են տվյալ բնագավառի առջեւ: Դա անշուշտ կխթանի այն ուղղությունների զարգացումը, որոնք իրականում անհրաժեշտ են երկրին: Հասկանալի է, որ գիտության այդ ուղղությունները կունենան անմիջական կիրառական բնույթ: Այս խնդրի լուծումը դրականորեն կազդի նաեւ բուհական համակարգի վրա եւ պարզ կդառնա, թե իրականում ինչ մասնագետների կարիք կա երկրում:

Բացի դրանից, գիտության ֆինանսավորման բուն համակարգը ունի լուրջ խնդիրներ: Ներկայումս գոյություն ունի ֆինանսավորման հիմնական երեք աղբյուր՝ բազային ֆինանսավորում, որի շրջանակներում ֆինանսավորվում է գիտական հիմնարկը, թեմատիկ կամ գրանտային ֆինանսավորում, որի շրջանակներում ֆինանսավորվում են առանձին լաբորատորիաներ եւ կա անհատական ֆինանսավորում, որի շրջանակներում ֆինանսավորվում են առանձին արդյունավետ գիտնականներ եւ երիտասարդ գիտնականներ: Հասկանալի է, որ բազային ֆինանսական սուղ միջոցների պայմաններում գիտնականները ձգտում են ստանալ թեմատիկ եւ անհատական ֆինանսավորում, եւ այստեղ առաջ են գալիս մի շարք հարցեր: Գիտության պետական կոմիտեն հայտարարում է մրցույթ, որի ընթացքում պետք է ընտրվեն ֆինանսավորման համար լաբորատորիաներ եւ անհատներ: Հասկանալի է, որ գումարները սահմանափակ են, իսկ ֆինանսավորում ստանալ ցանկացողների թիվը մեծ, եւ այս պայմաններում ապահովել մրցույթի օբյեկտիվությունը՝ բավականին դժվար է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը փոքր երկիր է, որտեղ բոլորը իրար գիտեն, մեծ հաջողությամբ աշխատում են քավոր, ծանոթ, բարեկամ, ինչպես նաեւ այլ գործոններ, ինչը տվյալ դեպքում որոշիչ է լինում: Այս պայմաններում մրցույթին մասնակցող անձանց համար պետք է մշակվեն այնպիսի բարձր չափանիշներ, որոնք հնարավորինս կնվազեցնեն վերը նշված գործոնների ազդեցությունը: Ներկայումս այդ չափանիշները շատ ցածր են եւ մրցույթին կարող են մասնակցել անձինք, որոնք ունեն հինգ տարվա մեջ տպագիր 5 հոդված ցանկացած ամսագրում: Այսինքն՝ թեմա ներկայացնելու համար բոլորովին պարտադիր չէ ունենալ միջազգային ամսագրերում տպագրված հոդվածներ: Դա իրականում շատ սխալ մոտեցում է: Գիտությունը իր բնույթով միջազգային է, եւ եթե գիտնականը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով գոնե ժամանակ առ ժամանակ չի տպագրվում միջազգային ամսագրերում, ինչքան էլ դա ցավալի է, նրանից չի կարելի ակնկալել որեւէ հետաքրքիր արդյունք: Եվ որպես հետեւանք մեր դեպքում մրցույթին կարող են մասնակցել փաստացի որակավորում չունեցող անձինք:

Եվ արդյունքում մենք ունենում ենք թեմայի ղեկավարներ, որոնք ընդհանրապես գոյություն չունեն միջազգային ասպարեզում: Եվ այդ օրինակները եզակի չեն: Այդ իմաստով շատ արդիական է խստացնել պահանջները եւ թույլ տալ մրցույթին մասնակցել այն անձանց, որոնք ունեն առնվազն 3 հոդված հինգ տարում՝ միջազգային ճանաչված ամսագրերում: Պետք է նշել, որ ներկայումս աշխարհում սնկի նման աճում են այսպես կոչված՝ open access անորակ ամսագրեր, որտեղ կարելի է համապատասխան գումարի դիմաց տպագրել ցանկացած հոդված: Հասկանալի է, որ այդ ամսագրերի հոդվածները չի կարելի ներառել հաշվարկի մեջ: Կատարելով այս պարզ գործողությունը՝ կարելի է զգալիորեն նվազեցնել անորակ թեմաների մասնակցությունը մրցույթներում: Մյուս կողմից, հարցաթերթիկը, որը լրացնում են փորձագետները, պարունակում է այնպիսի կետեր, որոնց պատասխանը կարող է լինել շատ կամայական կամ վեր լինել փորձագետի մասնագիտական ունակություններից: Այստեղ էլ պահանջվում են լուրջ փոփոխություններ: Արդյունավետ գիտաշխատող դրամաշնորհում նույնպես կիրառվում են այնպիսի չափանիշներ, որոնք փաստացի կապ չունեն գիտական գործունեության հետ եւ արդյունքում ստացվում է գրեթե նույն պատկերը:

Եվ վերջապես՝ կցանկանայի խոսել գիտական արդյունքների առեւտրայնացման մասին: Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանում գիտությունը արդյունավետ չէ, քանի որ ֆինանսավորման դիմաց չի տալիս կիրառական արդյունքներ: Դրա հետ կարելի է համաձայնվել կամ չհամաձայնվել. դա հարցի մի կողմն է: Գիտատար արտադրանքը շատ արժեքավոր է եւ այն կարող է մեծ հավանակությամբ արտահանվել այլ երկրներ, ինչը մեր տիպի երկրների համար շատ կարեւոր է: Այստեղ հարց է առաջանում, թե ինչքանով իրականանալի է այս խնդիրը: Ես ինձ թույլ կտամ խոսել միայն կենսաբանական բնագավառի մասին: Իրականում մենք չենք տիրապետում մի շարք առանցքային տեխնոլոգիաների, որոնք մեզ թույլ կտան արտադրել եւ վաճառել ժամանակակից դեղամիջոցներ, ախտորոշիչ թեստեր եւ մի շարք այլ գիտատար արտադրանք: Հետեւաբար, եթե մենք ցանկանում ենք առաջընթաց ապահովել այս բնագավառում, անհրաժեշտ է ֆինանսավորել այդ տեխնոլոգիաների ներդրումը Հայաստանում, ինչը կտա զգալի հետադարձ էֆեկտ: Կարեւորն այն է, որ այդ տեխնոլոգիաներն աշխարհում հայտնի են արդեն 20-30 տարի եւ նրանք արդյունավետորեն օգտագործվում են մի շարք ընկերություններում՝ տարբեր դեղամիջոցների եւ ախտորոշիչ համակարգերի արտադրություն համար: Եվ մեզ պատիվ չի բերում, որ մենք մինչեւ այժմ չենք ներդրել դրանք: Իհարկե, շատ ցավալի է, որ ժամանակին ունենալով ԽՍՀՄ-ի ֆինանսական հնարավորությունները, մենք դրանք չօգտագործեցինք եւ զգալիորեն հետ ընկանք:
Կարծում եմ՝ դա պետք է անել այսօր:

ՎԱՐԴԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտի

բժշկական կենսատեխնոլոգիայի

լաբորատորիայի վարիչ

«Առավոտ» օրաթերթ, 

2.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728