Տեղեկատվական հոսքը ցավալի լուր բերեց. մահացել է համայն աշխարհի եզդիների հոգեւոր առաջնորդ, Նորին Սուրբ Մեծություն Միրե Միրա Թահսին Բեգը։ Շարունակելով իր նախորդների գործը՝ նա 21-րդ դարի մարտահրավերների պայմաններում պայքարում էր եզդիների ազգապահպանության համար։
Նա երկու անգամ այցելեց Հայաստանում ապրող իր հայրենակցիներին՝ գլխավորելով Արմավիրի մարզի եզդիական սրբատեղիում գտնվող Սըլթանե Էզդիի՝ Հայաստանում առաջին եզդիական տաճարի օծման արարողությունը։ Նա այդ օրերին հանդիպեց Հայաստանի աշխարհիկ եւ հոգեւոր բարձրաստիճան ղեկավարության հետ՝ անընդհատ կրկնելով, որ «Հայաստանը եզդիների երկրորդ հայրենիքն է»։
Երկրորդ անգամ Հայաստան եկավ 2015 թվականի ապրիլին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման օրերին՝ իր բարեկամ ժողովրդի կողքին լինելու առաքելությամբ։ Այդ օրերին տեղի ունեցավ եզդիական երկրորդ՝ Մալակե Տաուսի տաճարի հիմնարկեքը։ Իր ելույթի ժամանակ ասաց. «Կուզենայի օծմանը ներկա լինել…»: Ցավոք, նա չհասցրեց, բայց այն փոխհարաբերությունները, որ ստեղծեց նա իր այցելության ժամանակ, իր շարունակությունը կունենա հայ եւ եզդի ժողովուրդների միջեւ բարեկամությունը եւ եղբայրությունը ամրապնդելու գործում։
Նրա այցելությունների ժամանակ այնպես է ստացվել, որ մի քանի անգամ առիթներ եմ ունեցել հարցազրույցներ ունենալու եւ բնականաբար նաեւ շփումներ ունենալու նրա հետ։ Չնայած պատկառելի տարիքին ու հիվանդություններին՝ նա ոչինչ զգացնել չէր տալիս, պատրաստակամ էր տեսագրությունների ժամանակ, մեր հարցերին սիրով եւ հանգամանորեն էր պատասխանում։ Մի անգամ կարծես ոչ ոք չէր խանգարում, նաեւ հարցազրույց վարողը, իսկ Թահսին Բեգը ցանկանում էր անընդհատ արտահայտվել։ Նրա խոսքը կարծես պատմական ակնարկ էր, թե ինչպես անցած դարասկզբին ցեղասպանության վտանգ ունեցող եզդիները իրենց ընտանիքներում ապաստան տվեցին 6000 հայերի։ «Հիշում եմ. ես հինգ-վեց տարեկան էի, դեռ մեր տանը հայ ընտանիքներ էին ապրում….Ասում են, որ մեր հոգեւոր հայրերը հայ փախստականների առջեւ Սուրբ Լաըշի տաճարների դռներն էին բացել ու ապաստան էին տվել մեր հայ եղբայրներին ու քույրերին։ Պատահական չէ նաեւ, որ մեր հոգեւոր կենտրոնի շուրջը մինչեւ այսօր էլ հայկական գյուղեր կան։ Այնտեղ ապրող հայերի հետ շատ ջերմ է մեր բարեկամությունը», – պատմում էր Եզդիների հոգեւոր առաջնորդը։
Նա սիրով էր պատմում իր հայաստանյան առաջին տպավորությունների մասին՝ ընդգծելով, որ նա տեսավ այն ամենը, ինչ սպասում էր եւ դեռ մի բան էլ ավելի. իսկական, ջերմ ու մարդկային բարեկամություն երկու ժողովուրդների միջեւ։ Նա ասում էր՝ շատ ուրախ է ու երջանիկ, որ այստեղ ապրող եզդիները Հայաստանը իրենց հայրենիքն են համարում, նվիրված են այս հողին։ «Ես ավելի քան վստահ եմ, որ մեր բարեկամությունը եւ եղբայրությունը գալիս է դարերի խորքից եւ պետք է գնա դեպի հավերժություն։ Հայաստանը, ինչպես միշտ, եղել է եւ պետք է եզդիների կողքին լինի եւ աջակից լինի, որ մենք կարողանանք պահպանել մեր ազգային ինքնությունը»,- շարունակում էր հոգեւոր առաջնորդը։
Ինչպես ասացինք, 2015-ի ապրիլի 24-ին եզդիների հոգեւոր առաջնորդը Երեւանում էր՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հարգելու նպատակով։ Տեղաշարժվելու դժվարություններ ունեցող Թահսին Բեգը հրաժարվեց որեւէ օգնությունից, իր հայրենակիցների հետ քայլեց դեպի հուշահամալիր՝ իջավ անմար կրակի մոտ՝ իր ձեռքի ծաղիկները խոնարհեց.., այնուհետեւ սիրով պատասխանեց լրագրողների բազմաթիվ հարցերին։ Հիշում եմ նրա խոսքերը. «Եթե Հայոց ցեղասպանությունը ամբողջ աշխարհն ընդունած լիներ, չէր լինի եւ եզդիների նոր՝ 2014թ. օգոստոսի Շանգալի ցեղասպանությունը։ Ուրեմն որպեսզի աշխարհում այլեւս ցեղասպանություններ չլինեն, պետք է ճանաչել Հայոց ցեղասպանությունը.։ Այն, ինչ պատկանել է հայերին, պետք է վերադարձնել նրան»։
Հարցազրույցներից հետո ուղղվեց դեպի թանգարան, դանդաղ ու երկար քայլեց սրահներով՝ բարձրաձայնելով. «Մենք հայ ժողովրդի հետ ենք եւ դատապարտում ենք Հայոց ցեղասպանությունը»։ Երբ դուրս եկանք թանգարանից, ասաց, որ հուզված եւ տպավորված է, կուզենար կրկին Հայաստան գալ, քանի որ զորեղ է հայի ոգին, այն օգնում է ապրել ու պայքարել։ «Կուզենայի նաեւ Ակնալճի եզդիական սրբատեղիում 2 օր առաջ հիմնադրված Տաուսե Մալակի տաճարի օծումը կատարել», – հրաժեշտի ժամանակ ասաց Նորին Սուրբ մեծություն Միրե Միրա Թահսին Բեգը։
Օրեր հետո նա իր հավերժական հանգիստը կգտնի Եզդիական սրբատեղիում՝ Սուրբ Լալըշում։ Հայաստանում նրան ճանաչած մարդիկ սիրով պիտի հիշեն իր ազգին նվիրյալ մարդ-անհատականությանը, ով ճանաչեց ու սիրեց Հայաստանը, ավելի ու ավելի բարձր գնահատեց հայ ժողովրդին՝ նաեւ պատգամ թողնելով հայ ժողովրդին՝ միշտ իր կողքին պահել բարեկամ եզդի ժողովրդին։
Հավերժական հանգիստ, հայ ժողովրդի մեծ բարեկամ։
ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆ
«Լոռվա ձոր» հայրենակցական
միության նախագահ,
բանասիրական գիտությունների
դոկտոր, պրոֆեսոր
«Առավոտ» օրաթերթ,
2.02.2019