ՀՀ քաղաքաշինության կոմիտեում կայացել է աշխատանքային խորհրդակցություն՝ սեյսմակայուն շինարարության ոլորտի առաջատար մասնագետների, գիտական և նախագծային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկվել են Կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակներում, Քաղաքաշինության կոմիտեի «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակում» ծրագրով ընթացիկ տարում նախատեսված շինարարական նորմերի մշակման շարունակական աշխատանքներին առնչվող խնդիրներ:
Մասնագետներն անդրադարձել են նաև ԱՊՀ երկրների սեյսմակայուն շինարարության բնագավառում բազային կազմակերպություն ստեղծելու հարցին, որը պահանջում է լրացուցիչ քննարկում՝ Կոմիտեի և սեյսմակայուն շինարարության մասնագետների ներգրավմամբ:
Քննարկվել է նաև ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող սեյսմակայուն շինարարության նորմերի վերանայման աշխատանքների ընթացքը, ներկայացվել են առաջարկներ:
Խորհրդակցության օրակարգում ընդգրկված են եղել նաև «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» բաց բաժնետիրական ընկերությունը որպես քաղաքաշինական ծրագրերի գիտահետազոտական և փորձարարական կենտրոն վերակազմավորելու, կենտրոնի լաբորատոր փորձարարական բազայի վերազինման ու տեխնիկական հագեցվածության ապահովման խնդիրներ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ